Վասիլի Կոլտաշով. «Ռուսաստանը շահագրգռւած չէ տարածաշրջանում Թուրքիայի հզօրացմամբ»
«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքագէտ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի յայտարարութիւններն, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի անհրաժեշտութեան մասին։
«Ռուսաստանը շահագրգռւած չէ տարածաշրջանում Թուրքիայի հզօրացմամբ: Աւելին, դա նշանակում է երկարաժամկէտ պատերազմ։ Ինչ վերաբերում է Թուրքիայի եւ Իրանի հակասութիւններին, ապա դրանք հին հակասութիւններ են։
Հետեւաբար, Ռուսաստանի համար սկզբունքօրէն կարեւոր է, որ Թուրքիան այստեղ օգուտներ ստանայ հիմնականում որպէս ապրանքներ ուղարկող եւ ստացող, բայց ոչ որպէս գործընթացի երաշխաւոր, խաղացող կամ մասնակից: Առաւել եւս, որ Հայաստանին չի գոհացնի Թուրքիայի ոչ մի ներկայութիւն այս հարցում, եւ դա միայն յղի կը լինի հետագայում սրացմամբ։
Հետաքրքիրն այն է, որ եթէ նման նախագիծ իրականացւի, ապա այն կը լինի Ռուսաստանի, միգուցէ նաեւ Իրանի երաշխիքով, եթէ միջանցքի մի մասը իրանական տարածքով է։
Ամէն դէպքում, Ռուսաստանը տարածաշրջանում ունի 3 շահ: Առաջինը ռազմական հակամարտութիւնից խուսափելն է։ Երկրորդը՝ առեւտրի զարգացումն ապահովելն է։ Եւ երրորդ կէտը տարածաշրջանում անգլո-սաքսոնների եւ ընդհանուր առմամբ Արեւմուտքի ազդեցութիւնը վերացնելն է, որպէսզի նրանք այստեղ չլինեն»,- ասել է Կոլտաշովը։
Ըստ նրա՝ Թուրքիան անվստահելի գործընկեր է, որի հետ շատ դժւարութիւններ կան, ինչպէս եւ Ադրբեջանի հետ։
«Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են աստիճանաբար թուլացնել Ռուսաստանի եւ Իրանի ազդեցութիւնը տարածաշրջանում։ Իսկ Թուրքիան միշտ կը կարողանայ իր դիրքերը վաճառել Արեւմուտքին։ Միշտ:
Այսինքն՝ Թուրքիան, չնայած այն հանգամանքին, որ այնպիսի պետութիւն է, որտեղ Էրդողանն ինքն է որոշումներ կայացնում, ինքնավար են Արեւմուտքի հետ կապւած, ունեն իրենց քաղաքականութիւնը, բայց Էրդողանը սակարկութեան քաղաքական գործիչ է, շուկայի քաղաքական գործիչ։ Այսինքն՝ այսօր դուք գնելու էք Էրդողանից, վաղը ինքը ձեզ կը վաճառի։ Եւ այդ իմաստով, իհարկէ, Ռուսաստանի համար Թուրքիան շատ բարդ գործընկեր է։ Դէ, հետեւաբար, Ադրբեջանը նոյնպէս բարդ գործընկեր է»,- եզրափակել է փորձագէտը։