Արցախեան պատերազմի մասին պատմող «250 կմ» ֆիլմն ընդգրկւել է «Օսկարի» յաւակնորդների երկար ցանկում
Արցախեան պատերազմի մասին պատմող ռեժիսոր Յասմիկ Մովսիսեանի «250 կմ» ֆիլմն ընդգրկւել է «Օսկարի» յաւակնորդների երկար ցանկում, քանի որ 2024 թ.-ին կինոակադեմիայի որակաւորման փառատօնում՝ 51-րդ Athens International Film Festival-ում, արժանացել է ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ: Այս մասին յայտնում է «Oberton» երաժշտական ընկերութիւնը: Ֆիլմն ընդգրկւած է կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի անւանակարգում։
«Ֆիլմի համաշխարհային յաջողութիւնները եւ տասնեակից աւելի միջազգային մրցանակները վկայում են այն մասին, որ հայ ստեղծագործողները ունեն հնարաւորութիւն արւեստի միջոցով միջազգային լսարանների հետ երկխօսելու եւ բանակցելու բացառիկ ներուժ՝ կրելով պատմութեան ուժն ու դիմացկունութիւնը՝ շնորհիւ նաեւ ֆիլմի ստեղծագործական թիմի բացառիկ աշխատանքի։
Oberton-ում մեծ պատիւ ենք համարում մեր մասնակցութիւնը որպէս այս տպաւորիչ կարճամետրաժ ֆիլմի համարտադրող եւ ձայնային հետարտադրութեան գործընկեր»,- նշում են ընկերութիւնից։
2022 թ. նկարահանւած 22-րոպէանոց ֆիլմը Մոսկւայի Գերասիմովի անւան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի («ВГИК») շրջանաւարտ, կինոռեժիսոր Յասմիկ Մովսիսեանի դիպլոմային աշխատանքն է, այն պատմում է արցախցի մի տղայի մասին, որը Արցախեան երրորդ պատերազմի ժամանակ մեքենայով իր ընտանիքին Արցախից հասցրել էր Հայաստան՝ վարելով հէնց 250 կմ։
Այս տարւայ ընթացքում Նիւ Եօրքում կայացած SR Socially Relevant Film Festival New York կինոփառատօնում «250 կմ» ֆիլմը երկու մրցանակի է արժանացել. «լաւագոյն կին ռեժիսոր» անւանակարգում մրցանակ է ստացել ֆիլմի ռեժիսոր Յասմիկ Մովսիսեանը, իսկ Ռուզան Խաչատրեանը ճանաչւել է «լաւագոյն դերասանուհի»։
Panorama.am-ի հետ զրոյցում նա պատմում է, թէ ինչպէս է նկարահանւել այդ ֆիլմում.
«44-օրեայ պատերազմից յետոյ դեռեւս ВГИК-ի ուսանող Յասմիկ Մովսիսեանը որոշում է, որ պէտք է դիմպոլային աշխատանքը պատերազմի թեմայի մասին լինի։ Այդ ժամանակ պատահական, հեռուստացոյցով պատմութիւն է լսում, որ արցախցի երկու տղաները՝ 11-ամեայ Աշոտն ու 14-ամեայ Վահէն, որոնց հայրերը եղել են մարտի դաշտում, իսկ իրենք պատերազմական վատ գօտում՝ Մարտակերտում եւ Քարվաճառում, ստիպւած ընտանքիներն մեքենաներով տեղափոխում են Երեւան։ Նրանք մեքենայ են վարում ուղիղ 250 կմ՝ Արցախից Հայաստան տարածքը։
Յասմիկի վրայ այդ պատմութիւնները շատ է ազդում եւ որոշում է այդ պատմութիւնները դարձնել ֆիլմ։ Հանդիպում է երկու ընտանիքների հետ։ Երկու պատմութիւնները միացնում է իրար։ Ֆիլմում իւրաքանչիւր դրւագ իրական է, կերպարներն իրական են։ Գլխաւոր դերակատարը հէնց այդ երկու պատանիներից մէկն է՝ Վահէն։
Յասմիկի համար կարեւոր էր, որ դերասանները լինէին Արցախից ու ֆիլմը լինէր արցախեան բարբառով։ Այդ ժամանակ ես Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի գեղարւեստական ղեկավարն էին։ Նա կապնւում է ինձ հետ, խնդրում է դերասանների հարցում օգնել։ Հանդիպում ենք, զրուցում ենք մի երկու-երեք ժամ, խորհուրդ եմ տալիս՝ որ կերպարում ում եմ տեսնում։ Յասմիկն ասում է՝ այս ամբողջ ընթացքում մտածում էի, որ տղայի մօր կերպարը հէնց դու խաղաս։ Ես ասացի՝ չէ, ես չեմ խաղում, ռեժիսոր եմ, երբեք չեմ մտածել ֆիլմում խաղալու մասին։ Համոզեց։ Ես փորձեցի եւ դա իմ առաջին դերն է կինոյում»։
Ֆիլմն այս տարիների ընթացքում մասնակցել է տարբեր միջազգային փառատօների, արժանացել մրցանակների որպէս լաւագոյն ֆիլմ։
«Ես շնորհակալութիւն եմ յայտնում Յասմիկին, որ համարձակութիւն ունեցաւ ու անդրադարձաւ այս նուրբ թեմային առանց որեւէ պաթոսի ու աւելորդ էմոցիաների։ Ինձ թւում է, որ ֆիլմի յաջողութիւնը հէնց դրանում է։ Բոլոր իրական դերակատարները՝ երեխաներն ու մեծահասակները, 2020 թւականին իրականում անցել են այդ մղջաւանջի միջով։ Ոչ մի կեղծ բան չկայ, բոլորս բնական վիճակներում ենք։ Իհարկէ, շատ ցաւալի էր բոլորիս համար»,- ասում է Ռ. Խաչատրեանը։
Նա համոզւած է՝ այսօր էլ «250 կմ» ֆիլմն ասելիք ունի, եւս մէկ ճանապարհ է խօսելու այն խնդիրների մասին, որոնք այսօր աշխարհում կան հէնց պատերազմների պատճառով։
Հարցին՝ երեք տարի առաջ էք խաղացել ֆիլմում, եթէ հիմա նկարահանւէր՝ այլ կերպ կը խաղայի՞ք, նկատի ունենալով նաեւ 2023 թ. սեպտեմբերեան իրադարձութիւններն ու արցախցիների բռնի տեղահանութիւնը, Ռ. Խաչատրեանը պատասխանում է. «Արցախի հայաթափումից յետոյ՝ մօտ հինգ ամիս առաջ, ինձ զանգեց մի պրոդիւսեր, ասաց՝ իսպանացի ռեժիսորն ուզում է ֆիլմ նկարահանել 12-ամեայ Արէնի մասին, ով փրկել է իր ընտանիքին՝ մեքենայով նրան Արցախից Հայաստան տեղափոխելով։ Ես աշխատել եմ թատրոնում Արէնի մայրիկի հետ։ Իրենք ուզում էին, որ ես խաղայի տղայի մայրիկի դերը։ Ծիծաղում եմ ու ասում՝ այդ թեմայով արդէն ֆիլմ նկարահանւել է, ու ես խաղացել եմ հէնց մօր դերը։ Այդ ծրագիրը չեղարկւեց՝ իմանալով, որ այդ պատմութեամբ արդէն նկարահանւել է ֆիլմ եւ ունի փառատօնային յաջող ընթացք։
Բայց եթէ չլինէր էլ «250 կմ» ֆիլմն ու ես խաղացած չլինէի այդ դերը, ես այս անգամ կը հրաժարւէի, որովհետեւ հիմա բաւականին բարդ է այդ թեմային անդրադառնալը, այդ թեմայով աւեստի հետաքրքիր գործ ստեղծելը, քանի որ ամէն ինչ շատ թարմ է, նոր է»։