Գարիկ Քեռեան. «Իրանը տարածաշրջանում ՀՀ տարածքային ամբողջականութեան պաշտպանութեան թիւ 1 պետութիւնն է»
«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Գարիկ Քեռեանը Իրանին համարել է տարածաշրջանում Հայաստանի տարածքային ամողջականութեան պաշտպան թիւ 1 պետութիւնը: Այս մասին նա գրառում է կատարել ֆէյսբուքեան իր էջում.
«Իրանը ազատ առեւտրի պայմանագրով փաստացիօրէն լայն տնտեսական ինտեգրման է գնում ԵԱՏՄ-ի հետ, Հայաստանը լինելով նրան սահմանակից ԵԱՏՄ անդամ միակ պետութիւնը ստանում է 70 մլն. երկրում տնտեսակա-առեւտրական ելքի բացառիկ հնարաւորութիւն:
Իրանը տարածաշրջանում ՀՀ տարածքային ամբողջականութեան պաշտպանութեան թիւ 1 պետութիւնն է:
Արդէն ուրւագծւում է ՌԴ-Ադրբեջան-Իրան տրանսպորտային կոմունիկացիոն համագործակցութեան ձեւաչափը, դէպի հարաւային ծովեր ելքով: Կնքւում է ՌԴ-Իրան գազային պայմանագիր: Այս ձեւաչափը կարող է զսպել Ադրբեջանի յաւակնութիւնները Հայաստանի հանդէպ: Վրաստանը սառեցնում է իր եւրոինտեգրման քաղաքականութիւնը, քառորդ դար սպասելուց եւ հիասթափւելուց յետոյ: Թրամփը համարեա ընտրւած է եւ նա վերջ է դնելու ուկրաինական պատերազմին, որի արդիւնքում ակտիւանալու է ՌԴ քաղաքականութիւնը Հարաւային Կովկասում:
Շատ անհրաժեշտ տեղեկատւութիւն եվրոինտեգրման «հանրաքւէի» մեծ փոթորիկի ռահւիրաներին, ՀՀ ամբողջ հեռուստաեթերը եւ մեդիադաշտը վարող պալատական «քաղաքագէտ-վերլուծաբաններին», նրանց արցունքակալ աչքերով հարցեր տւող հեռուստալրագրող-հաղորդավարներին եւ նրանց հովանաւորներին:
Հա, մէկ էլ չմոռանամ աւելացնել, որ ժողովրդավարութիւնը անվտանգութեան գրաւականն է, որովհետեւ ՌԴ-ն, Իրանը, Ադրբեջանը եւ աւտորիտարիզմի ուղին բռնած Վրաստանը ահաւոր «ժողովրդավար» են, դէ ինչպէս միշտ խեղճ Հայաստանն էլ էն գլխեն ժողովրդավարութեան կղզեակ է եւ շնորհիւ դրա շատ մեծ «նւաճումների» ունի, յատկապէս ոչ ժողովրդավար Ադրբեջանի հետ հակամարտութեան մէջ: Լաւ եղեք իմ սիրելի ժողովրդավար հայրենակիցներ, դուք հաստատ սխալւում էք, բայց Աստւած տայ ես սխալւեմ»,- գրել է նա: