Կոնստանտին Զատուլին. «ՀՀ իշխանութիւնները թշնամական դիրքորոշում են որդեգրել Ռուսաստանի նկատմամբ»
Հայաստանի իշխանութիւնները շարունակում են տնտեսապէս շահել Ռուսաստանի հետ առեւտուրից, ընդ որում՝ միանգամայն յստակ որդեգրելով Ռուսաստանի նկատմամբ թշնամական դիրքորոշում։ Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եւրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտէի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ խօսելով ՌԴ եւ ՀՀ-ի միջեւ Բարեկամութեան, համագործակցութեան եւ փոխադարձ օգնութեան մասին պայմանագրի 27-ամեակի, ինչպէս նաեւ հայ-ռուսական յարաբերութիւնների մասին:
«Ես, հաւանաբար, կը մեղանչէի ճշմարտութեան դէմ՝ ասելով, որ մենք հիմքեր ունենք բաւարարւելու մեր երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների այս ամբողջ ժամանակահատւածով։ Ռուսաստանի Դաշնութեան եւ Հայաստանի, ռուս եւ հայ ժողովրդի յարաբերութիւնները, իհարկէ, չեն սահմանափակւում դիւանագիտական յարաբերութիւններով։ Տասնեակ ու հարիւրաւոր տարիներ դա փոխադարձ աջակցութիւն էր Ռուսաստանի կողմից, դա հայ բնակչութեան հովանաւորութիւնն էր այն պայթիւնավտանգ հակամարտութեան տարածաշրջանում, որտեղ ապրում են հայերը՝ Կովկասում։ Այսօր, ցաւօք, ՀՀ իշխանութիւնները վերակողմնորոշւելու կուրս են վերցրել։ Դրան, հաւանաբար, նպաստում է այն փաստը, որ ՌԴ-ն այսօր պայքարում է ոչ այնքան Ուկրաինայի, որքան համախմբւած Արեւմուտքի դէմ, որը չի թաքցնում Ռուսաստանին ռազմավարական պարտութիւն հասցնելու իր մտադրութիւնը»,- ասել է Զատուլինը՝ յաւելելով, որ, այնուամենայնիւ, անկախ ամէն ինչից, Ռուսաստանի եւ Հայաստանի ու երկու ժողովուրդների ճակատագրերը մնում են փոխկապակցւած նոյնիսկ այս ողբերգական իրավիճակում։
Քաղաքական գործչի խօսքով՝ Հայաստանի իշխանութիւնները, շարունակելով տնտեսապէս օգուտ քաղել Ռուսաստանի հետ առեւտրից, ակնյայտօրէն թշնամական դիրքորոշում են որդեգրել Ռուսաստանի նկատմամբ։
«Մարդիկ, որոնք ըստ էութեան մատը մատին չեն խփել, որպէսզի կանգնեցնեն իրենց հայրենակիցների վրայ զինւած յարձակումը, պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել, այլ ընդհակառակը, իշխանութեան գալուց յետոյ մի քանի տարի աշխատել են հայկական բանակը նսեմացնելու, Հայաստանում հայրենասէր մտածող մարդկանց շրջանում տարաձայնութիւն առաջացնելու, Հայաստանի համար ինչ-որ նպատակներ ունենալու անհրաժեշտութիւնը, պաշտպանել իր պատմական ճշմարտութիւնը, օրինակ՝ շարունակել դատապարտել Հայոց Ցեղասպանութիւնը Օսմանեան կայսրութիւնում 20-րդ դարասկզբին, շարունակելու, ինչպէս միշտ լինում է, ուրիշի աչքի մէջ «փուշ» փնտրում եւ կարծում են, որ իրենց համար բարենպաստ պահ է այսօրւայ հայ ժողովրդի բոլոր դժբախտութիւնները Ռուսաստանի վրայ բարդելու, հայ ժողովրդին ստիպելու ամենադժւար պահին երես թեքել Ռուսաստանից։
Բայց ես յոյս ունեմ, որ ոչ միայն Աստւած է նրանց դատաւորը, քանի որ Աստւած է մեր բոլորի դատաւորը։ Ես իսկապէս կուզենայի հաւատալ, որ այս գործողութիւններն այսօրւայ սերունդների կենդանութեան օրօք կը հանդիպեն հայ հասարակութեան դիմադրութեանը եւ ի վերջոյ կը կանխեն անուղղելին, այն է՝ Հայաստանը խզի իր նախկին պատմական, մարդկային կապերը Ռուսաստանի հետ»,- եզրափակել է Զատուլինը։