«ԱԼԻՔ» – «Մեր հայրենիքի փլատակների վրայ Փաշինեանը կառուցելու է թուրք-ադրբեջանական վասսալ մի վարչական միաւոր»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով նախօրէին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան համաժողովում Նիկոլ Փաշինեանի ելոյթին:
«Նիկոլը, թւաբանութիւնը, թուրք/ադրբեջանական նուրբ զգացմունքները ու բռնատիրութեան ոգին…
Դեռ 3 տարի առաջ, երբ Փաշինեանը սկսեց խօսել «հայրենասիրութեան սոցիալ-հոգեբանական ընկալման» մասին, ես ԱԺ-ում, կարծեմ կառավարութեան ծրագրի 2021 թւականի կատարողականի քննարկման ժամանակ, իրեն ուղիղ ասացի, որ իր յայտարարութեամբ ինքը նոր՝ 4-րդ հանրապետութիւն է ստեղծում՝ կործանելով Հայաստանի 3-րդ Հանրապետութիւնը՝ պետութիւն, որը ստեղծւել էր արցախեան շարժման արդիւնքում, որի գաղափարախօսութիւնն արտացոլւած է Անկախութեան Հռչակագրում։ Աւելին, պնդեցի, որ եթէ նման միտք ունէր, դա պէտք է լինէր ՔՊ նախընտրական ծրագրի հիմքը, մինչդեռ իրենք խոստացել են ոչ թէ նոր սոցիալ-հոգեբանական մոդել, այլ Շուշիի ու Հադրութի դէ-օկուպացիա ու Արցախի հակամարտութեան կարգաւորում՝ անջատում յանուն փրկութեան սկզբունքի հիման վրայ։ Պատասխան չունենալով, ինքը պատասխանեց թէ թւաբանութիւնն իրեն չի հետաքրքրում եւ շարունակեց խօսել նոր «մոդելի» մասին։
Այսօր նա վերադարձաւ թւաբանութեանը եւ յայտարարեց, որ բարով խերով կործանել է բազում նահատակների արեան գնով, ժողովրդական պոռթկման արդիւնքում եւ պայքարի հրաբուխից ժայթքած մեր միասնական Հայաստան-Արցախ հայրենիքը…. Մեր հայրենիքի փլատակների վրայ նա կառուցելու է ամորֆ մի կազմաւորում, թուրք-ադրբեջանական վասսալ մի վարչական միաւոր, որտեղ ամէն բառ ասելիս պէտք է զգոյշ լինեն, որ յանկարծ «հարեւանների» նուրբ զգացմունքները չվիրաւորւեն։ Եւ այդ նոր կազմաւորման գլխին կանգնելու է ճաճանչափայլ միահեծան առաջնորդը…
Յ. Գ. – Ով այսօր դիտել է ճաճանչափայլի ելոյթը եւ դահլիճի արձագանքը, վստահաբար նկատել է ֆիւրերի, դուչէի ու Կիմ Իր Սենի դինաստիայի ներկայացուցիչների ելոյթների «գեղարւեստական կողմերի» նմանութիւնը»,- գրել է նա: