Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Stratfor. «Արեւմուտքի հետ ՀՀ-ի խորացող համագործակցութիւնն անկայունութիւն կը բերի, իսկ Կրեմլը կը փորձի վերականգնել տարածաշրջանում իր ազդեցութիւնը»

«ԱԼԻՔ» – Սահմանային երթուղիների վերականգնումն ընդգծում է Հայաստանի տարածաշրջանային դիրքի փոփոխութիւնը։ Ռուսաստանի հետ պրագմատիկ առեւտրային եւ էներգետիկ կապերը կարող են կայունացնող ազդեցութիւն ունենալ կարճաժամկէտ հեռանկարում: Սակայն Արեւմուտքի հետ խորացող համագործակցութիւնը, որն ամրապնդւել է Եւրամիութեան հետ նոր ռազմավարական օրակարգի ստորագրմամբ, անկայունութիւն կը բերի, քանի որ Կրեմլը, հաւանաբար, կը փնտրի տարածաշրջանում իր ազդեցութիւնը վերականգնելու ուղիներ։ Այս մասին ըստ 168.am-ի՝ գրում է Stratfor վերլուծական կենտրոնը։

Աղբիւրը յիշեցնում է, որ Նիկոլ Փաշինեանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Սանկտ Պետերբուրգում յայտնել է, որ Հարաւային Կովկասում տեղի են ունենում էական եւ դրական փոփոխութիւններ՝ նշելով Ադրբեջանի տարածքով երկաթուղային տարանցման վերսկսումը եւ Հայաստանն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ կապող երկաթուղային հիմնական հատւածների վերականգնման նոր օրակարգը։ Պուտինը, իր հերթին, ընդգծել է «Հայաստանի սահմանները բացելու» ներուժը եւ համագործակցութիւնն առաջ մղելու հնարաւորութիւնները՝  նոյնիսկ երկկողմ առեւտրի աճի դանդաղման պայմաններում։

Սա Փաշինեանի երրորդ անմիջական հանդիպումն էր Պուտինի հետ 2025 թւականին՝ 2023 թւականին երկկողմ յարաբերութիւնների վատթարացումից յետոյ: Երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութիւնն այս տարւայ յունւար-հոկտեմբեր ամիսներին տարեկան կտրւածքով նւազել է 59%-ով: Փաշինեանը, մասնաւորապէս, չի մասնակցել նոյեմբերին Բիշքեկում (Կիրգզստան) կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան գագաթնաժողովին՝ շարունակելով Մոսկւայի գլխաւորած դաշինքից հեռացման միտումը: Միաժամանակ՝ նոր կարգաւորւող տարանցիկ երթուղիները հնարաւորութիւն են տւել Ռուսաստանի եւ Ղազախստանի ցորենը Հայաստան բերել Ադրբեջանի տարածքով: Դեկտեմբերի 23-ի դրութեամբ Ադրբեջանը սկսել է բենզին վաճառել Հայաստանում՝ ռուսական վառելիքից մօտ 17% պակաս գնով՝ չնայած Ռուսաստանը դեռեւս մատակարարում է Հայաստանի վառելիքի ընդհանուր ներմուծման մօտ երկու երրորդը:

Related Articles

Back to top button