Ներքին ապակայունացում՝ արտաքին վտանգների ֆոնին

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Այնուամենայնիւ, ի՞նչ է մեր ուզածը. իրար ոչնչացնել, իրար ստորացնել, իրար վիրաւորել, կատարւածի մեղքն իրար վրայ գցել, ամէն ինչ ջարդել-փշրել ու վերջում բոլորով (շեշտում եմ՝ բոլորով) կանգնել ողբերգութեան առա՞ջ, թէ՞ այնուհանդերձ մեր նպատակը ելք գտնելն է։ Ելք այն վիճակից, որը տանում է պետութեան դեմոնտաժի եւ ազգովի թափառական դառնալու հեռանկարին։
Բոլոր ադեկւատ մարդիկ՝ իշխանութիւնից դուրս, ներս, որեւէ մասնագիտութեան եւ տարիքի, այսօր մտածում են լուծման մասին։ Բոլոր ադեկւատ մարդիկ շոկի մէջ են իշխանութեան ներկայացուցիչների՝ վերջին օրերի բառապաշարից եւ ձեւակերպումներից։
Այս իրավիճակից ելքի կարեւորագոյն գործիքը երկխօսութիւնն է։ Միւս բոլոր ելքերը թուրքերն են թելադրելու։
Վերջին օրերի բառապաշարը հէնց երկխօսութեա՛նն է խանգարում, եւ շատ կարեւոր է, որ հէնց իշխող թիմն իր ներսում այս հարցը բարձրացնի։
Սա, մեծ հաշւով, ներքին դիւերսիա է Հայաստանի դէմ։ Ներքին ապակայունացում՝ արտաքին վտանգների ֆոնին։
Սա բերելու է տրամադրութիւնների եւ դիրքաւորումների կտրուկ ռադիկալիզացիայի՝ հանդիպակաց ճամբարներում եւ հասարակութեան ներսում։
Մի հալէպահայ, որը տարիներ առաջ է Հայաստան եկել, վերջերս ասում էր, որ հիմա Հալէպում տնտեսապէս նորմալ է, բայց անվտանգ չէ. նախորդ տարիներին ով ում ինչ վատութիւն ասես արել է, ու հիմա եկել է վրէժի անվերահսկելի փուլը։ Ով ումից վրէժ ունի՝ լուծում է։ Մենք ամէն ինչ պէտք է անենք, որ Հայաստանում սա ընդմիշտ բացառւի։ Դա կը լինի Հայաստանի վերջը։ Ամէն ինչի վերջը։ Բայց դրա համար հիմիկւանից պէտք է հանրային երկխօսութիւն սկսել։
Մեր պահւածքը եւ իրավիճակը
Մեր երկիրն ունի ճակատագրական հարցեր, որոնցից մենք չենք կարող փախչել, եւ որոնց լուծմանը պիտի գնանք առաջիկայ տարւայ, եթէ ոչ՝ ամիսների ընթացքում։ Այդ բարդ հարցերի հնարաւոր լուծումները գտնելու համար պէտք է խօսել իրար հետ՝ երկխօսել, քննարկել, վիճել։ Հասարակութիւնը կը ստանայ փաստարկւած ուղերձներ։ Բայց մենք իրար ո´չ լսում ենք, ո´չ իրար հետ խօսում։
Այդ երկխօսութեան դէպքում մարգինալներն ու վտանգաւորները կընկալւեն այդպէս՝ իրենց սահմանափակ ազդեցութեան զոնայով։
Մեծ ներքին երկխօսութիւն
Բոլոր մտածող մարդիկ հասկանում են, որ եթէ մենք չգտնենք այդ հարցերի ճիշտ լուծումները, դրանք մեր փոխարէն «գտնելու են» ուրիշները՝ բերելով պատմական աղէտի։
Երբ չկայ երկխօսութիւն, վերջը աղէտն է։ Պէտք է հասկանալ, թէ ով եւ ովքեր են խանգարում երկխօսութեանը։ Տեսէք. մինչեւ 2018-ը բոլոր իշխանութիւնների եւ գրեթէ բոլոր ընդդիմութիւնների միջեւ եղել են աշխատանքային խողովակներ, որոնք չէին նսեմացնում կողմերի սկզբունքայնութիւնը, բայց կարեւոր հարցերի շուրջ հնարաւորութիւն էին տալիս կոնսուլտացիաների, պայմանաւորւածութիւնների՝ արտաքին հարթակներում իրար լրացնելու, միասնական պետական շահ առաջ տանելու, եւ իհարկէ, ներսում այլանդակ զարգացումներ թոյլ չտալու։ Երկար ժամանակ մեզ դա յաջողւում էր։
Այսօր դա անհնար է թւում, եւ գնալով՝ աւելի ու աւելի, քանի որ հերթով ջնջւում են բոլոր կարմիր գծերը։
Ընդ որում, խնդիրները բոլոր մակարդակներում են։ ԱԺ-ում՝ իշխանական ուժի եւ ընդդիմութեան, ընդդիմադիր խորհրդարանական խմբակցութիւնների, Աժ-ից դուրս՝ քաղաքական եւ հանրային միաւորների, հասարակութեան տարբեր շերտերի միջեւ։ Պարզ է, չէ՞, թէ սա ինչով կը վերջանայ։ Սա կը բերի պետութեան յանկարծակի փլուզմանը։ Այնքան արագ ու այնքան ծաւալուն, որ չենք էլ հասկանայ՝ ոնց եղաւ։
Հայաստանի ներքին կեանքը, արտաքին վտանգի շեմին, միտումնաւոր վերածւում է քաոսի։ Սա աղէտ է լինելու 3 միլիոնի համար։ Մենք որպէս նորմալութիւն ենք ընդունում ամենօրեայ սահմռկեցուցիչ վթարները, կրակոցները, դանակահարութիւնները, վրաերթերը, հիմա էլ՝ «պաշտօնական Երեւանի» փողոցային լեզուն։ Մեր խնդիրն է՝ հասկանալ եւ հասկացնել, որ ո´չ, դա Երեւանի լեզուն չէ։ Դրա համար պէտք է գնալ լայն երկխօսութեան, այդ թւում՝ փորձել այս հարցերը քննարկել պետական համակարգի հետ, իրաւապահների։ Պէտք է փորձել։ Վստահ եմ՝ ամէն տեղ կան նորմալ, մտահոգ մարդիկ՝ այս իրավիճակի պատանդ։
Վստահ եմ՝ կը լինեն մարդիկ, նաեւ՝ իմ ընկերների մէջ, որ կառարկեն՝ ի՞նչ երկխօսութիւն այսքանից յետոյ։
Նախ՝ սա էմոցիոնալ ռէակցիա է։ Յետոյ՝ պէտք է հասկանալ, թէ երկխօսութիւն ո՞ւմ հետ։ Սա կարեւոր է ոչ միայն այսօրւայ համար, այլեւ՝ վաղւայ։ Նիկոլն իր շուրջ այսօր գեներացրել է մի մթնոլորտ, որը մեխանիկօրէն զտում է հէնց իր թիմի անդամներին։ Մեծ հաշւով, նա այսօր մնացել է քարոզչութեան ու հանրային խօսքի այս մակարդակին համաձայնող մի բաւականին փոքր խմբի հետ։ Շատերն իրենց սկզբունքօրէն հեռու են պահում՝ գիտակցելով այս ամէնի՝ հեռու գնացող հետեւանքները։
Կարելի է եզրահանգել. պէտք է շարունակել նեղ խմբի սահմանազատումը. զրօ կոնտակտ։ Բոլորն ունեն ընտրութեան իրաւունք։ Սակայն պէտք է տարանջատել թունաւոր ներքին քարոզչութեանը լծւած նեղ թիմը պետական համակարգից։ Պետական համակարգում կան բազմաթիւ լուրջ, նորմալ մարդիկ, որոնց վրայ պահւում է պետութիւնն իր այսօրւայ՝ առանց այդ էլ բարդ վիճակում, եւ որոնք նոյնպէս մերժում է այդ վարքագիծն ու բառապաշարը։
Այս պրոցեսը նախ նշանակում է ելքերի փնտրտուք աննորմալ այս վիճակից, եւ երկրորդ՝ երկխօսութեան բացակայութիւնը բերելու է շատ աւելի մեծ աղէտի։
Եթէ մենք առաջնորդւենք իրար բռնելու, իրար ոչնչացնելու երազանքով, ապա մեր փոխարէն բոլորիս հանդէպ դա անելու է օտարը։