Քաղաքական

Վիկտոր Սողոմոնեան. «Որ երկրի հետ Արեւմուտքը լեզու է գտնում, այնտեղ ժողովրդավարութեան հետ կապւած «ամէն ինչ շատ լաւ է»»

Որ երկրի հետ Արեւմուտքը լեզու է գտնում, այնտեղ մարդու իրաւունքների, ժողովրդավարութեան հետ կապւած ամէն ինչ շատ լաւ է, անկախ նրանից, թէ այնտեղ իրականում ինչ է կատարւում։ Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է Alpha News-ի հիմնադիր, քաղաքական գիտութիւնների դոկտոր, Մոսկւայի միջազգային յարաբերութիւնների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնեանը։

«3-4 տարի առաջ ես հանդիպել եմ Հայաստանում Միացեալ Նահանգների դեսպանատան ներկայացուցչի հետ, որին պարզ ասել եմ՝ եթէ ցանկանում էք վերականգնել ձեր դերակատարութիւնը որպէս ժողովրդավարութեան եւ խօսքի ազատութեան ջատագով, նախ պէտք է անցած տարիների խախտումները նշեք, ասէք՝ կը ներէք, որ որոշ բաներ մենք չենք նկատել ու չենք արձանագրել, ընդունէք, որ ձեզ մօտ երկակի ստանդարտներ են, որից յետոյ նոր իրաւունք ձեռք կը բերէք ինչ-որ բաներ ասելու։ Բայց մինչեւ հիմա նրանք ո՞րն են նշել, կարո՞ղ է որեւէ մէկն ասել, քանի՞ լրատւամիջոց է փակւել Հայաստանում այս տարիներին, քանի՞ քաղբանտարկեալ է եղել ՀՀ-ում այս տարիներին եւ կայ։ Այս ամէնի մասին ձայն չեն հանել, իսկ ինչո՞ւ պէտք է յունիսի 12-ի հետ կապւած նրանք ինչ-որ բան ասեն։

Այսինքն՝ ակնյայտ է, որ կայ մի իշխանութիւն, որի հետ նրանք չեն ուզում վերլուծութիւնների մէջ մտնել ու լեզու են գտել։ Լեզու են գտել տարբեր իմաստներով, օրինակ, աշխարհաքաղաքական կողմնորոշումների իմաստով։ Եւ կեանքը ցոյց է տալիս՝ որտեղ Արեւմուտքը լեզու է գտնում, այնտեղ մարդու իրաւունքների, ժողովրդավարութեան հետ կապւած ամէն ինչ շատ լաւ է, անկախ նրանից, թէ այնտեղ իրականում ինչ է կատարւում»,- նշել է Սողոմոնեանը։

Պատասխանելով հարցին, թէ ինչն է դրդում որոշ փորձագէտների ամէն դէպքում աչք փակել այդ ամէնի վրայ, եւ սլաքներն ուղղել դէպի այդ կողմ, նա նշել է․

«Այս պահին առանց կանոնների կռիւ է թէ՛ աշխարհում, թէ՛ Հայաստանում։ Խաղադրոյքներն այնքան մեծ են, ու մենք դա տեսանք Արցախի հարցում, որ դրանք շահելու համար պետութիւնները պատրաստ են շատ լուրջ քայլերի, եւ այնպիսի քայլերի, որոնց մենք չենք սպասում։ Եւ այն ցանցը, որն աշխատում է այդ պետութիւնների համար, իհարկէ, ասելու է՝ ամէն ինչ շատ լաւ է, ու մենք պէտք է շարունակենք գնալ դէպի ժողովրդավարութիւն»։

Related Articles

Back to top button