Հայաստան - ԱրցախՍփիւռք

Կեղծ անուններ՝ Երեւանի քաղաքապետի Փաշինեանի թեկնածուի նւիրատուների ցուցակում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը հինգ տարի շարունակ պարծեցել է ընտրութիւններում իր կուսակցութեան արդար վարքագծի համար՝ մեղադրելով նախկին ղեկավարներին կեղծ ընտրութիւններ անցկացնելու մէջ: Ինչպէս ասում է առակը՝ «Ապակէ տներում ապրող մարդիկ չպէտք է քարեր նետեն»:

Փաշինեանն օգտագործել է իր կառավարութեան զգալի ռեսուրսները՝ տեղական եւ խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ իր քաղաքական հակառակորդների նկատմամբ անարդար առաւելութիւն ձեռք բերելու համար: Այնուամենայնիւ, որոշ ընդդիմադիր թեկնածուներ ընտրւելուց յետոյ հեռացւում են Փաշինեանի կողմնակից դատաւորների կողմից ձերբակալւելուց, դատւելուց եւ բանտարկւելուց յետոյ:

2023 թւականի սեպտեմբերի 17-ին Երեւանի աւագանու ընտրութիւնները Փաշինեանի կուսակցութեան կողմից իրականացւած կեղծիքների վերջին օրինակն է։ Սեփական կուսակից Հայկ Մարութեանին, իշխող կուսակցութեանը քննադատելու համարձակութեան համար քաղաքապետի պաշտօնից հեռացնելուց յետոյ, Փաշինեանը որոշել էր նրան փոխարինել նախկին փոխվարչապետ Տիգրան Աւինեանով։

Փաշինեանի աջակիցները դրամահաւաքի սովորական հնարքի էին դիմել, ապահովելու համար, որ հասարակութեան կողմից քիչ աջակցութիւն վայելող Աւինեանը դառնայ Երեւանի քաղաքապետ: Հետաքննութեան արդիւնքում պարզւել է, որ իրենց նպատակին հասնելու համար նրանք կեղծ անուններով թաքուն անձանցից հաւաքել են աւելի քան մէկ միլիոն դոլար նախընտրական արշաւին։

Infocom.am-ի լրագրողները կապ են հաստատել նւիրատուների ցուցակում յայտնւած անուններով մարդկանց հետ եւ պարզել, որ նրանցից ոմանք կեղծ են։

Սկանդալը սկսւում է նրանից, որ Փաշինեանի աջակիցը վերցրել է ընկերուհու նոյնականացման քարտը՝ օգտագործելով նրա անունը՝ օրէնքով թոյլատրւած առաւելագոյն գումարը՝ 2.5 միլիոն դրամ (6200 դոլար), Փաշինեանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեանը նւիրաբերելու համար։ Այս կնոջ նոյնականացման քարտն օգտագործւել է իրական նւիրատուի անունը թաքցնելու համար։ Նրան տեղեակ չէին պահել, որ նա ընդգրկւած է որպէս Փաշինեանի կուսակցութեան խոշոր նւիրատու։ Խարդախ գործարքը տեղի է ունեցել 2023 թւականի յուլիսի 31-ին՝ մի քանի ժամ առաջ նոյն երեկոյեան տեղի ունեցած դրամահաւաքից, որի ժամանակ Փաշինեանի կուսակցութիւնը պնդում էր, որ 987 նւիրատուներ հաւաքել են աւելի քան մէկ միլիոն դոլար (506 միլիոն դրամ) աւագանու ընտրութիւնների համար։

Ի պատասխան լրատւամիջոցի հարցմանը՝ Փաշինեանի կուսակցութիւնը հրաժարւել է հրապարակել նւիրատուների անունները։ Միայն «Ինֆորմացիայի ազատութեան կենտրոն» կազմակերպութեան կողմից դատական հայց ներկայացնելուց յետոյ կուսակցութիւնը 2024 թւականի յունւարի 12-ին հրապարակեց կեղծ անուններով նւիրատուների ցուցակը։ Ցուցակում ընդգրկւած էր 996 անուն, որոնք արշաւին նւիրաբերել էին մօտ 1.3 մլն. դոլար (509 մլն. դրամ)։

Իբր թէ 2.5 միլիոն դրամ նւիրաբերող կինը տեսնելով իր անունը նւիրատուների ցուցակում, խիստ վրդովւել է։ Infocom.am-ը կապ է հաստատել նւիրատուների ցուցակի այլ անունների հետ: Նրանցից շատերը զարմացած էին, որ իրենց անուններն օգտագործւել են որպէս քաղաքական արշաւի նւիրատուների: Նւիրատուների 87 տոկոսը նշւած է եղել որպէս մէկ միլիոն դրամից աւելի նւիրատու, որոնցից 70 տոկոսը (140 ֆիզիկական անձ)՝ առաւելագոյնը 2,5 մլն. դրամ: Խոշոր նւիրատուների թւում էին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան աւագանու 88 թեկնածուները:

Infocom.am-ը բացայայտել է, որ ամենամեծ նւիրատուները եղել են խոշոր ընկերութիւնների սեփականատէրերը, նրանց ղեկավարներն ու աշխատակիցները։ Խոշոր նւիրատուներից ութն աշխատել են մէկ յայտնի ընկերութիւնում: Հաստատւել է, որ դրա աշխատակիցները իրենց անձնական միջոցներից չեն նւիրաբերել, այլ ձեռնարկատէրերը վճարել են նրանց անուններով։ Մի քանի այլ խոշոր գործարարներ նշւած էին որպէս առաւելագոյն գումար նւիրաբերողներ։ Ցուցակում յայտնւած նւիրատուների թւում են եղել նաեւ Երեւանի աւագանու աշխատակիցների անունները։

Infocom.am-ը, կապ հաստատելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան տրամադրած ցուցակի նւիրատուների հետ, եզրակացրել է, որ նւիրատուների ցուցակի որոշ անուններ «առնւազն կասկածելի են։ Հետաքննութիւնը ցոյց է տւել, որ կազմակերպւած մեխանիզմներով անյայտ ծագման դրամական միջոցներ են ուղղւել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան դրամահաւաքին, երբեմն էլ՝ գործընթացից հիմնականում անտեղեակ քաղաքացիների անուններով»։ Բացի այդ, քանի որ օրէնքը թոյլ չի տալիս նւիրատւութիւնների կանխիկ փոխանցում, Infocom.am-ն Աւինեանի նախընտրական շտաբի պատասխանատուներից հետաքրքրւել է, թէ ինչպէս են նւիրատւութիւնները կատարւել դրամահաւաքի ժամանակ։ Նրանք պատասխանել են, որ «Հայէկոնոբանկի» աշխատակիցները, որոնք ներկայ են եղել, գումարը փոխանցել են կուսակցութեան հաշւեհամարին։ «Հայէկոնոբանկի» բաժնետէրերի թւում է նաեւ իշխող կուսակցութեան պատգամաւոր, հանրայայտ օլիգարխ Խաչատուր Սուքիասեանը՝ յայտնի Գռզօ մականունով։

Infocom.am-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան փոխնախագահ Վահագն Ալեքսանեանին յայտնեց, որ նւիրատուները, որոնց հետ կապ են հաստատել, ասել են, որ նման նւիրատւութիւններ չեն արել։ Ալեքսանեանը ճշտելու համար հարցրեց այդ անձանց անունները։ Երբ նրան ասացին, որ Infocom.am-ը չի կարող յայտնել նրանց անունները, Ալեքսանեանը պատասխանեց, որ միգուցէ իրենք ճիշտ անձանց չեն բացայայտել։

Ըստ օրէնքի՝ կառավարութիւնը կարող է ստուգել քարոզարշաւի դրամահաւաքը ընտրութիւններից միայն ութ ամիս անց։ Օրէնքում ասւում է, որ մինչեւ ընտրութիւններին յաջորդող տարւայ մայիսի 31-ը կուսակցութիւններն իրենց ֆինանսական հաշւետւութիւնները պէտք է ներկայացնեն Հակակոռուպցիոն յանձնաժողովին:

Երբ Infocom.am-ը հարցրեց Կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան նախկին պատգամաւոր Վահագն Յովակիմեանին նւիրատուների ցուցակը հրապարակելուց հրաժարւելու մասին, Յովակիմեանը պատասխանեց. «Դուք քաղաքական ուժերին վերաբերւում էք որպէս պոտենցիալ յանցագործների»։

Սա Երեւանի աւագանու ընտրութիւնների ժամանակ Փաշինեանի կուսակցութեան կատարած կեղծիքի բացայայտ պատկերն է։ Այնուամենայնիւ, ընտրութիւնները իշխող կուսակցութեան ակնկալած յաջողութեամբ չանցան։ Աւինեանը քաղաքապետ ընտրւեց միայն այն բանից յետոյ, երբ ընդդիմադիր կուսակցութիւնները, որոնց աւագանու անդամներն աւելի շատ էին, քան իշխող կուսակցութեանը, չկարողացան միաւորել իրենց ձայները՝ քաղաքապետի սեփական թեկնածուին ընտրելու համար։

Սա է այսպէս կոչւած ժողովրդավարութեան տխուր պատկերը Հայաստանում: Ես խիստ կասակածում եմ, որ Հակակոռուպցիոն յանձնաժողովը որեւէ իրաւական գործողութիւն կը ձեռնարկի Փաշինեանի կուսակցութեան դէմ ընտրական օրէնքները խախտելու համար:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button