Քաղաքական

Ամէն անգամ, երբ Փաշինեանը բացում է բերանը, նա վնաս է հասցնում Հայաստանի շահերին

Ամէն անգամ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը հանդէս է գալիս հրապարակային յայտարարութեամբ, նա վնասում է Հայաստանի շահերին։ Փաշինեանի վնասակար խօսքերի վերջին օրինակը 90 րոպէանոց հարցազրոյցն է, որը նա տւել է Հայաստանի հանրային հեռուստաընկերութեանը 2024 թւականի նոյեմբերի 22-ին։

Առաջին հարցը վերաբերում էր վերջերս Փաշինեանի կողմից կառավարութեան վեց բարձրաստիճան պաշտօնեաներին աշխատանքից ազատելուն՝ կիրակի երեկոյեան նրանց sms հաղորդագրութիւն ուղարկելով։ Լրագրողը հարցրեց, թէ ինչո՞ւ է նրանց ազատել աշխատանքից։

Փաշինեանը յայտարարեց, որ իրենց «պաշտօնանկութիւնները ոչ թէ անձնաւորւած են, այլ աւելի շուտ համակարգերի հետ են կապւած»։ Այնուամենայնիւ, նա ասաց, որ աշխատանքից ազատւած պաշտօնեաները «լաւ էին աշխատում»։ Լրագրողը մատնանշեց, որ վարչապետը համակարգային փոփոխութիւններ չի արել, այլ ուղղակի աշխատանքից ազատել է անհատներին։ Նա բացատրեց, որ այս պաշտօնեաները համակարգային ուշագրաւ բարելաւումներ են կատարել, սակայն հետագայում, ժամանակի ընթացքում դարձել են համակարգի մաս: Նա շարունակեց՝ խոստովանելով, որ «ինձ հետ էլ է լինում այդպիսի բան»։

Լրագրող Տաթեւ Դանիէլեանն այնուհետեւ Փաշինեանին հարցրեց Բարձրագոյն Դատական խորհրդի նախագահ Կարէն Անդրէասեանի պաշտօնանկութեան մասին, «մի մարմնի, որը գործադիր իշխանութիւնից լիովին անկախ է: Ստացւում է, որ վարչապետի, այսպէս ասած, յորդորով որոշում է հրաժարականի դիմում ներկայացնել: Հիմա Ձեր ընդդիմախօսներն ասում են՝ ի՞նչ է սա, եթէ ոչ իշխանութեան մի ճիւղի ճնշում միւսի նկատմամբ»:

Փաշինեանը ոչ համոզիչ բացատրութիւնը տւեց, որ «Վարչապետի յորդոր չի եղել, եղել է վարչապետի խնդրանք»: Լրագրողը պատասխանեց՝ ասելով. «անկախ դատական համակարգի մասին գործադիրի յայտարարութիւնների եւ գործողութիւնների մէջ խզում կայ»:

Իշխանութեան երեք ճիւղերի միջեւ տարանջատում չկայ։ Փաշինեանը միանձնեայ ղեկավարում է բոլոր երեք ճիւղերը՝ գործադիր, օրէնսդիր եւ դատական իշխանութիւնը։ Ով շեղւում է նրա ցանկութիւններից, ազատւում է աշխատանքից եւ փոխարինւում։ Տարօրինակ է, սա այն մարդն է, որը անդադար խօսում է ժողովրդավարութեան մասին, սակայն խախտում է ժողովրդավարութեան հիմնական սկզբունքները:

Այնուհետեւ Փաշինեանը սխալւեց՝ ասելով, որ այն պաշտօնեաները, որոնց «խնդրել է» հրաժարական տալ, երկու տարբերակ ունեն՝ «այդ խնդրանքը կատարել եւ այդ խնդրանքը չկատարել»։ Լրագրողն ընդգծեց, որ եթէ պաշտօնեան հրաժարւի հրաժարական տալ, «հետեւանքներ» կը լինեն։ Փաշինեանը անտեղեակ ձեւանալով հարցրեց՝ «ի՞նչ հետեւանք, օրինակ»։

Ի պատասխան այն հարցին, թէ արդեօք քննարկում ունեցել է թիմակիցների հետ նախքան այս վեց պաշտօնեաներին աշխատանքից ազատելը, նա հպարտօրէն ասաց՝ «Սա միանձնեայ որոշում էր»։

Այնուհետեւ լրագրողը հետաքրքրւեց, թէ արդեօք Փաշինեանի խնդրանքով է իշխող խորհրդարանական դաշինքի անդամ Նարեկ Զէյնալեանը վայր դրել մանդատը։ Փաշինեանն ասաց՝ այո։ Զէյնալեանը մանդատը վայր է դրել, սակայն պատգամաւոր Յովիկ Աղազարեանը մինչ օրս մերժել է Փաշինեանի «խնդրանքը»։ Փաշինեանն ասաց. «Ես յոյս ունեմ, որ իմ խնդրանքն անարձագանգ չի մնայ»։ Այդ խնդրանքից յետոյ Աղազարեանը մի քանի անգամ հարցաքննւել է իշխանութիւնների կողմից՝ խարդախութեան կասկածանքով։ Սա կառավարութեան մէկ այլ ճիւղի՝ խորհրդարանի գործերին վարչապետի անտեղի միջամտութեան եւս մէկ օրինակ է։

Փաշինեանը երկար քննարկեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին համոզելու իր յամառ ջանքերը՝ ստորագրելու այն, ինչ նա անւանում է «խաղաղութեան պայմանագիր», չնայած այն հանգամանքին, որ Ալիեւը ոչ միայն շահագրգռւածութիւն չի ցուցաբերել ստորագրելու նման փաստաթուղթ, այլեւ ընդլայնել է Հայաստանից հետագայ զիջումների իր պահանջները: Փաշինեանը կարծես թէ չի հասկանում տարբերութիւնը թղթի կտորի ստորագրման, որը նա անւանում է «խաղաղութեան պայմանագիր» եւ իրական խաղաղութեան միջեւ։

Այնուամենայնիւ, 90-րոպէանոց հարցազրոյցի ընթացքում Փաշինեանի ամենամեծ սխալն այն էր, որ նա հաւասարութեան նշան դրեց Ալիեւի կողմից Հայաստանի Հանրապետութեան փոխարէն կեղծ «Արեւմտեան Ադրբեջանի» համար պահանջների եւ հայկական պահանջատիրութեան միջեւ՝ «Արեւմտեան Հայաստանի» պատմական տարածքի համար։

Առանց այս թեմայով որեւէ հարց ստանալու՝ Փաշինեանն ակամայ առաջարկեց. «Մի բան էլ ասեմ, լաւ չասեմ»։ Սակայն, երբ լրագրողը յորդորեց նրան ասել, նա ցնցող յայտարարութիւն արեց. «Լաւ ասեմ: Հիմա մենք ինչքա՞ն ենք նեղւում եւ շատ ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են արեւմտեան Ադրբեջան տերմինը, չէ՞: Բա, որ մենք ասում ենք արեւմտեան Հայաստան, չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է: Ոնց որ ասում են արեւմտեան Ադրբեջան, մեզ է գրգռում, այնպէս էլ որ ասում են արեւմտեան Հայաստան, ուրիշներին է գրգռում: Հիմա ես չեմ ասում որպէս… Հիմա նորից ասելու են՝ հերթական դաւաճանութիւնը, ստոր տականքութիւնը: Ես այսօր գտնւում եմ մի կարգավիճակում եւ մի պատասխանատւութեան մէջ, ես պարտաւոր եմ մեր ժողովրդի հետ խօսել եւ ցոյց տալ պատճառահետեւանքային կապերը, շղթաները: Եթէ ես դա չանեմ, դա նշանակում է, որ ես գիտակցաբար մեր երկիրը տանում եմ դէպի պետականութեան կորուստ: Ես չեմ կարող դա թոյլ տալ»։

Սա շատ ամօթալի յայտարարութիւն է Հայաստանի կառավարութեան ղեկավարի կողմից։ Նման պատասխան կարելի էր սպասել Էրդողանից կամ Ալիեւից, բայց ոչ Հայաստանի Հանրապետութեան ղեկավարից։ Անհաւատալի է, որ նոյնիսկ Էրդողանն ու Ալիեւը նման հակահայկական յայտարարութիւն չեն արել։

Վերջին հարցը, հաւատաք, թէ ոչ, հետեւեալն էր. «Իրական պատճառը կասէ՞ք՝ ինչո՞ւ որոշեցիք սափրւել [մորուքը]»: Փաշինեանը, հաւատարիմ մնալով հարցերից խուսափելու իր սովորական գործելակերպին, ասաց. «…. պարզ է, որ պատկերի փոփոխութիւն է տեղի ունենում …. Ես կարող եմ միայն մի բան ասել, երբ որոշեցի սափրւել, որոշեցի օրը՝ աւագ դստերս ծննդեան օրն եմ դա անելու, չնայած հիմա, որ եթեր գնայ, միւս դուստրերս հարց են դնելու, թէ ինչու իր ծննդեան եւ ոչ մեր ծննդեան օրերին: Աշոտը [որդին] համոզւած եմ, որ այդ առումով, ոչ միայն այդ առումով, ամբիցիոզ չէ եւ այդպիսի հարց չի բարձրացնի»:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button