ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը պարգեւատրւել է Պատւոյ լեգէոնի ասպետի մեդալով
«ԱԼԻՔ» – Դեկտեմբերի 2-ին Ֆրանսիայի նախկին վարչապետ Գաբրիէլ Ատալը Պատւոյ լեգէոնի շքանշան է յանձնել ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանին: Շքանշանը շնորհւել է Փափազեանի աւելի քան 40 տարւայ գործունէութեան, ինչպէս նաեւ մասնագիտական յաջողութիւնների համար:
Միջոցառմանը ներկայ են եղել շուրջ երեք հարիւր հիւրեր, այդ թւում՝ բազմաթիւ քաղաքական գործիչներ, գործարարներ, Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Հիւրերի շարքում են եղել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիւիէ Դըկոտինին, Մարսէլի քաղաքապետ Բենուա Պայանին, ինչպէս նաեւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը:
Պատւոյ լեգէոնի շքանշանը Ֆրանսիայի ազգային շքանշան է, որը սահմանւել է Նապոլէոն Բոնապարտի կողմից 1802 թւականի մայիսի 19-ին։ Շքանշանով պարգեւատրւում են Ֆրանսիայի համար տարբեր ոլորտներում մեծ աւանդ ունեցող անձինք։
Նշենք, որ Մուրադ Փափազեանը կարեւորագոյն դեր է խաղացել եւ խաղում հայ-ֆրանսիական յարաբերութիւններում եւ ընդհանուր առմամբ Ֆրանսիայում հայկական պետականութեան շահերի պաշտպանութեան հարցերում։