«Դրօշակ»-ի Առաջնորդող. Պատասխանատւութեան առաքելութիւնը

Ընտրութիւնները, իրենց բուն նպատակին զուգահեռ, լուծում են դրանից բխող մէկ կարեւոր խնդիր եւս՝ խաղաղ ու ներդաշնակ մթնոլորտ են հաստատում երկրում, ըստ հասունացած հասարակական պահանջի՝ վերափոխելով քաղաքական դաշտը։ 2026 թւականի յունիսին Հայաստանում տեղի ունեցած ընտրութիւններն ոչ միայն չլուծեցին առկայ հիմնահարցերը, այլեւ աւելի ընդգծեցին դրանք՝ խորացնելով հասարակական դժգոհութիւնն ու հիասթափութիւնը։ Պատճառն ակնյայտ է՝ ընտրութեան հրամցւած արդիւնքը չէր համապատասխանում հասարակութեան մեծամասնութեան ակնկալիքներին։ Չսպասելով ընտրութիւնների օրինականութեան վիճարկման հարցով Սահմանադրական դատարանի վերջնական վճռին՝ երկրի գործող վաչապետը հրապարակայնացրեց խորհրդարանում եւ իշխանական այլ օղակներում նշանակումների եւ վերանշանակումների հարցեր, կանխապէս հանրութեանն ուղերձ յղելով, որ աւելորդ են դատարանի վճռի հետ կապւած նրա սպասումները։
Յիշելով, մասնաւորապէս, յունիսի 7-ի ընտրութիւնների գիշերը, արդիւնքների հաշւարկի հէնց սկզբում, նոյն վարչապետի յայտարարութիւնն իր գլխաւորած ուժի յաղթանակի մասին, համոզւում ենք, որ գործ ունենք քաղաքական գործընթացները կանխելու գործելակերպի հետ, որն ուղերձ է, առաջին հերթին, տւեալ գործընթացներն իրականացնող պետական մարմիններին եւ, ապա, հանրութեանն ու քաղաքական ուժերին։ Իր սեւ գործն անելուց յետոյ Նիկոլ Փաշինեանը մեկնեց արձակուրդ, իսկ իրականում փախուստ տւեց անմիջականօրէն առճակատւելուց այն հիմնահարցերի հետ, որոնք ընտրութիւններից անմիջապէս յետոյ բոլոր կողմերից ծառացան նրա առջեւ, ինչպէս եւ այն ռեպրեսիաներից որոնք երկրում ծաւալւելու էին իր իսկ հրահանգով։ Այդ խնդիրները նրա համար սկսւում էին յարաբերութիւններից սեփական թիմի հետ, որի մի մասին նա, ուզէր թէ չուզէր, պէտք է հիասթափեցներ, քանի որ խորհրդարանական տեղերն ու միւս բարձրագոյն պաշտօններն անսահմանափակ չեն, իսկ միւս կողմից, ծառացել էին ներթիմային ու կադրային այլ խնդիրներ, որոնք ցանկանում էր լուծել ՔՊ առաջնորդը։
Առաջին հայեացքից արտաքին ու ներքին բազում հիմնահարցերի կողքին ներթիմային խնդիրները թւում են երկրորդական՝ այս դէպքում, սակայն, անակնկալ մի պահի սրանք կարող են դառնալ ամենաճակատագրականը Նիկոլի իշխանութեան համար։ Նա մշտապէս զգօն է, որ յանկարծ դասալքութիւններ ու ճեղքւածքներ չառաջանան սեփական «տանը», ինչն այդ թղթէ կառոյցը ցիրուցան կանի ժամերի ընթացքում։ Եւ այս դէպքում, նախորդ բազում անգամների նման, ի՞նչ է անում նա իր անսկզբունք, անհայրենիք, ագահ ու իշխանատենչ թիմակիցների սանձերը ձեռքում պահելու համար. առնում է նրանց՝ այս անգամ 5 միլիարդ դրամի պարգեւավճար բաժանելով, այն պահին, երբ հին իշխանութիւնն աւարտել է իր գործունէութիւնը, իսկ նորը դեռ չի սկսել։ Ինչ վերաբերում է պետական ողջ համակարգն ընդգրկող այդ թիմին, ապա փողի դիմաց վճարողի բոլոր քմահաճոյքները կատարողների հարցում, ում շէֆը մէկ վայրկեանում եւ մէկ SMS-ով կարող է թռցնել աթոռից, որեւէ դրական դրսեւորում ակնկալելու հիմքեր չկան։ Պէտք է ցաւով արձանագրենք, որ սրանք իրենց բախտախնդիր առաքելութեամբ ամենաամօթալի էջն են գրում հայոց պատմութեան մէջ։
Նիկոլ Փաշինեանին կամակատար կենտրոնական ընտրական յանձնաժողովը եւ Սահմանադրական դատարանը հաստատեցին ընտրութիւնների անօրինական արդիւնքները, բայց արդեօ՞ք դա ապահովեց Նիկոլ Փաշինեանի կայուն եւ անամպ իշխանավարման գալիք տարիները։ Ակնյայտ է, որ իշխանազաւթման այս ճիգի ընթացքում Փաշինեանը կորցրեց իր քաղաքական լեգիտիմութիւնը, բարոյական վարկը, եւ օրինականութեան հիմքը։ Սահմանադրական դատարանի վճիռը չչորացած՝ գազազած Փաշինեանը անձնական օգտագործման ուժային կառոյցներին ուղղորդեց ձերբակալելու Գագիկ Ծառուկեանին, կասեցնելու գործունէութիւնը եւ խլելու յայտնի գործարարին պատկանող ձեռնարկութիւնները։ Թւում էր, թէ Գագիկ Ծառուկեանի գլխաւորած ուժից նրա օրինականօրէն ձեռք բերած մանդատները խլելով՝ Նիկոլ Փաշինեանը դաժանօրէն պատժեց վերջինիս իր դուդուկի տակ պար չգալու համար, բայց Փաշինեանը հասկանում է, որ իր այս աղաղակող անօրինականութեամբ բարոյական ու քաղաքական աւելի մեծ հարւած ստացաւ, քան գործարարը։ Գուցէ բացի սահմաններ չճանաչող յիշաչարութիւնը, այս քայլով Նիկոլ Փաշինեանը փորձում էր արժէզրկել Գագիկ Ծառուկեանի քաղաքական դրամագլուխը՝ ներսի ու դրսի աչքին նրան ներկայացնելով որպէս քրէաօլիգարխիկ կլանի առաջնորդ։
Այնուամենայնիւ, առաջին հայեացքից զարմանալի, իսկ տրամաբանութեան տեսանկիւնից լիովին բացատրելի է, որ օլիգարխներին ու թալանչիներին պատժելու կարգախօսն ութ տարի թափահարող երկրի ղեկավարի այս քայլը հանրութեան մեծամասնութեան աչքին աւելի ու աւելի վարկաբեկեց նրան, փոխարէնը մեծացնելով համակրանքը գործարարի նկատմամբ։ Այս առումով Փաշինեանն իր ցուցադրական շոուների վերածւած անօրինական քրէական հետապնդումներով այլեւս ոչ թէ ընկալւում է որպէս արդարութեան մարտիկ, այլ իշխանութեան պատժիչ մեքենան սեփական աթոռի պահպանութեանը ծառայեցնող դիկտատոր։ Փաշինեանն Արեւմուտքին եւ թուրքադրբեջանական դաշինքին մեծ խոստումներ է տւել՝ իր իշխանութեան պահպանման համար վերջիններիս գործնական հովանաւորութիւնը ստանալու դիմաց։
Յանուն այդ նպատակի նա բացայայտօրէն հակադրւեց Ռուսաստանին, որի հովանաւորութիւնն իր քաղաքական կայունութեան հիմնական երաշխիքներից մէկն էր անցնող տարիներին։ Այդ երաշխիքներից մէկն էլ այն տնտեսական օգուտներն էին, որոնք կարծես առատութեան եղջիւրից թափւեցին այս իշխանութեան գիրկը, երբ Արեւմուտքի պատժամիջոցների տակ յայտնւած Ռուսաստանի հետ բազմակի անգամ մեծացաւ Հայաստանի առեւտրաշրջանառութիւնը։ Դրա փոխարէն այսօր Ռուսաստանը տնտեսական չյայտարարւած պատժամիջոցների է ենթարկում Հայաստանին, որոնք կործանարար կարող են դառնալ հայ արտադրողների համար եւ կտրուկ անկումների առջեւ կանգնեցնել Հայաստանի տնտեսական-սոցիալական կեանքը։
Նախընտրական փուլում Փաշինեանը խաբեց ժողովրդին, թէ հրաշալի յարաբերութիւններ ունի ռուսական իշխանութիւնների հետ եւ շատ հեշտութեամբ կը լուծի ի յայտ եկած բոլոր խնդիրները։ Այսօր ոչ միայն կեղծիքի այս հերթական փուչիկը պայթեց, այլեւ բացայայտւում է այն սուտը, թէ Արեւմուտքը շուկաների դռները բացած սպասում է հայ արտադրողներին։ Միւս կողմից, Արեւմուտքը պահանջում է արագացնել Ռուսաստանի հետ եղած տնտեսական, էներգետիկ, հաղորդակցական եւ ռազմական կապերի խզումը, ի դէպ՝ քաղաքական, տնտեսական եւ ֆինանսկան «փոխհատուցման» առումով չարդարացնելով Հայաստանի իշխանութիւնների ակնկալիքները։ Մէկ այլ կողմից, Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք նոյնպէս երգում էին այնքան ցանկալի Խաղաղութեան հանկերգը Նիկոլի վերարտադրութեանը օգնելու համար, այժմ օր-օրի մեծացնում են ճնշումը՝ պահանջելով գործնական քայլեր խոստացւած զիջումների հարցում։ Իր իսկ սարքած աջափսանդալի մէջ եփւող, քաղաքականօրէն թուլացած եւ բարոյապէս սպառւած Նիկոլը պէտք է փորձի լուծում տալ այդ բոլոր հարցերին, մինչդեռ իւրաքանչիւր լուծում ինքնին հակասում եւ հակադրւում է մէկ այլ պահանջի։
Իր վաղւայ զիջումների դիմաց ներքին ընդվզումները կանխելու համար Փաշինեանն այսօր փորձում է գլխատել ընդդիմութեանը, ջլատել հաւանական ընդվզման ներուժը, սերմանել համատարած վախ եւ հանրութեանը մղել խուլ կրաւորականութեան։ Այս ուղղութեամբ այսօրւայ նրա քայլերը յիշեցնում են անկանոն ջղաձգումներ։ Լայն ճակատով իրաւական անարխիայի շրջագծի մէջ առնելով ողջ ընդդիմադիր դաշտը, վերջինիս համակիրներին եւ աջակիցներին՝ Փաշինեանը կարծես փորձում է սրանով հասկացնել ողջ հանրութեանը, որ այս հետապնդումները սպասւում են բոլոր նրանց, ովքեր կը փորձեն դժգոհութիւն արտայայտել չսպառւած արտադրանքի, կորցրած վարկերի, աշխատատեղերի, շուկաների, աճող գների ինչպէսեւ կենսապայմանների սողացող անկման համար։ Ոտքի վրայ հանպատրաստի թխւող քրէական գործերը յօդս են ցնդում՝ բախւելով իրաւական, փաստական իրողութիւնների հետ, բայց Նիկոլն անկիւն քշւած գազանի պէս պատրաստ է յարձակւել իւրաքանչիւրի վրայ՝ այլեւս թէկուզ ձեւականօրէն չպահպանելով օրինականութիւնը եւ հրապարակայնացնելով իշխանութեան բոլոր թեւերը անխնայ շահագործողի իր բռնապետական վարքագիծը։
Այնպիսի տպաւորութիւն է, կարծես Սահմանադրական դատարանի խայտառակ որոշումից յետոյ եւ նոր խորհրդարանի գործունէութիւնից առաջ Փաշինեանն ինքն է ձեռնարկել իրեն վարկաբեկելու եւ ըմբոստացող զանգւածներին ոտքի հանելու նախնական քայլերը։ Այո, իրականում այլեւս նիկոլական պայքարի թիրախը ոչ այնքան ընդդիմութիւնն է, որքան իր կողմից ընդդիմադիր ճակատ մղւած ժողովուրդը։ Եւ եթէ անգամ ազգային ուժերը թոյլ տան իրենց ժամանակաւորապէս մի կողմ քաշւելու, Փաշինեանի ռեպրեսիւ ինքնապաշտպանութիւնը շարունակւելու է։ Անշուշտ, ստեղծւած ճգնաժամային ժամանակահատւածում իրական ազգանւէր ուժերն իրաւունք չունեն ձեռնծալ մնալու եւ չիրականացնելու ժողովրդի ճակատագրի համար պատասխանատւութիւնից բխող գործունէութիւն։ Յուսանք, որ այդ գործընթացը կազմակերպւած ընթացք կառնի նոր գումարման խորհրդարանի գործունէութեան հետ եւ ներդաշնակ ժողովրդական հասունացող ըմբոստացմանը։
Դրօշակ» թիւ 7 2026 թ.



