Վիկտոր Բարանեց. «Հայաստանի համար մեծ կռիւ է տեղի ունենում Մոսկւայի եւ Վաշինգտոնի միջեւ»
«ԱԼԻՔ» – Ռուս ռազմական մեկնաբան Վիկտոր Բարանեցը Alpha News-ին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով օգնական Ջէյմս Օ’Բրայէնի վերջին յայտարարութիւնն այն մասին, որ Միացեալ Նահանգները պայմաններ է ստեղծում Հայաստանին Ռուսաստանից հեռացնելու համար, ինչպէս նաեւ Կենտրոնական Ասիայից Եւրոպա ցամաքային ճանապարհ կառուցելու անհրաժեշտութեան մասին՝ Հայաստանով եւ Ադրբեջանով՝ շրջանցելով Ռուսաստանն ու Չինաստանը։
«Այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ը Ամերիկայի Միացեալ Նահանգների եւՆԱՏՕ-ի վաղեմի երազանքն է։ Նրանք ուզում են ուլունքների պէս լարել Խորհրդային Միութեան այդ նախկին երկրները, եւ բնական է կառավարել դրանք։ Բայց մենք նրանց շատ լուրջ խանգարում ենք Չինաստանի հետ միասին, քանի որ մենք ունենք մեր ճանապարհի նախագիծը։
Դէ, ով ուզում է մասնակցել այս ճամփորդութեանը, թող մասնակցի։ Գլխաւորն այն է, որ իսկապէս շատ լուրջ կռիւ է ընթանում, պայքար Կենտրոնական Ասիայում ազդեցութեան համար եւ այլն»,- ասել է Բարանեցը։
Alpha News-ի զրուցակցի խօսքով՝ Միացեալ Նահանգները երկրի ղեկավարութեան միջոցով առաջ է տանում իր շահերը Հայաստանում, եւ հիմնական նպատակը Հայաստանին առանձնացնելն է Ռուսաստանի հետ փոխգործակցութիւնից։
«Փաշինեանը կտրուկ կուրս է բռնել ՀԱՊԿ-ից դուրս գալու ուղղութեամբ: Կամ այնտեղ որեւէ մէկին չի շնորհաւորել ծննդեան օրը, յետոյ չի գնացել յաջորդ հանդիպմանը, յետոյ ասել է, որ գումար չի վճարելու ՀԱՊԿ-ին, յետոյ ռուսաստանեան բազայի քթի տակ վարժանքներ է անցկացնում ամերիկացիների հետ։ Գիտէ՞ք, ես ձեզ հետ կը խօսեմ առանց դիւանագիտական լեզուների։ Հայաստանն ինքը պոկւում է Ռուսաստանից: Հայ ժողովուրդը չէ, որ պոկում է Հայաստանը Ռուսաստանից, դա նրա ղեկավարութիւնն է, որին մղում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։
Հայաստանը ռուսական ազդեցութիւնից պոկելը, իհարկէ, Ամերիկայի Միացեալ Նահանգների ղեկավարութեան ոսկէ երազանքն է։ Փաշինեանն արդէն փորձում է գերեզման փորել Հայաստանի եւ Ռուսաստանի սահմանին։ Բայց, ամենայն հաւանականութեամբ, ինքն էլ կընկնի դրա մէջ»,- ընդգծել է նա։
Բարանեցը վստահ է, որ չնայած Հայաստանում Արեւմուտքի կործանարար դերին, հայ ժողովուրդը դեռեւս իր վճռական խօսքն է ասելու։
«Հայաստանի շուրջ Մոսկւայի եւ Վաշինգտոնի միջեւ մեծ կռիւ է: Առայժմ Ամերիկայի Միացեալ Նահանգները, կարծես, լուրջ առաջընթաց է գրանցում: Հայաստանի հեռանալը մեզ մեծ անախորժութիւններ է սպառնում: Հասկանում էք, որ վաղ թէ ուշ ամերիկացիները պահանջելու են Փաշինեանից վտարել մեր ռազմաբազան: Մեր սահմանապահներն այլեւս չեն պահպանի Հայաստանի սահմանը:
Դէ, սիրելի ընկերներ, ես հիանալի տեսնում եմ, որ եթէ Երեւանի եւ Մոսկւայի յարաբերութիւններն այս սցենարով աւելի հեռուն գնան, ապա հայ ժողովրդին մեծ պատմական ողբերգութիւն է սպասւում։ Բայց դուք կը հարցնէք հայ ժողովրդին՝ նա ուզո՞ւմ է բարեկամ լինել Վաշինգտոնի, թէ՝ Մոսկւայի հետ։ Եւ յետոյ կը տեսնէք, որ ժողովուրդը կը տայ Փաշինեանի կարծիքից ապշեցուցիչ տարբերւող պատասխան»,- եզրափակել է փորձագէտը։