Շահան Գանդահարեան. «Սիրիայից հայերի զանգւածային արտահոս դեռեւս չկայ. ընդհանուր գործողութիւնների փոխկապակցւած շղթայի տեսութիւնն է աշխատում»
«ԱԼԻՔ» – Սիրիայից հայերի զանգւածային արտահոսք դեռեւս չկայ։ Այս մասին «Առաւօտ»-ի հետ զրոյցում ասել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանդահարեանը՝ անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձութիւններին։
«Պետք է սպասել, որպէսզի իրավիճակը յստականայ, կայունանայ, իրադարձութիւնները շատ արագ են տեղի ունենում»,- ասել է նա։
Շահան Գանդահարեանի խօսքով՝ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, մեծ թւով զոհեր չկան։ «Ընդհանուր համապատկերին օբիեկտիւ գնահատական տալու համար մի քիչ պէտք է սպասել։ Այս զարգացումը շատ յանկարծակի էր, հազիւ Լիբանանում հրադադար էր տեղի ունեցել, անմիջապէս այս դէպքերը ծաւալւեցին Սիրիայում։ Ես կարծում եմ՝ Միջին արեւելեան տարածաշրջանի ընդհանուր խճանկարի տրամաբանութեամբ պէտք է ընկալել իրադարձութիւնները»,- նշել է նա։
Յիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին հրադադար է հաստատւել Լիբանանեան «Հեզբօլլահ» շարժման եւ Իսրայէլի միջեւ։ Շահան Գանդահարեանի խօսքով՝ Լիբանանի դէպքում ՄԱԿ-ի 1701 բանաձեւի գործածութիւնն է։ Բայց ածանցեալ համաձայնութիւններ են ձեռք բերւել նաեւ որոշ կէտերի շուրջ, առ այն, որ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան վերահսկողական յանձնախմբի գործառոյթներ պէտք է իրականացնեն, լիբանանեան բանակը պէտք է տեղակայւի երկրի հարաւային հատւածում, ցամաքային սահմանազատում պէտք է տեղի ունենայ Լիբանանի եւ Իսրայէլի միջեւ։
Գանդահարեանի խօսքով՝ չի բացառւում, որ Սիրիայում տեղի ունեցող դէպքերը կապւած են նաեւ Լիբանանի զարգացումների հետ։
«Պատերազմի էպիկենտրոնը նախապէս Գազան էր, յետոյ դարձաւ Լիբանանը։ Հիմա, երբ Լիբանանում հրադադար եղաւ, սպասւում է, որ Գազայում էլ հրադադար կը լինի։ Եւ հազիւ Լիբանանում հրադադար էր յայտարարւած, սկսւեցին Սիրիայի դէպքերը։ Այսինքն՝ ընդհանուր գործողութիւնների փոխկապակցւած շղթայի տեսութիւնն է աշխատում։ Բայց աւելի ճիշտ քաղաքական գնահատական տալու համար պէտք է սպասել, թէ ինչի կը հանգի այս ամէնը»,- ասել է նա։
Զրոյցը՝ ՌՈԶԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ