Մշակութային

ԵՂԵԳԱՆ ՓՈՂ

…Բայց ո՜րքան, որքան մեծ բան է, եթէ գրողը կարողանայ ճանապարհորդել, ուսումնասիրել իր ժողովուրդն, ուսումնասիրել նրա աւանդութիւնները, լեզուն, ադաթները: Սաստիկ զգում եմ այս կարիքը ամէն անգամ, երբ լինում եմ ժողովրդի մէջ – ծո՛վ է, ծո՛վ:

Աշխարքում եթէ մի քանի լաւ բաներ կան, մէկն անշուշտ ճանապարհորդութիւնն է: Ճանապարհորդելով մարդու եւ աչքն է բացւում եւ սիրտը: Իզուր չեն ասել, թէ շատ կարդացողը չի իմանալ, շատ ման եկողը կիմանայ: Մանաւանդ գրողի համար…

…Մի ժողովուրդ, որ ուզում է գրականութիւն ունենայ, պէտք է իսկական գրողներ ունենայ, գրականութեանը նւիրւած մարդիկ ունենայ ու նրանց կարողանայ պահել իրենց գործի վրայ:

Մեզնից ոմանք կարծում են, թէ գրողների գրւածքները տպագրելով ու վաճառելով, տարածելով կարելի է էդ նպատակին հասնել:

Սխալւում են:

Դա ցաւին կօգնի միայն մասամբ: Եւ աւելի շատ կը նպաստի շատ գրելու գործին, բայց գրականութիւնը քանակով չի գրականութիւն, այլ որակով, եւ գրողը նրանով չի նշանաւոր, թէ ինչքան է գրում, այլ թէ ինչ բան է գրում: Լաւագոյն գրողներից շատերի գրական գործերը, եթէ հաւաքէք թէկուզ իր գործունէութեան վերջին շրջանում եւ տպագրէք ու վաճառէք, դարձեալ նրանց համար ապրուստ չեն դառնալ, մանաւանդ փոքրիկ ժողովուրդների մէջ՝ էն գրական գործերը, որ ապագայում շատերի համար են ապրուստ դառնալու եւ իրենց ազգերի համար էլ հոգեւորական կեանք ու հարստութիւն:

Եւ իմաստուն ու հասուն ազգերը, իրենց ունեցած տաղանդների վրայ ինչքան էլ առատ-առատ ծախսեն, լաւ են իմանում, որ, այսուամենայնիւ, շատ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում:

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ

Related Articles

Back to top button