Վարդան Օսկանեան. «Փաշինեանը կարող էր լուծել Արցախի հարցը խաղաղ ճանապարհով, եթէ բանակցութիւնները շարունակեր»

Ես լսեցի Սիւնիքում Նիկոլ Փաշինեանի ունեցած ելոյթը Արցախի վերաբերեալ, որտեղ ասում էր, որ Արցախը երբեք հայկական չի եղել, ուղղակի ահաւոր մտքեր էր արտայայտում, մտածում ես՝ ինչքան մարդ կարող է ինքն իրեն նւաստացնել սեփական ժողովրդի առաջ՝ յանուն աթոռի։ Այս մասին յայտարարել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանեանը։
«Ես տարիներ շարունակ ղեկավարել եմ այդ բանակցութիւնները։ Այդ ժամանակահատւածում, գիտեմ, որ յետոյ էլ է շարունակւել, Ադրբեջանը երբեք յաւակնութիւն չի ունեցել ինչ-որ վերահսկողութիւն սահմանել Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ, նրանք ընդունել են, որ դա հայկական տարածք է, Մինսկի խմբի համանախագահների ներկայութեամբ բազմիցս դա ասւել է Ադրբեջանի ղեկավարութեան կողմից։ Նրանք ընդունել են, որ ԼՂ-ն եղել է հայկական, այդ թւում՝ Շուշին, իրենք խնդիր են ունեցել միայն այդ փաստը դէ իւրէ հաստատելու հարցում, որովհետեւ պնդել են, որ խնդիր կունենան Սահմանադրութեան հետ։
Փաշինեանը կարող էր հարցը լուծել խաղաղ ճանապարհով, պահել ԼՂ փաստացի քաղաքական միաւոր լինելու հանգամանքը, եթէ շարունակէր բանակցութիւնները։ Նիկոլ Փաշինեանը միակ ղեկավարն էր իսկապէս, որ ունէր այդ հնարաւորութիւնը, բայց այդ բոլորը ինքը փոշիացրեց նախկինների նկատմամբ ունեցած ատելութեամբ։ Նա չկարողացաւ ճիշտ կողմնորոշւել, սխալներ գործեց մէկ միւսի յետեւից, եւ մենք ունեցանք այն, ինչ ունենք։ Նա 5000 զոհերով, 10000 վիրաւորներով Արցախը յանձնեց ուղղակի Ադրբեջանին, եւ այսօր այն ելոյթները, որ Փաշինեանը ունենում է, դրանով ոչ թէ ինքը փորձում է համոզել իր աջակիցներին, այլ փորձում է համոզել ինքն իրեն, որովհետեւ նա գիտակցում է, թէ ինչպիսի վնաս է պատճառել հայ ժողովրդին, նա գիտակցում է, թէ ինչպիսի մեղք է գործել հայ ժողովրդի հանդէպ»։



