ԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՓՈԹՈՐԿՈՏ ԾՈՎՈՒՄ ՆԱՒԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՀԱՍՏԱՏՈՒՆ Է ՊԷՏՔ ՊԱՀԵԼ ԿԱՅՄԸ

(Մշակոյթի օրւայ առիթով)

Հայոց մշակոյթը հազարամեակների փորձութեան, օտար տիրացողների հալածանքների եւ պատմական կորուստների յորձանուտի միջով անցած կենսական առանցք է, որը ոչ միայն ձեւաւորել է մեր ազգային ինքնութիւնը եւ նկարագիրը, այլեւ հոգեմտաւոր դիմադրողականութիւնը, համախմբումը եւ ապագայի տեսլականը: Մշակոյթը եղել եւ մնում է որպէս մեր հոգեմտաւոր, արժէքային եւ պատմական աշխարհայեացքի կերտողն ու ձեւաւորողը, որի վրայ կառուցւել է մեր ազգային ինքնութիւնն ու նկարագիրը:

Այսօր, սակայն, մեր մշակոյթը կանգանած է աննախադէպ մարտահրաւէրի առջեւ, երբ մեզ ասպատկած արտաքին եւ ներքին զաւթող-նւաճողները բոլոր զաւթիչ նւաճողների պէս, թիրախաւորելով մեր մշակոյթի կենսական բաղադրիչների կրողներին՝ ձգտում են ոչնչացնել մեր ազգային-հոգեւոր ինքնութիւնն ու նկարագիրը, որպէսզի կարողանան մեզ տարրալուծել իրենց կողմից պարտադրւող կեղծ պատմագրութեան եւ օտարոտի շնչառութեան մէջ:

Այսպէս կոչւած «Իրական Հայաստան» օտարածին տեսութեան շրջանակում, ոչ միայն ձեւախեղւում է Հայոց հայրենիքի հասկացութիւնը՝ նրա տարածքը սահմանափակելով ներկայիս սահմաններով, այլեւ փորձ է արւում շերտ առ շերտ քայքայել մեր պատմական եւ հոգեմտաւոր ինքնութիւնն ու նկարագիրը:

Մեր պատմական հաւաքական յիշողութիւնը խամրեցւում է, ազգային հոգեկառուցւածքն ու արժէքային համակարգը եւ դրանց կրողներն ու սիմւոլները նսեմացւում են: Արցախը եւ Արեւմտեան Հայաստանը՝ հայ ժողովրդի պատմական հայրենիքի անքակտելի մասերը, որոնք հազարամեակներ շարունակ եղել են մեր մշակոյթի ու հաւատքի բնօրրանները եւ գոյութեան ապաւէնները ճանաչւում են որպէս թշնամուն պատկանող տարածք: Հայութեան հոգեւոր միասնութեան եւ վերածննդի խորհրդանիշը՝ Արարատը թիրախաւորւում է՝ աղաւաղելով նրա ազգային բացառիկ նշանակութիւնը: Հայ Առաքելական Եկեղեցին, որը դարեր շարունակ եղել է մեր հոգեւոր եւ բարոյական կեանքի կրողն ու ազգային միասնականութեան պահապանը յայտնւում է անհանդուրժողականութեան ու քաղաքական շահարկումների թիրախում:

Ուշադիր եւ սթափ նայելով Հայաստանում այսօր տիրող հակազգային եւ հակաարժէքային իրավիճակին, կարելի է միանշանակօրէն եզրակացնել, որ կեղծ գաղափարների եւ արժէքների տարածման, միտքը եւ ընկալումը բթացնող բազմաբնոյթ կաշառում-հրապուրամիջոցների, ազգադաւ դրամավասալների տղմոտ գործողութիւնների շնորհիւ մեր վերջնական ինքնակործանման ճեպընթացը գծերի վրայ է եւ սլանում է առաջ: Ցաւով է պէտք արձանագրել, որ դրսից եւ ներսից՝ քաղաքական անվերջանալի եւ նենգ հետապնդումներով, բարբարոսներին յատուկ ասպատակումներով, բզկտելով հայի հայրենի հողը, խեղելով նրա էութիւնն ու նկարագիրն անում են ամէն ինչ, կանգ չեն առնում ոչ մի միջոցի առջեւ՝ ջանալով մշուշել ու բթացնել մեր ազգի միտքը եւ ոգին, որպէսզի մենք ոտքի չկանգնենք, որպէսզի չյաղթահարենք պարտութեան պարտադրած հոգեբարոյական ընկճախտն ու վախը եւ դուրս չգանք համազգային անտրաբերութեան քարանձաւից այն գիտակցութեամբ, որ մեզ անհրաժեշտ է կառչել արմատներից, վերաիմաստաւորել մեր հոգեմտաւոր եւ արժէքային համակարգն ու պայքարել, որպէսզի ոչ թէ պարտադրեն ու թելադրեն մեզ, այլ՝ հաշւի նստեն մեր կարծիքի եւ պահանջների հետ:

Իրականանում է ասես մեր դարաւոր ոսոխի վաղնջական երազանք-ծրագիրը: Իսկ այս համատեքստում, աւելի զարհուրելի է մտածել, որ այդ ծրագիրը համահայկական բնոյթ է կրում, որովհետեւ դեռ ոչ վաղ անցեալում Սփիւռքի մեր գաղթօջախները, որոնք ընդգծւած հայաշունչ, ազգային-գաղափարական բերդաքաղաքներ էին նոյնպէս յայտնւել են թիրախում եւ կարող են ախտահարւել այս հայակործան օրակարգի ուռուցքներով:

Վիճակն անխօս օրհասական է: Թւում է, թէ իրադարձութիւնների խելայեղ ընթացքը կասեցնելու, իրավիճակում բեկում մտցնելու հնարաւորութիւններ չկան: Մեր դէմ յառնած մարտահրաւէրի յաղթահարումն անհնար է, վեր մեր ուժերից: Բայց եկէք չմոռանանք, որ մեր ազգի գոյութեան հազարամեակների ընթացքում, պատմութեան նման, յաճախ առաւել անյաղթահարելի թւացող յորձանուտները յաղթահարելով է մեզ յաջողւել նաւարկել ու հասնել մինչ մեր օրերը՝ մեր ազգային, հոգեմտաւոր եւ բարոյաարժէքային էութեան ու նկարագրի եւ դրա ամբողջական մարմնաւորողը հանդիսացող հայոց հզօր մշակոյթի ծեր, բայց անխորտակ նաւին ապաւինելով, որի հաստատուն կայմն այսօր, ինչ խօսք, ենթակայ է թշնամու հարւածներին: Այդ կայմն է, որ պէտք է հաստատուն պահենք, եթէ, իհարկէ, պատմութեան երկայնքով նաւարկելու եւ փոթորիկները յաղթահարելու արիութիւնը եւ կամքը դեռեւս կենդանի է մեր մէջ:

Related Articles

Back to top button