Սքոթ Ռիթէր. «ԱՄՆ-ն Հայաստանին կը մղի Ռուսաստանի հետ առճակատման, իսկ յետոյ մի կողմ կը քաշւի»

«ԱԼԻՔ» – Ամերիկացի յայտնի ռազմական փորձագէտ Սքոթ Ռիթէրը Alpha News-ի հետ զրոյցում ռեզոնանսային գնահատականներ է տւել միջազգային անվտանգութեան հեռանկարների եւ ժամանակակից հակամարտութիւններում ԱՄՆ-ի եւ Եւրոպայի դերի մասին:
Զրոյցի գլխաւոր թեման Ռուսաստանի եւ եւրոպական երկրների միջեւ ուղիղ պատերազմի հաւանականութիւնն էր։ Սակայն, ըստ փորձագէտի՝ նման հեռանկարը զրոյական է։
«Իմ կարծիքով՝ պատերազմի հաւանականութիւնը զրօ տոկոս է, քանի որ Եւրոպան պարզապէս չունի Ռուսաստանի դէմ պատերազմ սկսելու կարողութիւն»,- նշել է Ռիթէրը։
Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի բանակները չունեն բաւարար ռեսուրսներ լայնածաւալ հակամարտութեան համար:
«Բրիտանական բանակն անեկդոտ է։ Այն կարելի է տեղաւորել ֆուտբոլային մարզադաշտում, եւ կը մնայ երեսուն հազար ազատ տեղ»,- յաւելել է փորձագէտը։
Ռիտէրը յատուկ ուշադրութիւն է դարձրել միջուկային գործօնին։
«Ոչ մի խելամիտ ղեկավար երբեք չի ցանկանայ միջուկային պատերազմ։ Բայց Եւրոպան ձեւացնում է, թէ հնարաւորութիւն ունի ուղիղ նայել Ռուսաստանի աչքերին»,- նշել է նա։
Նրա խօսքով՝ Լեհաստանի եւ Բալկանների վրայ «միջուկային հովանոցի» ընդլայնման մասին Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի յայտարարութիւններն ուժի տեսանելիութեան դրսեւորում են միայն:
Հարցազրոյցում հնչել են նաեւ Հարաւային Կովկասի վերաբերեալ գնահատականներ։
«Նախ Հայաստանը պէտք է հասկանայ՝ Ամերիկան ձեր ընկերը չէ։ Մենք կօգտագործենք ձեզ սեփական նպատակներին հասնելու համար, ինչպէս օգտագործել ենք վրացիներին եւ ուկրաինացիներին»,- ընդգծել է փորձագէտը։
Նրա կարծիքով՝ Երեւանի կողմնորոշումը դէպի Վաշինգտոն կարող է յանգեցնել ինքնասպանութեան նման հակամարտութեան Ռուսաստանի հետ։
«Ամերիկան Հայաստանին կը մղի առճակատման, իսկ երբ Ռուսաստանը պատասխանի, ուղղակի մի կողմ կը քաշւի եւ կը հետեւի, թէ ինչպէս են ձեզ ոչնչացնում»,- ընդգծել է Ռիթէրը:



