Վարդան Օսկանեան. «Քաղաքական դիակը ո՞նց կարող է օրակարգ թելադրել»

«ԱԼԻՔ» – «Վերջերս քննարկւող հարցերից մէկը այն է, որ Փաշինեանը օրակարգ է թելադրում, բոլոր ելոյթ ունեցողները ընդդիմութիւնից լինի, թէ ընդհանրապէս հակաիշխանական ճամբարից, ցաւով յայտնում են, որ Փաշինեանը թելադրում է օրակարգ»: Այս մասին ֆէյսբուքեան ուղիղ եթերում նշել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանեանը։
«Հարց՝ քաղաքական դիակը ո՞նց կարող է օրակարգ թելադրել։ Եկէք փոխենք այս մօտեցումը, ինչի՞ ենք Փաշինեանին այդքան արժէք տալիս, իսկապէս Փաշինեանն այսօր ի վիճակի չէ օրակարգ թելադրել։ Ինչպէս կարող է մի մարդ, որն ընդամէնը սոցիալական հարցումներում 10-ից լաւագոյն դէպքում 15 տոկոս հեղինակութիւն ունի, մի մարդ, ով մեր ժողովրդի գլխին պատերազմ է բերել, պարտւել, հազարաւոր զոհեր է տւել, ՀՀ-ից տարածքներ է յանձնել, երկիրը ծանր վիճակի մէջ է դրել, տնտեսութիւնը քայքայւած վիճակի մէջ է դրել, ներսում բաժանումներ են, իշխանութիւնները թաթախւած են բոլոր տեսակի չարաշահումների մէջ հէնց բիւջէից, եւ այդ բոլորի ղեկավարը ո՞նց կարող է օրակարագ թելադրի։ Ցանկացած հարց, որը Փաշինեանը բարձրացնում է, այդ հարցը, որը մենք խորանանք, կը նկատենք, որ Փաշինեանն ընդամէնը իրեն թելադրած օրակարգը հակադրում է, ինքը պաշտպանւում է: Նա այսօր ՀՀ-ի ամենախոցելի անձն է, նա խնդիր ունի իր իշխանութիւնը պահելու»,- ասել է Օսկանեանը:
Օսկանեանը շեշտել է, որ Փաշինեանը ոչ թէ օրակարգ է թելադրում, այլ դա պաշտպանութիւն է: Եւ նա պարզապէս ընտրել է «յարձակումը լաւագոյն պաշտպանութիւնն է» մեթոդիկան։
Նա որպէս օրինակ բերել է Եկեղեցու դէմ ոտնձգութիւնները. «Օրակարգն այնտեղ թելադրել է Հայոց հայրապետը՝ իր ելոյթով, Ղարաբաղի հարցում օրակարգ է թելադրում Արցախի խորհրադարանի կողմից ստեղծւած յանձնաժողովը, օրակարգ է թելադրում ՀՀ քաղաքացին՝ փողոցում տւած իր հարցազրոյցով, երբ հակադրւում է Փաշինեանին, ամէն մի քաղաքական ուժ, որը քննադատում է Փաշինեանին:
Այսօր դուք էք օրակարգ թելադրում, Փաշինեանը չի կարող օրակարգ թելադրել, փոխէք այս մօտեցումը։ Եթէ ուզում ենք իսկապէս պայքարենք ու շուտ յաղթենք, մեր մօտեցումը պէտք է փոխենք։ Փաշինեանին դրէք իր իսկական տեղը, նա ընդամէնը իր անգործութիւնով պաշտպանւում է»,-ասել է Օսկանեանը։