Դաշնակցական Բեմ

ՀԱՅ ԿԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԳՈՒՆԴԵՐԻՑ՝ ՄԻՆՉԵՒ ՀԱՅՈՑ ՊԱՆԾԱԼԻ ԲԱՆԱԿ…

Դերենիկ Մելիքեանի ոսպնեակից

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՒԱՅ ԱՌԻԹՈՎ

Դեռեւս նախորդ դարի սկզբներին՝ նախքան Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը, հայութեան ժամանակի ռազմաքաղաքական ղեկավարութեան  մօտ միտք է յղացել կազմաւորելու հայ կամաւորական գնդեր, որոնք անհրաժեշտաբար պէտք է փոխարինէին այսպէս ասած՝ Հայդուկային-ֆիդայական ջոկատներին։

Եւ այսպէս՝ 1914 թ. Սեպտեմբերին տեղի է ունեցել ՀՅԴ Կովկասեան շրջանային ժողովը, որը քննութեան է  առել կամաւորական շարժման հարցը, որի կազմակերպչական ու մասնաւորապէս ուսուցման աշխատանքը ստանձնում է նոյնինքն Դաշնակցութիւնը։

Այստեղ, յատկապէս իրանահայ ընթերցողի համար, հետաքրքրաշարժ է կարող լինել այն, որ կազմաւորւելիք կամաւորական չորս գնդերից առաջինը՝ Անդրանիկ զօրավարի հրամանատարութեամբ, պէտք է տեղակայւէր Ատրպատականի ստրատեգիական Սալմաստ շրջանում, որտեղից էլ 1500 զինւորներով պիտի արշաւէր դէպի Վան։

Արդէն սեպտեմբերի վերջերին Անդրանիկը մեկնեց Պարսկաստան, Սալմաստ, որտեղ հաւաքւել էին եւ իր հրամանին էին ենթակայ հայ կամաւորական առաջին գնդի ուժերը։  Հոկտեմբերի 18-ին սկսւում է ռուս-թուրքական պատերազմը եւ Անդրանիկի գունդը մեկնում է ռազմաճակատ, ուր մասնակցում է մի քանի կռիւների՝ Պարսկաստան ներխուժած թուրքական բանակի դէմ։

ԴԻԼՄԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Դիլմանի կռւի վերաբերեալ ուշագրաւ են զօր. Անդրանիկի կամաւորական գնդի վաշտապետ, ռազմական գործողութիւնների մասնակից-ականատես Ասլան Ստեփանեանի յուշերը։

Ըստ նրա՝ Դիլմանի կռւում Անդրանիկը կրակի առաջին գծի վրայ կանգնած՝ ղեկավարում էր իր զօրագունդը։

Յատկանշական է, որ Դիլմանի ճակատամարտում առանձնապէս աչքի է ընկել զօրավար Նազարբէգեանի՝ Կովկասեան Բ. հրաձիգ զօրաբաժինը, որը ջախջախել է Խալիլ Բէյի հարւածային խմբաւորումը։ «Դիլմանի ճակատամարտի համար,- գրում է Սիմոն Վրացեանը,- Նազարբէգեանը ստացաւ Գէորգեան Խաչ եւ ֆրանսական զինւորական բարձրագոյն պատւանշանը։ Բայց, անտարակոյս, մեծագոյն վարձատրութիւնը նրա համար եղաւ Վանի փրկութիւնը։ Վանը ազատւեց՝ Դիլմանի յաղթանակի հետեւանքով»։

  Ուշագրաւ է նաեւ այն հանգամանքը, որ Դիլմանի յաղթական կռիւը զգալիօրէն նպաստել է ամբողջ Կովկասում յառաջխաղացմանը, որտեղ ռուսական զօրքերն Անդրանիկի գնդի հետ միասին յետ են շպրտել Խալիլ Բէյի գերազանց ուժերի մի քանի կատաղի գրոհները։ Հայ կամաւորները մեծ խիզախութեամբ ու անձնւիրութեամբ սւինամարտի են բռնւել թշնամու հետ։

Ինչեւէ, այդ բախտորոշ ժամանակաշրջաններում հայկական կամաւորական չորս գնդերն էլ արել են իրենց կարելին ու հնարաւորը՝ մասնաւորապէս արեւելահայ զանգւածների, ինչպէս նաեւ Արեւմտահայաստանից գաղթած  հայկական բեկորների անվտանգութեան համար։

Կամաւորական գնդերի փառքն ու պսակը, սակայն, հանդիսացաւ հետագային՝ 1918 թւականի համաժողովրդական բանակի տեսքով՝ Մայիսեան հերոսամարտերի սխրագործումներում  եւ Անկախ պետականութեան նւաճման գործում։

Այս մասին խիստ ուսուցանիչ է ՀՅԴ անզուգական գործիչ-մտաւորական, Հայաստանի Առաջին Հանրապետութեան լուսաւորութեան (գիտութեան եւ կրթութեան) նախարար Նիկոլ Աղբալեանի բնորոշումը.- «Հայ կամաւորական շարժումն ինքնաբուխ էր, որն ունեցել է երկու փուլ՝ մինչեւ 1915 թ. ապրիլ, ապա՝ 1916 թ. մարտ՝ գնդերի ցրում եւ հայկական ազգային գումարտակների ստեղծում։ Այդ շարժումով հայ ժողովուրդն ապրեց ամբողջ երեք տարի։ Դա բարոյական վերածննդի տարեթիւ է հայ ժողովրդի համար։ 10.000-անոց անձնւէր բանակ հանել, մեր պատմութեան մէջ եզակի երեւոյթ է… Նախքան կամաւորական շարժումը մենք ենթադրում էինք, թէ կարող ենք պետականօրէն կազմակերպւել ու պաշտպանւել, իսկ հիմա դրա ապացոյցն ունենք…»։

* * *

Ահաւասիկ, 34-ամեայ վերանկախացած Հայաստանի 33-ամեայ բանակը այս օրերին նշանաւորում է իր վերածնունդը։

Վերածնունդ, որն ակունք է առել սրանից 110 տարի առաջ՝ 1915 թ. կազմաւորւած կամաւորական զինւորագրեալների ըստ էութեան յաղթական ոգու ընդմիջից։

Բարոյական նորանոր վերածնունդների մաղթանքով՝ ողջ հայութիւնը սպասելու է Հայոց մշտապէս պանծալի Բանակի նոր յաղթանակներին…։

ՏՕՆԴ ՇՆՈՐՀԱՒՈՐ ՄԵՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ…

Յ. Գ. – Յատկանշելի է, որ Դիլմանի (ներկայիս Սալմաստ) մօտակայքում է գտնւում Վարդան Զօրավարի անւամբ երբեմնի հայաբնակ Վարդան գիւղը՝ Տղմուտի ափին ու Աւարայրի ճակատամարտի յարակից շրջանում…։

Դ. Մ.

Պատմական գիտութիւնների թեկնածու

Related Articles

Back to top button