Հայաստան - ԱրցախՔաղաքական

Օվերչուկ. «Հայաստանի անդամակցութիւնը Եւրամիութեանը կը յանգեցնի ԵԱՏՄ-ից դուրս գալուն»

«ԱԼԻՔ» – «Երեւանը գիտի, որ Հայաստանի անդամակցութիւնը Եւրամիութեանը կը յանգեցնի Եւրասիական տնտեսական միութիւնից (ԵԱՏՄ) դուրս գալուն եւ Հայաստանի համար ԵԱՏՄ շուկայի փակմանը»։ Այս մասին ըստ ռուսական ՏԱՍՍ-ի՝ լրագրողներին յայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսէյ Օվերչուկը։

«Այստեղ լուծումը շատ ակնյայտ է. Եւրամիութեան հետ շուկաների բացումը կը նշանակի Եւրասիական տնտեսական միութեան հետ շուկաների փակում, այլապէս կը տուժեն Եւրասիական տնտեսական միութեան մեր արտադրողները»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։

Նա պարզաբանել է, որ Հայաստանի համար «ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրոյքաչափերի զրոյացումն ինքնաբերաբար կը նշանակի վերադարձ ԵԱՏՄ-ի հետ մաքսային սակագներին»։

«Մեզ համար ազդակ է, որ ԵՄ-ին անդամակցելու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է, սա միանգամայն ակնյայտ է ցանկացածի համար, ով մի փոքր ծանօթ է այս 2 ինտեգրացիոն ասոցիացիաներին։ Այստեղ նրանք (հայկական կողմը) միանգամայն յստակ գիտեն, որ հետեւանքներն այսպիսին են լինելու: Այստեղ ոչ ոք չպէտք է պատրանքներ ունենայ։ Իսկ այն մարդիկ, որոնք հիմա ՀՀ-ում ընթացող քննարկումներում պնդում են, թէ իբր հնարաւոր կը լինի ինչ-որ լուծում գտնել, նրանք, մեղմ ասած, մոլորեցնում են հայ ժողովրդին»,- ասել է Օվերչուկը»:

Օվերչուկը նշել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցութեան գործընթացը երկար է լինելու եւ կոչ է արել սպասել այս հարցով Հայաստանի խորհրդարանում լսումների արդիւնքներին։

Յիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի եւրոպական ինտեգրման հարցերի մշտական յանձնաժողովը դրական եզրակացութիւն է տւել «Եւրոպական միութեանը Հայաստանի Հանրապետութեան անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրէնքի նախագծին։

Հարցը կընդգրկւի առաջիկայ ՀՀ ԱԺ լիագումար նստաշրջանի օրակարգ, որը կը մեկնարկի փետրւարի 11-ից:

Related Articles

Back to top button