Խաղաղութի՞ւն… Այդ փաստաթղթում խաղաղութիւն չկայ
Յունւարի 11-ին «Հրապարակ TV»-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարւել ինչպէս յետպատերազմեան առաջին շրջանից մնացած, այնպէս էլ օրացոյցային նոր տարւայ սկզբից մեծ արագութեամբ ի յայտ եկած խնդիրներին, որոնց լուծումներն ու կարգաւորումները, ըստ պատգամաւորի, ընդդիմութիւնն ունի, առաջարկում է, սակայն ՀՀ «ինքնասիրահարւած» իշխանութիւններն ականջալուր չեն ընդդիմութեան խօսքին:
Գառնիկ Դանիէլեանն ի մասնաւորի խօսել է նաեւ Երեւանի կենտրոնը բեռնաթափելու ուղղութեամբ իշխանութիւնների ձեռնարկած թերի եւ ոչ նպատակայարմար քայլերի մասին, նշել, որ դրանք արդիւնաւէտ չեն եւ խորքում այլ նպատակներ են հետապնդում: Գոյքահարկի աննախադէպ եւ շարունակական թանկացումներն, օրինակ, ըստ պատգամաւորի՝ պատճառ կը դառնան, որ Երեւանի կենտրոնն աստիճանաբար «մաքրւի» ոչ ունեւոր խաւից: Գրեթէ նոյնն է կատարւում նաեւ այսպէս կոչւած «կարմիր գծերով» աւտոկանգառների պարագայում: «Այնպէս չէ, որ վճարը տարեկան 160 հազար դրամ բարձրացնելուց յետոյ «կարմիր գծերում» դատարկ տեղեր են յայտնւել: Դրանք այսօր էլ լիքն են, պարզապէս այլ մեքենաներ են կայանած: Նոյնիսկ պետական ծառայողներ կան, որոնք աւտոմեքենայով քաղաքի կենտրոն չեն իջնում, պատճառաբանելով, որ չեն կարող իրենց մէկ ամսւայ աշխատավարձը տալ կայանատեղիին»,- ասել է Գառնիկ Դանիէլեանը:
Գառնիկ Դանիէլեանն անդրադարձել է նաեւ իշխանութիւնների կողմից անընդհատ թմբկահարւող հայ-ադրբեջանական «խաղաղութեան պայմանագրին» եւ նշել, որ այդ փաստաթղթում ըստ էութեան, խաղաղութիւն չկայ եւ այն նման է գեղեցիկ փաթեթաւորւած անորակ կոնֆետի: Հնարաւո՞ր են, արդեօք նոր արտահերթ ընտրութիւններ՝ իշխանութիւնների վերջին պոպուլիստական քայլերի եւ ընդդիմադիր պատգամաւորների՝ յաճախացած մարզային այցերի ֆոնին. պատասխանելով այս հարցին՝ Գառնիկ Դանիէլեանն ընդգծեց, որ ընդդիմադիր պատգամաւորների մարզային այցերը նոր երեւոյթ չեն, դրանք շարունակական պրոցես են, որ անկախ որեւէ իրավիճակից շարունակւելու է: «Իսկ ինչ վերաբերում է իշխանութիւնների վերջին շրջանի պոպուլիստական պահւածքին, ապա, իմ կարծիքով, դա սովորական մանիպուլիացիա է՝ նոր ձախողումների հետ կապւած հասարակական խիստ արձագանգը մեղմացնելու նպատակով»,- ասել է պատգամաւորը: