Գեղամ Մանուկեան. «Նիկոլ Փաշինեանի կողմից ամբողջ պետական համակարգը թրաֆիկինգի է ենթարկւում»
«ԱԼԻՔ» – «Իրականում իր ողջ կառավարման ընթացքում Նիկոլ Փաշինեանը որոշումներ կայացնում է միայնակ, կամ իր նեղ ընտանեկան շրջանակներում, փակ դռների յետեւում՝ առանց բաaցատրելու Հայաստանի քաղաքացուն»: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանական շրջանակում վերջին աղմկայարոյց պաշտօնանկութիւններին:
«Իրականում ամենավատն այն է, որ Հայաստանում դադարել է պետական համակարգ լինել, չկայ պետական կառավարման տրամադրութիւն եւ Նիկոլ Փաշինեանի կողմից ամբողջ պետական համակարգը թրաֆիկինգի է ենթարկւում: Ոչ մէկ դրանից ապահովագրւած չէ, մէկն ուրախանում է, որ ասում են՝ գնայ թմրանիւթի թեստ յանձնի, միւսին ասում է մանդատները վայր դնել եւ պրոբլեմն այն է, որ մարդիկ դրա դէմ ձայն չեն հանում: Նիկոլ Փաշինեանը իր հարցազրոյցում ասաց, որ մէկ sms-ով պրոբկի նման թռել են պաշտօնեաները, նրանք 0 են եւ դա բոլորին է վերաբերում: Սա նշանակում է, որ մեր պետական համակարգը փլուզւած է»,- ասել է նա:
Մանուկեանի խօսքով՝ կառավարումը SMS-ը չի, որով տեղի ունեցան պաշտօնանկութիւնները, այլ կարեւորը հարցերին խորամուխ լինելն է. «Մի յայտնի յայտարարութիւն կայ, դէ ես ինչ իմանայի, որ բրոնիժիլետ բանակում չկար, երբ որ ասում է զեկոյց է գնացել նիւթատեխնիկական ապահովման մասին, ասում է, հօ 100 էջ չէի նստի կարդալ: Անկախ նրանից անձերին ոնց ենք վերաբերում, բայց հարցերն ամբողջութեամբ տիրապետելն ու խորամուխ լինելն է: Սէյրան Օհանեանը պատմում է, որ երբ պաշտպանութեան նախարար էր եւ նախագահների մօտ գնում էր զեկոյցի ամենշաբաթեայ 2-3 օր պատրաստւում էր, քանի որ ժամերով կարող էին հարցեր տալ»: