Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մեծագոյն խնդիրը ազգային եւ ինքնիշխան պետականութեան պահպանումն է

Հայաստանում մարդու իրաւունքների, քաղաքական եւ իրաւական համակարգերի վիճակը խիստ մտահոգիչ է։ Հասարակութիւնն ամէն օր բախւում է նոր խնդիրների, որոնք վկայում են մարդու իրաւունքների եւ արժանապատւութեան նկատմամբ վերաբերմունքի վատթարացման մասին. օգոստոսի 28-ին «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Հայաստան 2026. իրաւունքի վախճանը» խորագրով փորձագիտական քննարկման ժամանակ ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր, Մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ հանրային հարցերի յանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստեանը նշելով, որ երկրում միաժամանակ նկատւում է քաղաքական, սոցիալական եւ իրաւական համակարգերի շարունակական թուլացում։

Անդրադառնալով միջազգային իրաւապաշտպան կառոյցների գնահատականներին՝ Լիլիթ Գալստեանը նշել է, որ դրանց հրապարակած զեկոյցներն ու գնահատականները եւս մտահոգիչ պատկեր են ներկայացնում Հայաստանի վերաբերեալ։ Նրա խօսքով՝ միջազգային գնահատականների համադրութիւնը ցոյց է տալիս, որ Հայաստանը շարունակում է դասւել հիբրիդային եւ կիսաազատ պետութիւնների շարքին։

Գալստեանի խօսքով՝ սոցիալական եւ քաղաքացիական իրաւունքների համադրութեամբ Հայաստանը շարունակում է զբաղեցնել 54-րդ հորիզոնականը։ Նա ընդգծել է, որ այդ ցուցանիշը նոյնն է, ինչ նախկին իշխանութիւնների կառավարման տարիներին, և այդ հանգամանքը հակասում է իշխանութիւնների՝ նախկին եւ ներկայ իրավիճակների միջեւ էական տարբերութեան մասին յայտարարութիւններին։

Բանախօսը նաեւ պնդել է, որ Հայաստանում իշխանութեան կենտրոնացման գործընթացը հասել է այնպիսի մակարդակի, երբ համակարգը, իր բնորոշմամբ, աստիճանաբար վերածւում է մէկ անձի շուրջ կենտրոնացած կառավարման մոդելի։

Լիլիթ Գալստեանի գնահատմամբ՝ երկրում արդէն իսկ խաթարւել է սահմանադրական կարգը։ Նա այդ պնդումը կապել է առաջին հերթին իշխանութեան տարբեր ճիւղերի միջեւ տարանջատման եւ փոխզսպման սկզբունքների թուլացման հետ։

Ըստ նրա՝ պետական համակարգի բնականոն գործունէութեան համար անհրաժեշտ է իշխանութեան ճիւղերի իրական անկախութիւն, մինչդեռ Հայաստանում այդ սկզբունքի պահպանումը լուրջ խնդիրների առաջ է կանգնած։

Related Articles

Back to top button