Գառնիկ Դանիէլեան. «Պատերազմից առաջ մարդկանց զգօնութիւնն են թուլացնում»
«ԱԼԻՔ» – Թշնամին արդէն տեղաւորւել է Կիրանցում եւ յարակից գիւղերում: Այս մասին երէկ՝ օգոստոսի 14-ին, լրագրողներին ասել է ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը:
«Դուք տեսաք այն նկարը, որտեղ հետնիոտնային գիծը գծած է եւ հետնիոտնային գծից այն կողմ Ադրբեջան է: Ասենք էդ հետնիոտնային գիծը ինչի համար են արել, որ դրանից այն կողմ արդէն Ադրբեջան է, ես չեմ կարողանում դա հասկանալ, չի տեղաւորւում իմ ուղեղի մէջ: Կամ սեպտեմբերի 1-ին երեխաները ո՞նց են գնալու դպրոց, կամ էդ ճանապարհը, ամէն վայրկեան կարող է քայլ անի եւ Ադրբեջանի վերահսկողութեան տակ յայտնւի Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին: Մենք որ ասում էինք, որ ադրբեջանցիները կիրանցիների ցորենը հնձել է, դա արդէն փաստ է, գիւղացիներն են արդէն այդ մասին ասում»,- ասել է նա:
Գառնիկ Դանիէլեանը նաեւ ասաց, որ ինքը հարցում է ուղարկել կառավարութիւն այն մասին, թէ որքան փոխհատուցում է տրւել հողատարածք, շէնք կամ շինութիւն կորցրած կիրանցեցիներին, սակայն իրեն մերժել են տեղեկատւութիւն տրամադրել, նշելով, որ դա «գաղտնի» գրիֆի տակ է:
«Տարբեր մարդկանց տարբեր գումարներ են տւել՝ ըստ բողոքի, նաեւ չեն նշել այդ գումարների աղբիւրը, թէ որտեղից են տւել այդ գումարը: Կամ այն մարդիկ, որոնք հրաժարւել են փոխհատուցումից, ի՞նչ է լինելու նրանց հետ»,- ասել է պատգամաւորը:
Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թէ ըստ Փաշինեանի, Իջեւանը երբեք այդքան ուրախ չէր եղել, որքան «Ֆեստիվառ»-ից յետոյ, Գառնիկ Դանիէլեանն ասել է. «Ինչի՞ հիման վրայ պիտի տաւուշցին ուրախ ու երջանիկ լինի: Որ Տաւուշի առաջնագիծը քանդել, տւել են թշնամո՞ւն եւ հէնց իրենց արտգործնախարարն է յայտնում, որ սպասւում է պատերազմ Հայաստանի վրա՞յ: Միայն Իջեւանի «Ֆեստիվառ»-ի վրայ 30 միլիոնի ծախս են արել, որ ժողովրդին ասեն` ամէն ինչ լաւ է, մի մտահոգւէք, կեանքը կարճ է, վայելէք այս ուրախ պահերը»:
«Պատերազմից առաջ ուզում են մարդկանց զգօնութիւնը թուլացնել»,- շեշտել է պատգամաւորը՝ յաւելելով. «Հայաստանում ամէն օր սպանութիւններ են, ռազբորկաներ են: Խայտառակ իրավիճակ է թմրանիւթերի հետ կապւած: Ուսանողներից մինչեւ դպրոցական երեխաներ նստեցրել են թմրանիւթերի վրայ: Անգամ հասել են նրան, որ նարկոտիկ վաճառողները Եռաբլուրում են բաժանում: Այս ամէնի նպատակն է` մարդկանց զգօնութիւնը թուլացնել պատերազմից առաջ»: