Վահէ Սարգսեան. «Վերջ… Բաքուն դրեց Փաշինեանի «խաղաղութեան (իմա՝ մահւան) դարաշրջանի» տապանաքարը»
«ԱԼԻՔ» – Բաքուն դրեց Փաշինեանի «խաղաղութեան (իմա՝ մահւան) դարաշրջանի» տապանաքարը: Այս մասին ֆէյսբուքի իր էջում գրել է Yerkir.am-ի գլխաւոր խմբագիր Վահէ Սարգսեանը՝ անդրադառնալով ադրբեջանից փախաստականների Հայաստան վերադարձի իրաւունքի մասին Ալիեւի ներկայացրած նոր պահանջին.
«Վերջ… Բաքուն դրեց Փաշինեանի «խաղաղութեան (իմա՝ մահւան) դարաշրջանի» տապանաքարը:
Մինչ օրս «խաղաղութեան պայմանագրի» գլխաւոր նախապայմաններից էր ՀՀ գոյութեան հիմք Անկախութեան հռչակագրի չէզոքացումը ՀՀ Սահմանադրութիւնից, միջանցքի նւաճումը Սիւնիք-Վայոց ձորի մարզերի տարածքով, եւ այլն:
Յուլիսի 2-ին արդէն Բաքուն Ալիեւի եւ իշխանութեան խօսափող ՀԸ-ի միջոցով պաշտօնականացրեց ամենասպասւած ու կործանարար պահանջներից գլխաւորը. Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը խօսելով վերադարձի իրաւունքի մասին՝ Ալիեւը յայտարարել է, որ այդ իրաւունքը պետք է ապահովւի փոխադարձաբար, այդ թւում՝ «արեւմտեան ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար:
Միաժամանակ՝ իշխանական ՀԸ-ի միջոցով Բաքուն ազդարարել է, որ ՀՀ Սահմանադրութեան մէջ պէտք է կատարել, այսպէս կոչւած, «արեւմտեան ադրբեջանցիների վերաբնակեցմանն» առնչւող 2 փոփոխութիւն: Առաջին՝ «արեւմտեան ադրբեջանցիների» անվտանգութեան ապահովում՝ օտարերկրեայ միջնորդական առաքելութեան երաշխաւորութեամբ։ Հայաստանում պէտք է տեղակայւեն զինւած ուժեր այն երկրից, որը դաշնակից է Ադրբեջանին ու վայելում է վստահութիւն: Երկրորդ՝ «արեւմտեան ադրբեջանցիների» ադրբեջաներենով կրթութեան իրաւունքի ապահովում։
Սա նշանակում է, որ Փաշինեանի խոստացած «խաղաղութիւնը» կարող է հաստատւել միայն այն ժամանակ, երբ, բացի Սահմանադրութեան փոփոխումից եւ Հռչակագրից հրաժարումից (իմա՝ ՀՀ վերացումից), միջանցքի կորզումից եւ այլնից, ՀՀ տարածք վերադառնան մի քանի հարիւր հազար կովկասեան թաթարները (ադրբեջանցիները), եւ նրանց անվտանգութիւնն ապահովեն ՀՀ-ում տեղակայւած Թուրքիայի զինւած ուժերը: Բնականաբար՝ այդ զանգւածի ունեցւածքի ու կրած վնասների փոխհատուցման, ռազմատուգանքների, ռեպարացիաների հարցը յաւելեալ կը դրւի, եւ այդ առթիւ այժմ շրջանառւում է 100 մլրդ. դոլար թիւը:
Եւ այս ամէնից յետոյ եթէ ՀՀ պետութիւնը ֆորմալ առումով պահպանւի, ապա դա միմիայն մի բանի համար, որ հայ ժողովուրդը տքնաջան աշխատի ու վճարի թուրք-ադրբեջանական տանդեմին այնքան ժամանակ, որքան այդ վասալը կը ցանկանայ:
Ի դէպ, Բաքուն այս օրերին զարմանալիօրէն այլեւս չի խօսում «անկլաւների», այն է՝ Տիգրանաշէնի ու Տաւուշի երկու հսկայ տարածքների վերադարձի եւ «Սիւնիքի միջանցք»-ի մասին: Սա մի բան է գուժում, խնդիրը (յատկապէս՝ «անկլաւների» հարցը) «լուծւած է», մնում է տեխնիկապէս դրանք յանձնել Ադրբեջանին, եւ հաւանաբար այդ յանձնարարութեան կատարման վրայ էլ այս օրերին աշխատում է Փաշինեանի խմբակը:
Եւ այս «մահւան տեսիլը» ներկայացւում է իբրեւ խաղաղութեան օրակարգ…»,- գրել է նա: