Հասնել իշխանափոխութեան՝ երկիրը փրկելու համար
«Դրօշակ»-ի հարցազրոյցը «Սրբազան շարժման» ղեկավարութեան ներկայացուցիչ Գառնիկ Դանիէլեանի հետ
«Դրօշակ» – Յարգելի՛ Գառնիկ, «Սրբազան պայքարի» շարժումը ամռան ամիսներին դադարեցրեց զանգւածային միջոցառումները, սակայն այլ ձեւաչափերով շարունակեց գործունէութիւնը: Որպէս շարժման առաջնորդներից մէկը, այս ընթացքում դուք գտնւել էք այդ գործունէութեան առանցքում: Գրեթէ ամէն օր լրատւամիջոցները ներկայացրել են Բագրատ Սրբազանի գլխաւորութեամբ շարժման ներկայացուցիչների հանդիպումները հանրապետութեան բնակավայրերում: Իւրաքանչիւր շաբաթւայ ընթացքում նաեւ կազմակերպւում էին հաւաքներ Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում: Երբ շարժման այս փուլը եւս մօտենում է իր լրումին, խնդրում եմ ներկայացրէք Ձեր տպաւորութիւնը՝ ի՞նչ տեսաք, ի՞նչ եզրակացութիւններ կատարեցիք:
Գառնիկ Դ. – Սկսենք նրանից, որ յունիսի 12-ին տեղի ունեցած ոստիկանական վայրագութիւններից յետոյ ակնյայտ դարձաւ, որ նոր իրականութեան առջեւ ենք կանգնած, եւ Բագրատ Սրբազանն անհրաժեշտ համարեց շարժմանը հաղորդել ինստիտուցիոնալ բնոյթ: Որոշւեց շարժման կորիզներ ձեւաւորել քաղաքներում ու գիւղերում, սկիզբ առան քննարկումները ոլորտային խմբերի հետ՝ տնտեսագէտներ, բժիշկներ, իրաւաբաններ, դասախօսներ եւ այլն: Ամառւայ ընթացքում թւարկւած եւ այլ խմբերի հետ ակտիւ աշխատել ենք, ինչպէս նշեցի, ունեցել ենք հանդիպումներ մարզերում, քաղաքներում, գիւղերում, Երեւանի բակերում: Ամառային ճամբարներում հանդիպել ենք աւելի քան 3.000 երիտասարդների հետ: Ճամբարների մի մասը կազմակերպւել է շարժման կողմից, մի մասը եղել են Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ճամբարները, իսկ միւս մասն էլ այլ ճամբարներ են եղել, որոնցից հանդիպման հրաւէրներ էինք ստացել: Ուսանողներին եւ առհասարակ երիտասարդներին ներկայացրել ենք շարժման խնդիրներն ու նպատակները, բացատրել վերջինիս կարեւորութիւնը, դրանում երիտասարդութեան առանցքային դերը, լսել ենք երիտասարդներին, հարցեր ենք քննարկել նրանց հետ: Դեռ շարժման Երեւան հասնելու օրերից զգացել էինք, որ վերջինիս նկատմամբ երիտասարդութիւնը մեծ հետաքրքրութիւն է դրսեւորում: Ճիշտ է, իշխանութիւնները փորձեցին ճնշում գործադրել, բիրտ ուժ կիրառեցին, սպառնացին հեռացնել համալսարաններից եւ այլն, բայց մեծ թւով երիտասարդներ դարձան շարժման ակտիւ մասնակիցը, եւ մենք տեսնում ենք, որ այս բանակն աւելի է մեծանում: Շատ կարեւոր են Սուրբ Աննա եկեղեցու բակում կազմակերպւող պարբերական հանդիպումները, որոնք տեղեկատւութեան փոխանակման, կատարւած գործերի վերաբերեալ իւրատեսակ հաշւետւութեան հնարաւորութիւն են, ինչպէս եւ անհատ քաղաքացիների հետ անմիջականօրէն շփւելու առիթ: Շատերը անդամագրւել են շարժմանը, ներգրաււել են տարբեր ոլորտային խմբերում, շատերն առաջարկել են իրենց մասնագիտական աջակցութիւնը: Միւս կողմից, այս ձեւաչափը հնարաւորութիւն է ընձեռում, որպէսզի մարդիկ իրենց կարծիքը փոխանցեն, առաջարկներ ներկայացնեն շարժման առաջիկայ անելիքների վերաբերեալ:
Ի դէպ, աւելացնեմ, որ մենք դիմել էինք Մարզահամերգային համալիրի ղեկավարութեանը՝ ցանկանալով դահլիճ վարձակալել, որպէսզի սեպտեմբերեան իրադարձութիւններից առաջ շարժման ակտիւի բազմահազարանոց հաւաք տեղի ունենար, սակայն Համալիրի ղեկավարութիւնը դահլիճ չտրամադրեց: Սա էլ ասում եմ փաստելու համար, որ իշխանութիւնները լրջօրէն վախեցած են շարժումից եւ փորձում են ամէն տեսակի խոչընդոտներ յարուցել նրա առջեւ:
«Դրօշակ» – Մեր կարծիքով թէեւ Սրբազան շարժումը դնում է իշխանափոխութեան պահանջ, սակայն նրա նպատակը ոչ թէ իշխանափոխութիւնն է, այլ այն աղէտի կասեցումը, որը երկիրը գլորում է դէպի անդունդ: Լինելով սահմանային գօտու բնակիչ, ինչպէս նաեւ այս ընթացքում մշտապէս լինելով վտանգւած գօտիներում, ունենալով տւեալ տարածքների հետ ամենօրեայ կապ, ի՞նչ է ձեր պատկերացումը, ազգային շարժման շարունակումը որքանո՞վ է արդարացւած եւ պահանջւած:
Գառնիկ Դ. – Գաղտնիք չէ, որ այս շարժումը սկսւել է ապօրինի սահմանազատման-սահմանագծման դէմ: Իշխանութիւնները հերթական անգամ խաբեցին ժողովրդին ասելով, թէ սահմանագծման գործընթաց է, եւ հէնց որ սահման ունենանք Ադրբեջանի հետ, բոլոր խնդիրները վերանալու են, եւ ապրելու ենք խաղաղ ու հանգիստ: Իրականում սա միակողմանի զիջում է՝ Ադրբեջանի պահանջների ամբողջական կատարման պայմանով: Հայաստանն այս գործընթացի հետեւանքով չստացաւ ոչինչ, իսկ Ադրբեջանն ամբողջութեամբ լուծեց այն խնդիրները, որոնք այդ ժամանակահատւածում դրել էր իր առջեւ: Իրականում տեղի ունեցածը սահմանագծում-սահմանազատում չէր: Հայաստանի ներկայացրած պահանջը, որպէսզի չորս գիւղերի յանձնման դիմաց մեր 31 բնակավայրերը անցնէին Հայաստանի իշխանութիւնների վերահսկողութեան տակ, մերժւեց: Ջէյհուն Բայրամովի գրասենեակը հայկական կողմի նամակին պատասխանեց, թէ ոչ մի պահանջ չի կարող լինել, այնպէս որ մոռացէք այդ գիւղերի մասին: Ասւածի ապացոյցներից մէկն էլ այն է, որ Կիրանցը յանձնելուց յետոյ ջրամբարի միւս կողմում գտնւող Բերքաբեր գիւղի 900 հեկտար հայկական հողից Հայաստանը ոչ մի միլիմետր յետ չստացաւ:
Աւելացնեմ, որ սահմանազատման ողջ գործընթացն ապօրինի է, որովհետեւ ցայսօր այդ գործընթացի իրականացման կարգը Ազգային ժողովը չի հաստատել: Ասում էին, թէ յունիսի 1-ին այդ կարգը պէտք է հաստատւի, բայց ոչ կարգն է հաստատւել, ոչ սահմանազատում ու սահմանագծում է իրականացւել: Այնպէս որ, տեղի ունեցած ողջ գործընթացն ապօրինի է: Կրկնում եմ, տեղի է ունենում միակողմանի զիջում, որի հետեւանքով Ադրբեջանը ստանում է ռազմավարական նշանակութեան դիրքեր, ստանում ջրային ակունքների նկատմամբ վերահսկողութիւն, Տաւուշի պաշտպանւած առաջնագիծը յանձնւել է Ադրբեջանին, եւ թշնամին յայտնւել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի եզրին՝ դրանից բխող բոլոր աղէտալի հետեւանքներով հանդերձ:
«Դրօշակ» – Այսինքն՝ ոչ մի նշան չկայ, թէ թշնամին պատրաստ է հրաժարւելու բուն Հայաստանից գրաւած տարածքից:
Գառնիկ Դ. – Այս ամէնը զուգորդւում է նրա հետ, որ Հայաստանից 300 քառակուսի կիլոմետր օկուպացւած է թշնամու կողմից, եւ ոչ մի խօսք չկայ այդ օկուպացիայի մասին: Ես հարց եմ տւել Արարատ Միրզոյեանին՝ ո՞ր քարտէզներով են առաջնորդւում, եւ պատասխան եմ ստացել, թէ այն քարտէզներով, որոնց հետ Ադրբեջանը կը համաձայնւի: Այսինքն՝ մենք ընդամէնը Ադրբեջանի կամքը կատարողներն ենք, եւ այս ամէնի կուլմինացիան եղաւ այն, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտօնեաներն արդէն բացայայտօրէն ասում են, թէ ոնց որ գնացիք ձեր ժողովրդին համոզեցիք, որ, եթէ այդ տարածքները չտաք, պատերազմ է լինելու, գնացէք նոյն կերպ համոզէք, որ եթէ Սահմանադրութեան ու Հռչակագրի հետ կապւած պահանջները չբաւարարէք, դարձեալ պատերազմ է լինելու: Այսինքն՝ իրենք գտել են ձեւը, ինչպէս պէտք է հայկական կողմին թելադրեն իրենց պահանջները: Հայկական կողմն էլ, ի դէմս վարչապետի եւ արտգործնախարարի, յայտարարում են, որ, եթէ չզիջենք, պատերազմ է լինելու:
Ադրբեջանը ոգեւորւում է դրանից եւ ամէն անգամ առաջ է քաշում նոր պահանջներ՝ ադրբեջանցիների վերադարձի հարց, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց յետոյ փոխհատուցման հարց, քանի որ այս դէպքում Հայաստանը դառնում է ագրեսոր: Եւ էլի նմանատիպ հարցեր, որոնք կը հանգեցնեն Հայաստանի չգոյութեանը: Սրանով ուզում եմ ասել, որ այս խնդիրը մեզ համար գոյաբանական նշանակութիւն ունի, այդ պատճառով էլ «Սրբազան պայքարի» վերափոխւած «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժումը եւ նրա առաջ քաշած պահանջներն ինքնանպատակ չեն, այս երկիրը կանգնած է մեծ աղէտի եզրին, եւ այս ընթացքը իշխանութիւնները ի վիճակի չեն կասեցնել:
Պատահական չէ, որ ադրբեջանական եւ թուրքական կողմերն իշխանութիւններին աջակցող յայտարարութիւններ են հնչեցնում՝ ամէն անգամ երբ Հայաստանում ազգային շարժում է սկսւում: Սա այս իշխանութիւններին աջակցելու ադրբեջանաթուրքական իշխանութիւնների յստակ որոշման հետեւանք է: Ուրեմն եւ շատ կարեւոր է, հայ ժողովուրդը հասկանայ, որ գործ ունի կոլաբորացիոնիստական իշխանութեան օկուպացիոն ռեժիմի հետ: Մի ռեժիմ, որն ամէն ինչ անում է, որպէսզի Հայաստանը կորցնի ինքնիշխանութիւնը, դառնայ կառավարւող, օտարի առջեւ սպասարկող՝ աշխատող ժողովրդով:
Այդ նպատակով գրոհ է սկսւել բոլոր ուղղութիւններով՝ կրթութիւն, գիտութիւն, ազգային մշակոյթ: Իրականացւում է տոտալ քարոզչութիւն ազգային գաղափարախօսութեան, ազգային ինքնութեան եւ արժէքների դէմ: Գիտենք՝ ինչ է ասւել Արարատ լեռան հետ կապւած, արշաւը եկեղեցու դէմ, Լեմկինի ինստիտուտը քննադատեց Հայաստանի իշխանութեան կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ժխտելու փաստը: Եթէ լինէր այսպիսի մէկ դրւագ, կարող էինք մտածել, թէ անփութութեան կամ տգիտութեան հետեւանք է, սակայն այս ամէնը վկայում է այն մասին, որ իրականացւում է յստակօրէն ուղղորդւած եւ ծրագրւած քաղաքականութիւն: Ինչպէս վերը յիշեցինք, հայութեան հարցերը ցանկանում են լուծել արմատապէս՝ ներառելով Հռչակագրի ու Սահմանադրութեան փոփոխութեան նպատակը: Հետեւաբար, շատ կարեւոր է հայ ժողովրդի ողջ ներուժի համախմբումն այս իշխանութեանը վռնդելու համար: Մէկ ուժը կամ մէկ անձն ի վիճակի չի այս մեծ խնդիրը լուծելու, եւ ուրեմն համախմբմանը, ուժերի մէկտեղմանը այլընտրանք չկայ: Շարժումը Տաւուշից սկսելով, մեր խնդիրն է եղել վերջինիս օրակարգը դարձնել համահայաստանեան եւ ապա՝ համահայկական:
Իշխանութեան նպատակն է անել ամէն ինչ աթոռները պահելու համար՝ այս պահին իրենք միայն այս խնդիրն են լուծում՝ գոհացնել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին, որոնք սպառնում են իրենց իշխանութեանը եւ ամուր կառչած մնալ աթոռներին: Իրենք լաւ հասկանում են, որ աթոռները կորցնելուց յետոյ կանգնելու են պատասխանատւութեան առջեւ՝ Արցախը յանձնելու, բազմաթիւ ապօրինութիւններ կատարելու համար: Այնպէս որ, շատ կարեւոր է այս շարժման շարունակումը, նրա սահմանների ընդլայնումը՝ ի հաշիւ ժողովրդի նորանոր զանգւածների: Համոզւած եմ, որ առաջիկայ ամիսներին մեր երկրում եւ նրա շուրջ շատ կարեւոր իրադարձութիւններ են տեղի ունենալու, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է այդ ամէնին պատրաստ լինել, որպէսզի կարողանանք մեր ծրագրերն ու նպատակներն իրականացնել:
«Դրօշակ» – Ցանկանում էինք հարցազրոյցի վերջում անդրադառնալ սփիւռքի թեմային, սակայն ազգային համախմբման եւ միասնականութեան մասին խօսելիս դուք արդէն ակնարկեցիք այս մասին: Ո՞րն է Ձեր կարծիքը, Սփիւռքն ասելիք եւ անելիք ունի՞ հայրենիքում ծաւալւող գործընթացների վերաբերեալ:
Գառնիկ Դ. – Շատ կարեւոր է, որ արտերկրի մեր հայրենակիցները ոչ միայն ուշի-ուշով հետեւեն հայրենիքում տեղի ունեցողին, այլեւ մասնակցեն դրան:
Ի դէպ, թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարութեան մէջ է մտնում Սփիւռքը Հայաստանից կտրելը: Այս թեմայով բազմաթիւ յայտարարութիւններ են եղել, սկսած ցեղասպանութեան ճանաչման հարցից: Այս հարցը նրանք փորձել են այնպէս ներկայացնել, թէ իբր ցեղասպանութեան խնդիրը սփիւռքի մի փոքր հատւածի, այսպէս ասած, քմահաճոյքն է, եւ այս ձեւով նոյնպէս փորձ է արւել սեպ խրել հայրենիք-սփիւռք յարաբերութիւնների մէջ: Այս իշխանութեան գործունէութեան խայտառակ երեսներից մէկն էլ այն է, որ Զարեհ Սինանեան թիւրիմացութեան միջոցով փորձ է արւում պառակտել Սփիւռքը: Սրան հակառակ, անհրաժեշտ է, որ Սփիւռքը եւ նրա կառոյցները մասնակցեն Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, աշխատանքներ իրականացնեն զուգահեռաբար, փոխանցեն մեզ իրենց պատկերացումներն ու տեսակէտները: Մեր կապը պէտք է ամուր լինի, սփիւռքի ներուժը պէտք է ծառայի հայրենիքի խնդիրների յաղթահարման, մեր պետականութեան հզօրացման գործին:
Ազգի եւ պետութեան շահերով առաջնորդւող ուժը չի կարող մեր կենսական հիմնահարցերի լուծման համար շահագրգռւած չլինի ներգրաւելու Սփիւռքի հզօր ներուժը: Ակնյայտ է, որ Հայաստանի իշխանութիւնը նպատակ ունի պառակտելու հայութեանը եւ ոչ միայն նրա հայրենիք-սփիւռք հատւածներին: Այսօր նոյնը նա անում է անգամ Հայաստանի ներսում: Ապիկար իշխանութիւնն այսօր ուղղորդւած քարոզչութիւն է տանում արցախցի մեր քոյր-եղբայրների դէմ՝ փորձելով թոյլ չտալ արցախցիների ինտեգրումը: Յարուցւում են նրանց դէմ իրաւական, սոցիալական դժւարութիւններ ու խոչընդոտներ: Բացայայտ ու բիրտ մեթոդներով փորձ է արւում կանխարգելել բռնագաղթեցւած մեր հայրենակիցների պայքարը կորցրած բնօրրան վերադառնալու իրաւունքի համար: Որպէս պատգամաւոր, շփւելով այլ երկրների դիւանագէտների, միջազգային կառոյցների նրկայացուցիչների հետ, ես լսում եմ նրանցից, թէ այդ հարցերով, նախեւառաջ, պէտք է զբաղւեն Ձեր երկրի պաշտօնական ներկայացուցիչները: Որքան էլ որ արտառոց է, օտարները զբաղւում են մեր հիմնհարցերով, երբ հայրենի անկախ պետութեան ղեկավարներն ամէն ինչ անում են հրաժարւելու վիժեցնելու համար յանուն մեր իրաւունքների իրականացւող օրինական պայքարը: Այս պայմաններում զարգանում է այն միտումը, որ արցախցի տասնեակ հազարաւոր մեր հայրենակիցներ լքում են Հայաստանը՝ փորձելով բնակութիւն հաստատել օտար երկրներում: Սա մեզ համար աղէտ է, մենք ամէն ինչ պէտք է անենք արցախցիներին Հայաստանի Հանրապետութիւնում պահելու համար, զուգահեռաբար աշխատանքներ տանենք ապահովելու անվտանգութեան երաշխիքներով նրանց յետվերադարձի իրաւունքը:
«Դրօշակ» – Աշնան շեմին ենք, ի՞նչ է սպասւում, Սրբազան շարժումը նախապէս էլ յայտարարել է, որ պայքարը պէտք է թեւակոխի մի նոր փուլ:
Գառնիկ Դ. – Իհարկէ այդ ուղղութեամբ բաւականին նախապատրաստական աշխատանք է կատարւել, կարող եմ նշել, որ քաղաքական ուժերի եւ կուսակցութիւնների միջեւ գոյացել է համագործակցութեան, համատեղ քննարկելու, որոշելու եւ գործելու հնարաւորութիւն: Կան իրական նախադրեալներ այս աշնանը յաջողութիւնների հասնելու համար, այդ նախադրեալներից ձեւաւորւել են հենց կատարւած աշխատանքի շնորհիւ: Ի՞նչ կը լինի առաջիկայում, ցոյց կը տայ ժամանակը, յամենայնդէպս, մենք վճռական ենք տրամադրւած: Օր առաջ այս իշխանութիւններին վռնդելը պէտք է լինի մեր ամենօրեայ հետեւողական աշխատանքի նպատակը: Հէնց այնպէս սրանք չեն հեռանայ, որովհետեւ մտածելու շատ բան ունեն: Միաժամանակ իշխանութեան մաս կազմող այն անձիք, ովքեր քրէօրէն պատժելի արարքներ չեն կատարել, «Սրբազան պայքարի» հռչակած հաշտութեան նպատակից կարող են օգտւել: Ի վերջոյ, նրանք պէտք է հասկանան, որ մենք բոլորս մէկ նաւի մէջ ենք, իսկ իշխանափոխութիւնը վաղ թէ ուշ անխուսափելիօրէն տեղի է ունենալու: Իհարկէ, իշխանութեան մէջ կան նման սթափ մտածող, ինչու չէ, նաեւ հայրենիքի հեռանկարով մտահոգ մարդիկ: Այս մասին հասկանում է նաեւ իշխանական վերնախաւը եւ սեւ ու սպիտակի, մենքի ու նրանքի բաժանարարներ գծելով փորձում է այլընտրանքներ չթողնել նման մարդկանց համար, կանգնեցնել նրանց Նիկոլի անդունդ տանող փակուղու առջեւ: Նիկոլ Փաշինեանը դրդում է այս մարդկանց կիսել իր յանցաւոր գործունէութեան համար պատասխանատւութիւնը, փորձում է ներշնչել, թէ իշխանափոխութիւնից յետոյ ինչ պատասխանատւութիւն կրելու է ինքը՝ նոյնին արժանանալու են թիմակիցները: Այնուամենայնիւ, մենք պէտք է նկատի ունենանք, որ մարդիկ տարբեր են, եւ սեւ ու սպիտակի բաժանարարներ գծելը խոհեմ չէ լուրջ մարտահրաւէրների առջեւ կանգնած մեզ նման փոքրաքանակ ժողովրդի համար:
«Դրօշակ» – Ձեր խօսքի մէջ նշեցիք, որ վաղ թէ ուշ իշխանափոխութիւնը տեղի է ունենալու եւ սա քմահաճոյք չէ, այլ բխում է երկիրը, հայ ժողովրդին, մեր պետականութիւնը փրկելու անհրաժեշտութիւնից: Գուցէ վաղ է այս մասին խօսելը, միւս կողմից, որպէսզի ժողովրդի մեծամասնութիւնը հաւատայ ու գործնականօրէն միանայ շարժմանը, նաեւ պէտք է իմանայ, թէ ինչ է լինելու իշխանափոխութիւնից յետոյ:
Գառնիկ Դ. – Իհարկէ, շատ կարեւոր է այն, ինչ դուք ասում էք: Նախ ուզում եմ արձանագրել, որ այն, ինչ տեղի է ունենում, մենք բնութագրել ենք ազգային ազատագրական պայքար: Ազգային ուժերը պայքարի են դուրս եկել ապազգային ուժերի դէմ: Մենք ինչ ենք ասում. ասում ենք, որ երկիրը պէտք է ղեկավարեն արհեստավարժ մարդիկ, որոնք ունեն համապատասխան փորձառութիւն ու հմտութիւն, մինչ այս իրականացրած գործունէութեամբ չեն արատաւորել իրենց անունը: Ես այս հարցազրոյցի ընթացքում նշեցի, որ մենք ամէն ինչ պէտք է անենք ազգային ներուժն առաւելագոյնս համախմբելու, ճգնաժամի յաղթահարման ու երկրի զարգացման գործին ծառայեցնելու համար: Մեր ուշադրութեան կենտրոնում պէտք է լինեն Արցախն ու արցախցիները, ինչպէս նաեւ արտաքին ոլորտը: Պէտք է փաստել պարտւողական իշխանութեան այն թէզի սնանկութիւնը, թէ մենք չունենք բարեկամներ եւ դաշնակիցներ: Այսօր էլ կան այն ուժերը, որոնք պատրաստ են մեզ հետ դրական երկխօսութեան: Բնականաբար, նրանք ելնում են առաջին հերթին իրենց շահերից, բայց նրանց հետ մեր շահերը համադրելով պէտք է կարողանանք փոխշահաւէտ լուծումներ գտնել: Ոչ թէ լինել աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմ, այլ դառնալ բազմավեկտոր խաչմերուկ, կանխատեսելի քաղաքականութիւն վարել, մեր շահի հնարաւոր առաւելագոյնի հաշւարկմամբ համադրել մեր եւ այլ պետութիւնների եւ ուժերի շահերը: Այդ առումով այսօր կան բազմաթիւ հնարաւորութիւններ, որոնցից խելամիտ օգտւելու դէպքում կկարողանանք հասնել մեր նպատակներին:
Շատ կարեւոր է նաեւ սոցիալական արդարութեան հարցը, երբ հասարակութեան կեանքում կը գերիշխի արդարութիւնը, հնարաւորութիւնների, պարտականութիւնների ու իրաւունքների հաւասարութիւնը եւ մարդկանց իրաւունքների պաշտպանութեան սկզբունքը: Այս սկզբունքները, ի դէպ, կարեւոր են հէնց դաշնակցականներիս համար, որովհետեւ որպէս սոցիալիստական կուսակցութեան անդամներ դրանք մեր գաղափարական հիմնասիւներն են: Այսօրւայ կառավարողները եկան իշխանութեան՝ բոլոր հայերին կարգելով վարչապետ, սակայն կարճ ժամանակից բացարձակապէս հրաժարւեցին հաշւի նստել ժողովրդի կարծիքի ու պահանջի հետ, զբաղւեցին թալանով ու կոռուպցիայով եւ ձախողւեցին բացարձակապէս բոլոր ոլորտներում: Ձախողումներն այսօր հասել են կատաստրոֆիկ չափերի: Առանձին թեմա է տնտեսութեան վիճակն ընդհանրապէս, կարելի է, սակայն, նշել, որ խայտառակ դրութեան մէջ է գիւղատնտեսութիւնը: Իշխանութիւններն առկա հիմնահարցերին լուծումներ չեն տւել, եւ ընդունակ էլ չեն տալու: Եղած տնտեսական փոքր աճն էլ պայմանաւորւած է ռուս-ուկրաինական պատերազմով, որից օգտւել է Հայաստանը եւ բաւականին գումարներ է վաստակել: Հայաստանի իշխանութիւնը, սակայն, այս ընթացքում երկրի տնտեսական վիճակը կարգաւորելու, զարգացման համար միջոցառումներ իրականացնելու ուղղութեամբ քայլ չի արել: Ընդհակառակը, տնտեսութիւնը յետընթացի մեջ է:
Տարբեր ոլորտներ, ինչպէս օրինակ ձկնաբուծութիւնը կամ աւտոներկրողների գործը փակման եզրին են: Երբ անդրադառնում ենք անվտանգութեան եւ պաշտպանունակութեան հարցերին, անշուշտ, առաջնային նշանակութիւն ունի բանակի վերականգնման ու հզօրացման հարցը: Մենք այն իրավիճակում ենք յայտնւել, երբ բազմաթիւ են խնդիրները՝ սկսած առաջնագծից մինչեւ որակեալ կադրերի պատրաստում: Շատ չեմ ցանկանում փակագծերը բացել, ասեմ պարզապէս, որ թշնամու այս ագրեսիւ պահւածքին, պատերազմ սկսելու մշտական սպառնալիքներին հակադարձելու, դրանք կանխելու միակ ձեւն այն է, որ նա հասկանայ՝ Հայաստանի դէմ ոտնձգութիւններ թոյլ տալու դէպքում իր համար հետեւանքները շատ ծանր կը լինեն: Թշնամին պէտք է իմանայ, որ իր առջեւ ոչ թէ ծնկի եկած ու խաղաղութիւն մուրացող իշխանութիւն է, այլ այնպիսի ուժ, որը կարող է ապտակ հասցնել, որից ինքը երկար ժամանակ ուշքի չի գայ: Տարիներ շարունակ Ադրբեջանը չի յարձակւել, որովհետեւ իմացել է, որ դա ծանր հետեւանքներ կունենայ իր համար:
Իհարկէ, սրա հետ անմիջականօրէն շաղկապւում է նաեւ արտաքին քաղաքականութեան ոլորտը: Այս իշխանութիւնն ասում է, թէ մենք բարեկամներ չունենք, գնում է բանակցութիւնների եւ իրեն գժի տեղ է դնում, որովհետեւ ասելիք չունի, ուժ չկայ թիկունքին, եւ իր հետ հաշւի չեն նստում:
Մենք բոլոր այս խնդիրների վերաբերեալ ունենք պատկերացումներ, ծրագրեր, տեսնում ենք դրանց լուծման ուղիները, եւ մնում է միայն հասնել իշխանափոխութեան այդ բոլորը քայլ-քայլ իրականացնելու համար: