Հայաստանում չի կարող լինել քաղաքականութիւն, քանի դեռ հայկական Արցախի հարցը ձեւակերպւած չէ որպէս քաղաքական օրակարգ
ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ
Ինչպէս է պէտք նշել Արցախի օրը, որպէսզի սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Հանրապետութեան հռչակման 33-ամեակը, չլինի լացի, սգի, դատարկաբանութեան, կամ կորսւած հայրենիքի թեմայով երգ ու պարի օր, անհրաժեշտ է մի շարք ուղերձների յստակ ձեւակերպում։
Հայաստանում չի կարող լինել քաղաքականութիւն, քանի դեռ հայկական Արցախի հարցը ձեւակերպւած չէ որպէս քաղաքական օրակարգ, Հայաստանի հետ չեն կարող լինել յարգալից բանակցութիւններ, քանի դեռ հայկական Արցախի հարցը բանակցային օրակարգում չէ։
Չի կարող լինել որեւէ «Մեծարգոյ», քանի դեռ այս վիճակում ենք, չի կարող լինել «Առաջնորդ», որը չի հաւատում հայկական Արցախին։
Մենք չենք կարողանալու ոտքի կանգնել, քանի դեռ մեր հաւաքական միտքը որպէս ազգային երազանք չի ձեւակերպել հայկական Արցախի տեսլականը։ Մեզ լուրջ չեն վերաբերւելու այնքան ժամանակ, քանի դեռ ռացիոնալ, սառը հաշւարկւած ծրագրեր չունենք, թէ ինչպէս հասնել երազանքին, ինչպէս երազանքը վերածել ռացիոնալ ծրագրի։
Այսօրւայ միջազգային կոնիւնկտուրան եւ ՀՀ կենսական շահը պահանջում են, որպէսզի Հայաստանը հայկական Արցախի հարցը վերադարձնի օրակարգ։
Մենք իրաւունք չունենք խօսելու արժանապատւութիւնից, քանի դեռ հանդուրժում ենք մեզ այս օրին հասցրած իշխանութեանը։
Մենք չենք կարող մեզ համարել պատմական մեծ ժառանգութեան կրողը, եթէ էլեմենտար չենք յիշում, որ ընդամէնը 4 տարի առաջ հեծանւով Սոթք-Քարվաճառով հասնում էինք Արցախ։
Մենք ճոխ սեղանների շուրջ, թանկ հագուստների մէջ եւ դիզած գոյքի ֆոնին չենք կարողանալու ունենալ սովորական, կենցաղային երջանկութիւն, քանի դեռ Բաքւի բանտերում ունենք հայորդիներ, եւ հայը գտնւում է այսքան խեղճացած վիճակում: