ՄիջազգայինՔաղաքական

Իրանցի փորձագէտի վերլուծականը տարածաշրջանային նոր հաւասարումների վերաբերեալ. «Ի՞նչ կարող է տալ Թուրքիային տարածաշրջանային հաւասարումներում դերակատարութեան բարձրացումը»

«ԱԼԻՔ» – 2002 թւականից ի վեր, մասնաւորապէս 2011 թւականից յետոյ, Թուրքիայի արտաքին քաղաքականութիւնը հիմնականում գնացել է նէոօսմանիզմի, պանթուրքիզմի եւ Թուրքիակենտրոն իսլամի մոդելների ուղղութիւններով։

 Եւրասիայի եւ միջազգային իրաւունքի աւագ փորձագէտ դոկտ. Ահմադ Քազեմին իր պաշտօնական կայքում այս մասին նշել է, որ այս մօտեցումը յիշեցնում է Իւսոֆ Աքչուրայի «Երեք քաղաքականութիւն» գրքում Օսմանեան կայսրութեան վերջին շրջանում առաջ քաշւած սկզբունքները, որոնք շեշտը դնում էին երեք ուղղութիւններից մէկի (օսմանիզմ, իսլամիզմ կամ թուրքիզմ) ընտրութեան վրայ։

Դոկտ. Ահմադ Քազեմի-Սակայն գործնականում այսօր Թուրքիան շարժւում է այս երեք քաղաքականութիւնների սինթէզով, ինչով նւազեցրել է իր իսլամիստական բովանդակութիւնը եւ աւելացրել ազգային բնոյթի քարոզչութիւնը: Արդարութիւն եւ զարգացում կուսակցութիւնը այս համակցւած քաղաքականութիւնը վարել է այնպէս, որ ոչ միայն չի հակասում ԱՄՆ-ի, Անգլիայի եւ սիոնիստական ​​ռեժիմի գլխաւորած անգլօսաքսոնական ճակատի նպատակներին, այլեւ համապատասխանում է այդ ծրագրերի հետ:

Հետեւաբար, իսլամական աշխարհը ականատես է լինում այնպիսի վարքագծերի, որոնք ցոյց են տալիս, որ թուրք պաշտօնեաների խօսքերի ու գործողութիւնների միջեւ կայ անջրպետ։ Մի կողմից, թուրք պաշտօնեաները ներկայանում են որպէս պաղեստինեան դատի պաշտպան՝ Նեթանիահուին համեմատելով Հիտլերի հետ եւ յիշատակելով Գազայում պաղեստինցիների ցեղասպանութեան վերաբերեալ ողբերգութիւնն ու աղօթքը, բայց գործնականում նրանք պատրաստ չեն որեւէ գործողութիւն ձեռնարկել սիոնիստական ​​ռեժիմին ճնշելու համար՝ կարգախօսներից ու շոուներից բացի։

Ընդհակառակը, նրանք ամենակարեւոր դերն են խաղում Բաքու-Թբիլիսի-Ջէյհան խողովակաշարի միջոցով սիոնիստական ​​ռեժիմին անհրաժեշտ էներգիան ապահովելու գործում՝ Եմէնի եւ «Դիմադրութեան առանցք»-ի գործողութիւններին ի պատասխան սիոնիստական ​​ռեժիմի համար տարանցիկ եւ հաղորդակցական հնարաւորութիւններ ստեղծելով, Իսրայէլ ուղարկելով սնունդ, պողպատ, վառելիք, ջուր եւ վարձկաններ։

Թուրքիան, ՆԱՏՕ-ի եւ անգլօսաքսոնական ճակատի համար առաջատար դեր խաղալով, յատկապէս Երկրորդ Ղարաբաղեան պատերազմի նախագծից յետոյ, ձգտում է ստեղծել այսպէս կոչւած թուրքական աշխարհ՝ Թուրքական պետութիւնների կազմակերպութիւն՝ ՆԱՏՕ-ի քողի տակ, եւ հետապնդում է Հայաստանի հարաւից միջտարածքային միջանցք (ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցք) իրականացնելու գաղափարը։

Անկարայի աջակցութիւնը «Միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման Թրամփի ուղի»-ին (TRIPP) դրա փաստն է։ Ինչպէս վկայում են 2023 թւականի հոկտեմբերի 7-ին յաջորդած շրջանի զարգացումները, ենթադրեալ այդ «թուրքական աշխարհ»-ը, որի համար իրանա-շիական ինքնութիւնը Ադրբեջանում ամենամեծ խոչընդոտն է, համարւում է սիոնիստական ​​ռեժիմի ամենակարեւոր աջակիցը, ինչպէս նաեւ լոգիստիկ յենակէտն ու տարանցիկ ուղին: Փաստն այն է, որ այս պլանի հիմքում ընկած են անգլիական պանթուրանիզմի երկուհարիւրամեայ նախագիծը, որի հեղինակները հրեայ տեսաբաններ էին, յանձինս Արթուր Լամլի՝ Դէյւիդի, Լէօ Քահունի, եւ Արմինիւս Վամբրիի:

Ահա թէ ինչու է լռում Անկարան, որը Ադրբեջանի Հանրապետութիւնում Իլհամ Ալիեւի հովանաւորութեան ներքոյ իշխանութեան բազմաթիւ շերտաւորումներ է կառավարում, ՄԱԿ-ի դահլիճում Բաքւի ներկայացուցիչների մինչեւ Նեթանիահուի ելոյթի աւարտը մնալու պնդումների դիմաց: Թուրքիայում Բաքւի արարքի վերաբերեալ արձագանքները սահմանափակւեցին որոշ լրատւամիջոցների դիրքորոշմամբ միայն։ Կամ թէ ինչու է Էրդողանը, որը սովորաբար շաբաթւայ ամէն օր խօսում է Գազայի երեխաների յիշատակին, հրաժարւում ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ յիշատակել 66,000 պաղեստինցի զոհերի մասին, այն դէպքում, երբ Թրամփը յիշատակում է 38 իսրայէլցի պատանդների մարմինների մասին։

Սիոնիստական ​​ռեժիմի եւ Անգլիայի ու Ամերիկայի գլխաւորած անգլօսաքսոնական ճակատի ակտիւացման հետ մէկտեղ, որոնք վերաձեւաւորում են «Արեւմտեան Ասիան» (Մերձաւոր Արեւելքը) նոր Սայքս-Պիկոյի տեսքով (պատերազմների,սպանութիւնների եւ բաժանման գործիքներով (1916 թւականի Սայքս-Պիկոյի օրինակով), ինչպէս նաեւ Եւրասիայում Ռուսաստանի հետ քայքայիչ դիմակայութեան սրման հետ մէկտեղ, բազմաթիւ ենթադրութիւնների առիթ են տալիս այս գործընթացում Թուրքիայի դիրքի ու դերի մասին։

Թուրքիան միակ իսլամական երկիրն է, որը ՆԱՏՕ-ի անդամ է (1952 թւականի փետրւարի 18-ից) եւ վերջին տասնամեակներում արտաքին քաղաքականութեան մէջ բազմաթիւ կողմնորոշումներ է ունեցել՝ սկսած Եւրամիութեանը լիիրաւ անդամակցութեան յայտ ներկայացնելուց (1987 թւականին Եւրոպական համայնք եւ 1999 թւականին՝ որպէս Եւրամիութեանը անդամակցելու թեկնածու) մինչեւ արեւելք ուղղւած քաղաքականութիւն (2012 թւականին Շանհայի համագործակցութեան կազմակերպութեանը անդամակցութեան յայտ ներկայացնելը), իսկ ներսում՝ ազգայնականութիւն, իսլամիզմ, եւ ռասիսմի ու իսլամիզմի սինթէզ։

Սիրիական պատերազմի եւ ԻԼԻՊ-ի թաքֆիրական ահաբեկչութեան գործունէութեան ընթացքում Թուրքիայի արտաքին քաղաքականութեան կողմնորոշումների հանկարծակի փոփոխութիւնները, մասնաւորապէս՝ Սաուդեան Արաբիայի, Իրանի, Ռուսաստանի եւ այլ երկրների նկատմամբ, ամրապնդեցին այն տեսակէտը, որ Անկարան չունի կայուն եւ յուսալի արտաքին քաղաքականութիւն։ Այդ ժամանակ Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեանը մօտ կանգնած որոշ շրջանակներ փորձում էին այս հարցը Թուրքիայի մօտեցմամբ ներկայացնել՝ համագործակցել բոլոր ազդեցիկ գործիչների հետ եւ խուսափել ուժային բլոկից կամ կոալիցիայից կախւածութիւն ունենալ: Սակայն իրականութիւնն այն է, որ Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեան կառավարման ընթացքում Թուրքիայի արտաքին քաղաքականութեան հիմքը կառուցւել է այնպիսի նպատակների վրայ, որոնք ոչ միայն չեն փոխւել, այլեւ ամրապնդւել են վերջին երկու տասնամեակների ընթացքում։

Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Միացեալ Նահանգներ (2025 թւականի սեպտեմբերի 25-ին) եւ 6 տարի անց Դոնալդ Թրամփի ու ԱՄՆ պաշտօնեաների հետ մի քանի հանդիպումները ցոյց տւեցին, որ անգլօսաքսոնական ճակատը նոր առաքելութիւններ ունի Անկարայի եւ Թրամփի խօսքերով՝ «Թուրքիայում, Եւրոպայում եւ առհասարակ աշխարհում յարգւած եւ ուժեղ այս մարդու» համար։

ԱՄՆ-ի կողմից Թուրքիայից ստացւած հիմնական խնդրանքը Ռուսաստանից բնական գազի ներմուծումը կրճատելն ու, ի վերջոյ, դադարեցնելն է՝ Մոսկւայի նկատմամբ էներգետիկ պատժամիջոցները արդիւնաւէտ դարձնելու համար։

Նախկինում Թուրքիան, Երկրորդ Ղարաբաղեան պատերազմից յետոյ շարունակելով ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանին Հարաւային Կովկասից լիովին վտարելու ծրագիրը, եւ բրիտանական կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի նկրտումների հետ համատեղ, որի յօրինւած անւանումը մնում էր Սպիտակ տան 2025 թւականի օգոստոսի 18-ի համաձայնագրերում քողարկւած, ի ցոյց դրեց Ռուսաստանին էներգետիկ եւ տարանցիկ հաւասարումներից դուրս մղելու մտադրութիւնը։

Այժմ Անկարայի նոր առաքելութիւնը Մոսկւայի գազը համաշխարհային շուկաներ հանելու գործընթացի խափանումն է եւ Ռուսաստանի շրջափակումը Սեւ ծովում ուժեղացնելն է՝ Դարդանելի ու Բոսֆորի միջազգային ջրանցքներում 1936 թւականի Մոնտրէոյի կոնւենցիայի (նեղուցների կարգավիճակի մասին) իրականացման քողի ներքոյ։ Անկարայի քայլի պարգեւը կը լինի Թուրքիայի կարեւոր դերը իսրայէլական Լեւիաթան գազը Թուրքիայի միջոցով համաշխարհային շուկաներ տեղափոխելը՝ Գազայի պատերազմից յետոյ, յատկապէս այն պատճառով, որ նրա հովանաւորեալը (Բաքուն) արդէն խոշոր ներդրումներ է կատարել այդ գազային հանքավայրում, ինչպէս նաեւ Իսրայէլի այլ էներգետիկ հանքավայրերում ձեռք բերելով «Թամար»-ի գազային հանքավայրի 10 տոկոսը։

Հաւանաբար այս պատճառով էր, որ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դաւուդօղլուն, Էրդողանի եւ Թրամփի հանդիպումից յետոյ, անդրադառնալով նէօիմպերիալիստական ​​համակարգ ստեղծելու Ամերիկայի ջանքերին, ընդգծել է. «Ես խորապէս մտահոգւած եմ մարդկութեան համար, ինչպէս նաեւ իմ երկրի զբաղեցրած դիրքի ու դերակատարութեան մասով՝ այս նոր հաւասարումների հարցում։ Թրամփի արհամարհական կեցւածքը համաշխարհային առաջնորդների նկատմամբ յիշեցնում է Հիտլերի եւ Մուսոլինիի յարաբերութիւնը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ»։

Թւում է, թէ Դաւուդօղլուն չի բարձրաձայնել թուրքական շրջանակների մտահոգութիւնների մեծ մասը, որը վերաբերում է Թուրքիայի ներգրաււածութեանը Արեւմուտքի կողմից Մերձաւոր Արեւելքը բաժանելու ծրագրերին՝ «Մեծ Իսրայէլի» գաղափարին համապատասխան։

Անկարայում ԱՄՆ դեսպանի եւ Թրամփի Սիրիայի հարցերով յատուկ ներկայացուցչի պաշտօնն զբաղեցնող Թոմ Բարաքի պէս անհատներ, ովքեր կարծում են, որ Մերձաւոր Արեւելքում ոչ թէ անկախ երկրներ են, այլ՝ գիւղերի եւ ցեղախմբերի ամբողջութիւն, նոյնպէս Թուրքիային ու օսմանցիներին դիտարկում են ոչ թէ որպէս պատմական երկիր, այլ որպէս զաւթիչ կողմ, որոնք 1453 թւականին Կոստանդնուպոլսի եւ Արեւելեան Հռոմէական կայսրութեան փլուզման պատճառն էին:  

Հետեւաբար, Անկարայի դերը անգլօսաքսոնական ճակատի համար ճանապարհ հարթելու գործում չի խանգարի Արեւմուտքի թշնամական ծրագրերի իրականացմանը նոյն Թուրքիայի դէմ, այլ, ընդհակառակը, կարող է արագացնել այն:

Related Articles

Back to top button