Հայաստան - ԱրցախՔաղաքական

Կաթողիկոսի եւ Սրբազանների գործը կուղարկւի Երեւան

Արմաւիրի մարզի առաջին ատեանի ընդհանուր իրաւասութեան քրէական դատարանում Վեհափառ Հայրապետի եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վեց Սրբազանների գործով դատաւոր Սերժ Ռուշանեանը որոշել է գործն ուղարկել Երեւանի քրէական առաջին ատեանի դատարան։

Որոշման համաձայն՝ Երեւանի դատարանում պէտք է քննւի եւ պարզւի, թէ արդեօք գործը ենթակայ է Արմաւիրի մարզի դատարանում քննութեան։

Վերոնշեալ գործի քննութիւնը Արմաւիրի մարզի առաջին ատեանի ընդհանուր իրաւասութեան քրէական դատարանում սկսւել էր։ Գործը դատարան էր ուղարկւել յուլիսի 27-ին եւ մակագրւել դատաւոր Յակոբ Մանուկեանին։ Օգոստոսի 7-ին կայացած դատական նիստի ընթացքում դատաւորը ինքնաբացարկ էր յայտնել։

Գործով անցնում են Վեհափառ Հայրապետը եւ վեց Սրբազաններ՝ Նաթան, Հայկազուն, Վահան, Մակար, Մուշեղ եւ Յովնան Սրբազանները։ Նրանց նկատմամբ որպէս խափանման միջոց ընտրւել է բացակայելու արգելքը։

Բոլորին մեղադրանք է առաջադրւել ՀՀ Քրէական օրէնսգրքի 507-րդ յօդւածի 2-րդ մասի յատկանիշերով։

 

Ռուբէն Մելիքեան. «Ինչո՞ւ Երեւան, այլ ոչ՝ Շիրակ կամ Սիւնիք»

Դատական որոշմանն անդրադարձել է փաստաբան Ռուբէն Մելիքեանը՝ քննադատելով դատաւոր Սերժ Ռուշանեանի որոշումը։

«Դատաւոր Սերժ Ռուշանեանի արածը, իմ կարծիքով, աւելի վատ էր, քան նախորդ դատաւորի արածը»,- գրել է նա։

Մելիքեանի գնահատմամբ՝ գործն ըստ ընդդատութեան այլ դատարան կարող է ուղարկւել միայն այն դէպքում, երբ ենթադրեալ արարքը վստահաբար կատարւել է այլ՝ կոնկրետ դատարանի դատական տարածքում։

«Իսկ եթէ յստակութիւն չկայ, ապա դատարանը չի կարող նման կերպ վարւել։ Վերջ։ Հարց եմ տալիս՝ ինչո՞ւ Երեւան, այլ ոչ թէ, օրինակ, Շիրակի կամ Սիւնիքի մարզ»,- նշել է փաստաբանը։

Related Articles

Back to top button