Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արմէն Աշոտեան. «Իսկ իրականում Արցախը «յղիութիւն» չէր, Նիկոլ, Արցախը սէր էր»

«ԱԼԻՔ» – «Ձորաղբիւր» ՏԿՀ-ից  ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանը գրում է.

«Այսօր (դեկտեմբեր 3-ԽՄԲ.) Ազգային ժողովում բիւջետային եզրափակիչ քննարկումներին Նիկոլ Փաշինեանը կրկին փորձեց հանդէս գալ՝ որպէս կոնցեպտուալ մտածող, ինտելեկտուալ ստրատեգ եւ իդէոլոգ-փիլիսոփայ։

Կեանքիս ընթացքում յաճախ եմ տարբեր մարդկանց հետ բանավիճել նման թեմաներով, կարդացել աղբիւրներ, խորացել զանազան տեսութիւնների մէջ, վերլուծել պատմական օրինակներ եւ մշտապէս մտաւոր հաճոյք եմ ստացել այդ գործընթացից։

Սակայն, երբ Նիկոլն է յամառօրէն փորձում դիրքաւորւել՝ որպէս մեր օրերի Կարլ Մարքս կամ Ալեքսիս դը Տոկւիլ, բանավիճելը դառնում է տհաճ պարտաւորութիւն, քանզի իր պաշտօնավարման արիւնոտ եւ դաւաճանական աուրան եւ վերջին ողբերգութիւններում իր անմիջական մեղաւորութիւնը գրեթէ տեղ չեն թողնում մաքուր գաղափարախօսական ընդհարման համար։

Անշուշտ, այդ տհաճութեան մէջ իր ներդրումն ունի նաեւ իմ եւ իմ ընկերների նկատմամբ նրա ուղիղ յանձնարարականով իրականացւող քաղաքական հետապնդումը։ Կրկին յիշեցի առաջին «Գլադիատորը», երբ մարդասպան եւ կոմպլեքսաւորւած կայսրը մենամարտից առաջ Կոլիզէումի նկուղում նախապէս դաշունահարում է հակառակորդին՝ առաւելութիւն ստանալու համար։

Բայց ինչպէս ֆիլմում, այնպէս էլ կեանքում ստոր մարդկանց բնորոշ նման նենգութիւնները չեն օգնում, ուստի անցնենք բուն հարցին։

1. Հէնց սկզբից՝ «Ինչպէ՞ս է աշխարհն ընկալում մեզ» հարցին սեփական վարկածով պատասխանելով՝ Նիկոլը ցոյց տւեց, որ իր տնային աշխատանքը լաւ չի կատարել։ Եթէ նոյնիսկ փորձել է այդ ընթացքում ինչ-որ գրականութիւն կարդալ, ապա կամ չի հասկացել, կամ էլ հասկացածն իր ոճի մէջ կրկին աղաւաղել եւ ֆռռացրել է՝ յարմարացնելով սեփական փրփուրներին։

2. Երբ նա գնահատականներ է հնչեցնում իր պաշտօնավարման 6.5 տարիների անդունդից, ապա մոռանում է, որ 2018-ից մինչեւ 2020 թւական ամէն առիթով թմբկահարում էր, թէ «թաւշեայ յեղափոխութիւնը կտրուկ բարձրացրեց Հայաստանի հեղինակութիւնը եւ հայ ժողովրդի իմիջն աշխարհում»։ Բա ո՞ւր մնաց այդ դատարկ «հպարտութիւնն ու վերելքը»: Մաշւե՞ց՝ Թրիւդոյին նւիրած եռագոյն գուլպաների նման։ Կուրացա՞ւ՝ Մերկելի հետ Հիւսիսայինում ինքնամոռաց սելֆիների վսպիշկեքից։ Յօդս ցնդե՞ց՝ ինչպէս Թրամփի հետ պատահական լուսանկարի միֆը։

3. Նիկոլը մասամբ ճշմարիտ է բանաձեւում։ Այսօրւայ համաշխարհային քաղաքական ընկալումների մէջ մեզ իրօք, կուլտուրական ասած, «ազգ-նահատակ» են ընկալում, բայց ոչ թէ մեր պատմութեան, մեր ազգային նպատակների կամ պատկերացումների, այլ մեզ ներկայացնող մարդու խղճուկ կարողութիւնների, բարոյական նկարագրի, ազգի գլխին իր բերած աղէտից յետոյ շարունակւող պաշտօնավարման պատճառով։ Մենք իրօք այսօր ազգ-նահատակ ենք՝ Նիկոլի դաւաճանութեան նահատակ, Նիկոլի պոպուլիզմի նահատակ, Նիկոլի տգիտութեան նահատակ։ Քո ձեռքին, Նիկոլ, ազգ-բանակը դարձաւ ազգ-նահատակ, որից հիմա, նաեւ այսօրւայ ելոյթովդ, յամառօրէն կերտում ես ազգ-աւանակ։

4. Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնց անվտանգութեան առաջնագիծը հէնց բանակն է (Հիւսիսային Կորէա, Եմէն)։ Այո, բանակից առաջ պէտք է կանգնած լինի դիւանագիտութիւնը, բայց, Նիկո՛լ, քո՞՞՞ դիւանագիտութիւնը, ամէն ինչ տապալած, ամէն ինչ ուրացող, ամէն մէկի ոտքի բութ մատը լպստող քո՞՞՞ դիւանագիտութիւնը…

5. Տնտեսական փոխկապակցւածութիւնը որպէս անվտանգային բարձիկ կամ բուֆեր կարող է դիտարկել բացարձակ անգրագէտ, Սովետի փլուզումից յետոյ «Պրաւդա»-ի (ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցութեան պաշտօնաթերթ-ԽՄԲ.) տակ մնացած մարդը։ Ռուսաստան-Ուկրաինա, ԱՄՆ-Չինաստան, Մեծ Բրիտանիա-ԵՄ՝ այս զոյգերի տնտեսական փոխկախւածութիւնը սառեցրե՞լ է պատերազմը, չէզոքացրե՞լ է կոնֆրոնտացիան, թէ՞ Բրեքզիթն է կանխել։

6. Մի այլ շիլափլաւ էլ Նիկոլը սարքեց արտագաղթի հարցով։ Բա 2018-ից յետոյ դու եւ սպասարկուներդ թմբկահարում էիք, թէ «աննախադէպ քանակի դիմումներ են ստացւում ՀՀ քաղաքացիութիւն ստանալու համար»։ Մոռացա՞ք։ Բա Սերժ Թանկեանի տունն էլ մոռացա՞ք։ Իսկ արցախցիների արտագաղթի համար դու ես բոլոր նպաստաւոր պայմանները ստեղծում, որ գնան երկրից, որ չխանգարեն քեզ, որ քո դաւաճանութեան կենդանի ապացոյցներ չլինեն, որ արցախահայութիւնը վերանայ՝ որպէս խաւ եւ Ադրբեջանից պահանջատէր գործօն։

7. Չորս տարի պահանջւեց, որ Նիկոլը կռուտիտ մտածի «Արցախը Հայաստան է, եւ վերջ»-ի համար։ Ու ահա այսօր ԱԺ ամբիոնից այն հնչեց՝ 9-ամսեայ յղիութեան զուգահեռով՝ անյաջող, ոչ վերաբերելի, տափակ։ Միայն Նիկոլի գլխուղեղի բորբոքւած գալարների գորշ բջիջներում կարող էր բեղմնաւորւել նման աբսուրդ անալոգիա։ Ռուսաստանի եւ Ճապոնիայի, Կիպրոսի եւ Թուրքիայի, Վրաստանի, Աբխազիայի եւ Հարաւային Օսեթիայի, Արգենտինայի եւ Մեծ Բրիտանիայի, Իսրայէլի եւ Պաղեստինի ղեկավարներն այդ «հիմնաւորումներից» յետոյ, ինչպէս ասում են՝ անկիւնում կանգնած, ներւային ծխում են։

Եթէ նոյնիսկ ընդունենք, որ Արցախը «նորածին երեխայ» էր, ապա այն քոնը չէր։ Դու այդ պտղի հետ ոչ մի կապ չունէիր, «ոչ հէրն էիր, ոչ մէրը»։ Ուստի ոչ էլ իրաւունք  ունէիր յանձնելու, ծախելու նրան խալխին։ Այն խալխին, որ այդ երեխուն օրգանների է բաժանում։ Դու քաղաքական թրաֆիքինգի մասնակից ես, եւ քո ձեռքերն այդ զաւակի արեան մէջ թաթախւած են։

Յ. Գ. – Իսկ իրականում Արցախը «յղիութիւն» չէր, Նիկոլ, Արցախը սէր էր։ Մեծ, անդաւաճան, ողջ կեանքի սէր։ Քո նմանը դա չի հասկանայ, որովհետեւ դու սիրել չգիտես։ Քոնը քիարն է, շահը եւ էժան լոլոները»։

Panorama.am

Related Articles

Back to top button