Մաքսիմ Աթայեանց. «Փաշինեանը քանդում է հայկականութեան բոլոր հիմքերը»

«ԱԼԻՔ» – Ռուսահայ ճարտարապետ, Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինէ հայկական եկեղեցու առաջնորդ Մաքսիմ Աթայեանցը Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է Հայ Առաքելական Եկեղեցու դէմ Նիկոլ Փաշինեանի յարձակումները։
«Նախ՝ սրանում ոչ մի նոր բան չկայ: Եթէ յիշենք Փաշինեանի վարչապետական գործունէութեան սկիզբը, ապա նրա առաջին քայլերից մէկը բոլոր եպիսկոպոսներին դիւանագիտական անձնագրերից զրկելն էր։ Սա մէկ: Երկրորդ՝ ոստիկանների լիակատար համաձայնութեամբ՝ Կաթողիկոսարանի մօտ նողկալի շաբաթ կազմակերպւեց: Բացի այդ, նրա հակաեկեղեցական դիրքորոշումը շարունակւում է: Փաշինեանին խելագար կամ անհաւասարակշիռ ներկայացնելու փորձերը բոլորի անձնական կարծիքն են, բայց, իմ կարծիքով՝ նա գործում է միանգամայն գիտակցւած եւ նպատակաուղղւած»,- ասել է Աթայեանցը:
Նրա խօսքով՝ Հայաստանի վարչապետը ոչնչացնում է հայկական ինքնութեան հենասիւները եւ գործում է լիակատար հետեւողականութեամբ:
«Չեմ քննարկի, թէ ում մեթոդական հրահանգներն է կատարում եւ ում գործակալը կարող է լինել։ Բայց Ռոբերտ Քոչարեանը դա բոլորից լաւ է ասել։ Յիշեցնեմ նրա մէջբերումը. «Ես չգիտեմ՝ Փաշինեանը թուրքի գործակալ է, թէ՝ ոչ, բայց նրա բոլոր գործողութիւնները, կարծես, դա են ապացուցում»։ Ուստի նրա գործողութիւններում կայ բացարձակ հետեւողականութիւն՝ յարձակում ցանկացած ինստիտուտի վրայ, որը կարող է փրկել հայ ժողովրդին ապաինտեգրումից, պետականութեան կորստից եւ հետագայ կործանումից»,- եզրափակել է Աթայեանցը։