ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչին Եգիպատոս կատարած այցի ընթացքում. «Առանց Իրանի ուրանը հարստացնելու իրաւունքի որեւէ համաձայնագիր չի ստորագրւելու»

«ԱԼԻՔ» – Կահիրէում իր եգիպտացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում արտաքին գործերի նախարար Արաղչին ընդգծել է. «Մենք չենք հրաժարւելու ուրանի հարստացումից։ Մեր անվիճելի իրաւունքն է օգտագործել միջուկային էներգիան՝ հիմնւելով Միջուկային զէնքի մասին պայմանագրի էթիկայի վրայ»:

Սէյեդ Աբբաս Արաղչին իր ելոյթի սկզբում Եգիպտոսում անցկացրած իր խորհրդակցութիւնների եւ երկու երկրների միջեւ յարաբերութիւնների մասին նշել է. «Մինչ օրս երկու անգամ այցելել եմ Եգիպտոս, եւ պրն. Աբդուլ Աթին նոյնպէս երկու անգամ այցելել է Իրան։ Իրանը եւ Եգիպտոսը կարեւոր դեր են խաղում տարածաշրջանում խաղաղութեան եւ անվտանգութեան հաստատման գործում, եւ երկու երկրների իշխանութիւնների կամքն այս ուղղութեամբ նկատելի է»։

Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ նա նշել է, որ  Իրանի Իսլ. Հանրապետութիւնն ունի խաղաղ միջուկային ծրագիր, եւ այդ առումով թաքցնելու ոչինչ չունի,  եւ Իրանի ժողովուրդը մեծ գին է վճարել նման առաջընթացի համար, նոյնիսկ այդ ճանապարհին կորցրել է իր գիտնականներին, որոնք ահաբեկչութեան թիրախ են դարձել: «Մենք այս ճանապարհին նահատակներ ենք զոհաբերել, մեր անօտարելի իրաւունքն է միջուկային զէնքի չտարածման պայմանագրի շրջանակներում  օգտագործել՝ Միջուկային էներգիա»:

Արտգործնախարարը, նշելով, որ եթէ բանակցութիւնների նպատակը վստահութեան հասնելն է, ապա թող իմանան, որ Իրանը զէնք ստեղծելու ճանապարհով չի գնում, իսկ արդիւնքի կարելի է հասնել փոխվստահութեան լոյսի ներքոյ: «Իսկ եթէ նպատակը Իրանին խաղաղ գործունէութիւնից զրկելն է, համաձայնութիւն չի լինելու, սակայն բանակցութիւնների սեղանին ենք տեսնում խնդրի միակ ելքը։ Գերագոյն առաջնորդի ֆեթւան եւս, որի համաձայն արգեկլւել է միջուկային զէնքն ստեղծելը, մեզ համար սկզբունք է»։

ԱԳ նախարարը յաւելել է նաեւ, որ  Իրանը կանգնած է Եգիպտոսի կողքին եւ միջուկային զէնքից մաքուր՝ Մերձաւոր Արեւելք ունենալու գաղափարի հեղինակներից մէկն է:

Արաղչին, նշելով, որ տարածաշրջանին սպառնացող եւ միջուկային զէնք ունեցող միակ երկիրը սիոնիստական ​​ռեժիմն է, յաւելել է. «Ցաւօք, Արեւմուտքը փակել է աչքերը եւ անտեսում է այդ սպառնալիքը, փոխարէնը նրանք ճնշում են գործադրում Իրանի ժողովրդի վրայ, այն դէպքում ,երբ սիոնիստական ռեժիմը փաստացի մեղադրւում է Գազայի ժողովրդի ցեղասպանութեան մէջ, եւ ունի միջուկային սպառազինութիւն»:

Եգիպտոսի հետ յարաբերութիւնների ընդլայնման մասին Արաղչին նշել է, որ Իրանը ձգտում է ընդլայնել յարաբերութիւնները Եգիպտոսի հետ, եւ այդ կամքը նկատելի է երկու երկրների պաշտօնեաների միջեւ:

Նա յաւելել է. «Ներկայումս երկու երկրների պաշտօնեաների միջեւ փոխադարձ վստահութիւն եւ կամք կայ երկու երկրների միջեւ յարաբերութիւնների ընդլայնման համար: Մենք որեւէ խոչընդոտ չենք տեսնում Եգիպտոսի հետ յարաբերութիւնները զարգացնելու հարցում»:

Իր եգիպտացի գործընկերոջ հետ համատեղ մամլոյ ասուլիսում Արաղչին յաւելել է. «Երկու երկրների միջեւ յարաբերութիւնների զարգացման ուղին աւելի բաց է, քան երբեւէ, մենք համաձայնեցինք դիւրին դարձնել զբօսաշրջութեան հնարաւորութիւնները երկու երկրների քաղաքացիների համար»։

Related Articles

Back to top button