Ադրբեջանի ԱԳՆ նոյեմբերի 7-ի յայտարարութիւնը հերթական ռազմական ագրեսիայի նախերգանք է
Նոյեմբերի 7-ի Եւրոխորհրդարանում անցկացւեց «Արցախահայութեան իրաւունքները եւ Եւրոմիութիւնը» խորագրով խորհրդաժողով. թէ՝ ինչ կարեւոր արձանագրումներ են արւել խորհրդաժողովին, «Yerevan.Today»-ի հետ զրոյցում մանրամասներ ներկայացրեց ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը։
«Առաջինը՝ պէտք է փորձենք խուսափել՝ Արցախում կատարւածը որպէս էթնիկ զտում ներկայացնելուց, որովհետեւ ստացւում է, որ միջազգային իրաւունքում էթնիկ զտումը չունի այն բարձր կարգի իրաւաքաղաքական սահմանումը, ինչ ունի ցեղասպանութիւնը։ Փորձագէտների կարծիքն այն է, որ մենք կատարւածը պէտք է ներկայացնենք որպէս ցեղասպանութիւն, այսինքն՝ կատարւածն ամբողջութեամբ տեղաւորւում է ցեղասպանութիւն յանցագործութեան կոնտեքստում։
Երկրորդ արձանագրումն այն է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչումը չի լիազօրում Բաքւին կատարել ցեղասպանական գործողութիւններ, տարածքը մաքրել բնիկներից եւ այլն»։
Ըստ Գէորգ Ղուկասեանի՝ Ադրբեջանը շարունակ այն քաղաքական գիծն է վարում, որ ղարաբաղեան հիմնախնդիր չկայ։ Իսկ մեր դիտարկմանը, որ Հայաստանի իշխանութիւնների դիրքորոշումները յաճախ ադրբեջանաթուրքական լաբբիստները, պաշտօնեաները որպէս խաղաքարտ են օգտագործում, արդեօք չի դժւարացնո՞ւմ դրսում Հայ Դատի յանձնախմբերի աշխատանքը՝ նրանց հակազդելիս, մեր զրուցակիցն ասաց, որ Հայաստանի իշխանութիւնների անմիտ յայտարարութիւնները խոչընդոտում են Հայ Դատի գործունէութիւնը՝ ադրբեջանաթուրքական լաբբինգին հակազդելիս։
«2020 թ․-ից յետոյ ստեղծւել է այլ վիճակ եւ Հայ Դատը մարտավարական վերանայումների ընթացքի մէջ է»,- նշում է ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատուն։