Վարդան Բալեան. «Ադրբեջանը 2020-ի համեմատութեամբ ամէն տարի աւելացրել է պաշտպանութեան բիւջետային ծախսերը»
«ԱԼԻՔ» – Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրէին ՀՀ արտաքին հետախուզութեան ծառայութեան հրապարակած զեկոյցին, համաձայն որի՝ 2025 թւականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի հաւանականութիւնը ցածր է:
«Ադրբեջանը, 2020 թւականի պատերազմական տարւայ համեմատութեամբ, յաջորդող բոլոր տարիներին ամէն տարի աւելացրել է պաշտպանութեան եւ ազգային անվտանգութեան բիւջետային ծախսերը: Եթէ 2020 թւականին դրանք կազմում էին բիւջէի 14.3, 2022 թ.-ին՝ 15.03, 2023 թ.-ին՝ 16, 2024 թ.-ին՝ 17.5, ապա 2025 թւականի Ադրբեջանի պետական բիւջէում այդ ծախսերը հասել են 20.3 տոկոսի:
Յատկանշական է, որ նախորդող տարիներին ռազմական ծախսերը տեսակարար կշիռով բիւջետային ծախսային յօդւածներից մեծութեամբ երկրորդն էին, իսկ ընթացիկ տարում ամենամեծն են այլեւս:
Այս եւ բազմապիսի այսօրինակ գործօնները հաշւի առնելով, ամենայն հաւանականութեամբ, Հայաստանի արտաքին հետախուզութեան ծառայութիւնը պատերազմի հաւանականութիւնը ցածր է գնահատում՝ իր զեկոյցի հրապարակման պահին թերեւս: Տպաւորութիւն է ձեւաւորւում, որ նորաստեղծ հետազօտական կառոյցի զեկոյցի հիմնական ու գլխաւոր ասելիքը յանգում է նրան, որ Փաշինեանի իշխանութեան կողմից հռչակւած Խաղաղութեան խաչմերուկ հայեցակարգը ոգեւորութիւն է առաջացրել տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական բոլոր խաղացողների մօտ:
Կարող ենք հանգիստ լինել ու շնորհակալ Աստծուն, որ մեր պետութեան ղեկավարը «հանճար» է, «քաղաքական մտքի գիգանտ»»,- գրել է վերլուծաբանը: