Դատող կողմի համար այս դատավարութիւնը տապալւած է

Բաքւի վերաքննիչ դատարանում աւարտւել է Արցախի ռազմական եւ քաղաքական ղեկավարութեան դէմ յարուցւած շինծու դատավարութեան հերթական փուլը։ Բաքւի բանտից Արցախի ԱԺ նախկին նախագահ Դաւիթ Իշխանեանը հերթական անգամ ուղերձ է յղել՝ ընդգծելով, որ դատավճիռը վաղուց կանխորոշւած է. պաշտպանական կողմի հիմնական նպատակը գործը միջազգային իրաւական ատեաններ հասցնելն է.
Խաղաղութեան դատավարութեան հերթական փուլը կարելի է համարել աւարտւած։ Վերաքննիչ դատարանը գնացել է խորհրդակցութեան, բայց, ինչպէս դատարանում ենք ասել, բոլորիս համար էլ պարզ է, որ այդ վճիռը վաղուց կայացւած է, եւ դատավարական կոլեգիան չէ, որ կայացնում է այդ վճիռը։ Դատավարական կոլեգիան միայն յայտարարութեան կարգով կը յայտարարի եւ կը հրապարակի այն, ինչ արդէն վճռւած է։
Մեր վերջին ելոյթները շատ հետաքրքիր եւ իւրայատուկ էին, ինչպէս նշել եմ, բաւականին արժանի ելոյթներ էին։ Ինչպէս Առաջին ատեանի դատարանում, այս պարագայում էլ թէ՛ դատախազութեան ներկայացուցիչները, թէ՛ նաեւ դատաւորը անհիմն կերպով միջամտում էին, ընդհատում էին ելոյթները։ Ինձ այդպէս էլ չթողեցին ամբողջական ներկայացնեմ իմ խօսքը։ Բայց, այնուամենայնիւ, խնդիր չէ։ Մենք բոլորս հասկանում ենք, որ սա քաղաքական դատավարութիւն է, եւ շատ պարզ յայտարարում ենք, որ քաղաքական դատավարութիւնն այլ կերպ չի էլ կարող լինել։
Ամենամեծ գնահատականը, հաւանաբար, այս դատավարութեանը տւել է պաշտպաններից մէկը, ով Առաջին ատեանի դատարանում հէնց այսպէս զգուշացրել է, որ տարիներ յետոյ ամաչելու են իրենց սերունդների առաջ։ Իսկ այս անգամ շատ իւրայատուկ խօսք փոխանցեց դատավարական կոլեգիային՝ յորդորելով, որ չպղծեն դատարանը, որ իրենք այս դատավարութեամբ արդէն պղծել են յաղթանակները։ Այսինքն՝ մեր ընդհանուր պահւածքն արդէն մղում է նրանց, որպէսզի խոստովանեն, որ դատավարական գործընթացում իրենք լուրջ բացեր են ունեցել։
Ինչպէս ես նշեցի իմ խօսքի մէջ, վերջին ելոյթի ժամանակ, Առաջին ատեանի դատարանում, փաստօրէն, քաղաքականապէս եւ բարոյապէս մեղադրող կողմը եւ դատավարական կոլեգիան, որոնք, փաստօրէն, այս գործով հանդէս են գալիս որպէս որոշում կայացնողներ, չեն շահել դատը։ Շահողը եղել ենք մենք՝ որպէս մեղադրեալներ, այսպէս ասած։
Մենք արժանի հակահարւածներ ենք տւել այն փաստարկներին եւ այն կեղծ պնդումներին, որոնք վերաբերում են մեր ժողովրդի անցեալին, ներկային, մեր ժողովրդի պատւի խնդիրներին, շինծու հիմնաւորումներին, ազգային ինքնասիրութիւնը ոտնահարող պահւածքին եւ կեղծւած պատմութեանը։
Այդպիսի մի իրավիճակ է, որ պէտք է ասել՝ սա պայքարի մի դաշտ է, որտեղ գործում է ուժի օրէնքը, այսինքն՝ օրէնքի ուժ չկայ։ «Մենք ենք որոշողը» սկզբունքով են առաջնորդւում դատաւորները եւ դատավարական կոլեգիան, եւ անում են այն, ինչ ուզում են։ Մեզ համար էլ դա հասկանալի է։
Բայց, ինչպէս նշել ենք, սա մեզ համար երկրորդական է, եւ մենք իրաւական բոլոր ձեւականութիւնները ապահովում ենք, որպէսզի հասնենք միջազգային դատարան։ Այնպէս որ, այս դատավարութիւնը կարող ենք համարել մեղադրող կողմի համար տապալւած դատավարութիւն։
Լրատւութիւնը, ինչպէս միշտ, ներկայացւում է միակողմանի, մանիպուլացւած, իրականութեանը ոչ համապատասխան ձեւով։ Մէկ-մէկ նոյնիսկ մտածում ենք՝ ո՞ւր են «Ազատութիւն» ռադիոկայանի լրագրողները, ազատութիւն որոնող լրագրողները։ Մօտ երկու տարի է սպասում ենք, որ դատարանի դահլիճում կը յայտնւեն։ Չէ՞ որ նրանց համար Սպիտակ տան պատերը, Կրեմլի պատերը կամ եւրոպական որեւէ երկրի այդ թւում նաեւ Բրիւսէլի պատերը շօշափելը դժւար չէ։ Բայց Բաքւի դատարանների դահլիճներում նրանց այդպէս էլ չտեսանք, որպէսզի աշխարհին ներկայացնեն, թէ ում են դատում, ինչու են դատում եւ ինչպէս են դատում։
Յուլիսի 17-ին ես միջնորդութիւն էի ներկայացրել դատարանին, որպէսզի մեղադրող կողմը՝ դատախազութիւնը, հաշւի առնելով ներկայ ստեղծւած իրավիճակը, հայցը յետ վերցնի, եւ քրէական գործը կարճւի, այս քրէական հետապնդումը դադարեցւի։ Տեղում մերժւեց։ Ես, բնականաբար, ներկայացրի, որ երիտասարդ կազմը պէտք է խորհրդակցի իր վերադասի հետ, սակայն դա եւս տեղում մերժւեց։
Յուլիսի 31-ին, մեր վերջին նիստի ժամանակ, վերջին խօսքում ես դիմեցի դատաւորին եւ առաջարկ ներկայացրի, որպէսզի իմ այդ միջնորդութեան բովանդակութեամբ առաջարկ ներկայացւի՝ օգտագործելով իր լիազօրութիւնները, եւ դատական կոլեգիան, անհրաժեշտութեան դէպքում, խորհրդակցի նրանց հետ, ովքեր որոշում են կայացնում, հաշւի առնելով երկու երկրների, երկու ժողովուրդների միջեւ ստեղծւած նուրբ քաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական դերակատարների դերը, եւ, որպէս ապագային միտւած ներդրում, այս քրէական հետապնդումը դադարեցնեն եւ գործը կարճեն։
Ինչ որոշեն՝ դա այլ հարց է, բայց, յամենայնդէպս, այդպիսի առաջարկ ներկայացւել է։
Մէկ անգամ եւս պիտի ասեմ, որ մօտ երկու տարի շարունակւող այս երկու դատավարութիւնների ընթացքում պաշտպանական կողմն այդպէս էլ չստացաւ ոչ մեղադրական ակտը, ոչ մեղադրական եզրակացութիւնը եւ ոչ էլ Առաջին ատեանի դատարանի դատավճիռը։
Լաւ մնացէք։ Մենք մեր խօսքը դեռ կասենք։



