Սփիւռք

Վեց իսրայէլցի է ձերբակալւել Երուսաղէմում հայկական վանքի մուտքը պղծելուց յետոյ

Իսրայէլի վեց հրեայ բնակիչ է ձերբակալւել կիրակի վաղ առաւօտեան՝ Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի Սուրբ Յակոբի վանքի մուտքի վրայ ենթադրեալ յարձակումից յետոյ։ Միջադէպը տեղի է ունեցել Հին քաղաքի Հայկական թաղամասում եւ դարձել է Երուսաղէմի պատմական հայ համայնքի վրայ յարձակումների մասին հերթական ահազանգը, յայտնում է The Armenian Report-ը։

«Երուսաղէմի հայկական թաղամասի փրկութիւն» շարժման անդամ, լրագրող Գեղամ Բալեանի տւեալներով, տղամարդկանց մի խումբ հաւաքւել է վանքի մուտքի մօտ մօտաւորապէս ժամը 01:00-ին եւ բազմիցս թքել նրա տարածքի վրայ։

Բալեանը տեսանկարահանել է տեղի ունեցածը եւ հրապարակել միջադէպի կադրերը։ Տեսագրութիւնում երեւում է, թէ ինչպէս է մարդկանց խումբը գտնւում վանքի մուտքի մօտ։

Տեղական աղբիւրների հաղորդմամբ, միջադէպից յետոյ ոստիկանութիւնը ձերբակալել է վեց կասկածեալի։ Տեղի ունեցածի հանգամանքներն ու մասնակիցների հնարաւոր դրդապատճառները պարզւում են։

Երուսաղէմի Հայկական թաղամասը Հին քաղաքի չորս պատմական թաղամասերից մէկն է՝ Հրէական, Մահմեդական եւ Քրիստոնէական թաղամասերի կողքին։ Հայ համայնքն այստեղ բնակւում է դարեր շարունակ, իսկ Սուրբ Յակոբի վանքը համարւում է Հայաստանի սահմաններից դուրս հայ քրիստոնէութեան կարեւորագոյն հոգեւոր կենտրոններից մէկը։

Միջադէպը տեղի է ունեցել Հայկական թաղամասի շուրջ շարունակւող լարւածութեան ֆոնին, որտեղ վերջին տարիներին սրւել են համայնքին պատկանող տարածքների նկատմամբ իրաւունքների եւ պատմական ժառանգութեան պահպանման հետ կապւած վէճերը։

Related Articles

Back to top button