Միջազգային իրաւունքի փորձագէտ. «Սիոնիստական ռեժիմի գործողութեանը համաչափ պատասխանի իրաւունք է վերապահւած հիւրընկալ կողմին»
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Միջազգային իրաւունքի պրոֆեսոր դոկտ. Ահմադ Քազեմին Didar News-ի հետ զրոյցում Իսմայիլ Հանիէի դէմ ահաբեկչական գործողութեանը իրաւական գնահատական տալով, այն ներկայացրել է հետեւեալ 4 կարեւոր կէտերով.
Առաջին. Թեհրանում Իսմայիլ Հանիէի սպանութիւնը եւ հիւրընկալ երկրի ինքնիշխանութեան խախտումը ՄԱԿ-ի կանոնադրութեան, յատկապէս երկրների ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան յարգման մասին 2-րդ յօդւածի կոպտագոյն խախտում էր, ինչպէս նաեւ միջազգային պարտադիր կանոնների խախտում, որոնք ճանաչւած են որպէս երկրների համընդհանուր պարտաւորութիւններ։ Այս գործողութիւնը միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան խախտման վառ օրինակ էր, սակայն Անվտանգութեան խորհրդին չի յաջողւում կանխել Սիոնիստական ռեժիմի սպառնալիքը՝ ԱՄՆ-ի, Անգլիայի եւ Ֆրանսիայի աջակցութեան պատճառով։ Անվտանգութեան խորհրդի եւս նիստը նոյն գնահատականի ապացոյցն էր:
Երկրորդ. Նահատակ Իսմայիլ Հանիէն՝ որպէս Պաղեստինի նախկին վարչապետ եւ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ, նախագահի երդմնակալութեան արարողութեանը մասնակցել է դիւանագիտական անձնագրով՝ որպէս պաշտօնական հիւր՝ Թեհրանի պաշտօնական հրաւէրով։ Ուստի նրա սպանութիւնը ՄԱԿ-ի 1975 թւականի կոնւենցիայի կոպիտ խախտում է՝ միջազգային պաշտպանութեան ներքոյ գտնւող անձանց մասին ձեւակերպման համաձայն: Բնականաբար, միջազգային իրաւունքի անունից ահաբեկչութեան միակողմանի եւ իրաւական հիմք չունեցող սահմանումները չեն կարող խափանել այս կոնւենցիայի կատարման հարցում միջազգային պաշտպանութեան տակ գտնւող անձանց անվտանգութիւնը: Այս կոնւենցիան Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական գործողութեան հետապնդման իրաւական հիմքերից մէկն է։
Երրորդ. Պաղեստինեան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Հանիէի սպանութիւնը պաղեստինցիների դէմ իրականացւող ցեղասպանութեան Սիոնիստական ռեժիմի քաղաքականութեան շարունակութիւնն է, ինչի արդիւնքում վերջին 10 ամիսների ընթացքում զոհւել է աւելի քան 40 հազար խաղաղ բնակիչ։ Միջազգային քրէական իրաւունքի տեսակէտից բնակչութեան ղեկավարների սպանութիւնը համարւում է ցեղասպանութեան օրինակ։ Ներկայումս Սիոնիստական ռեժիմի ցեղասպանութեան գործը բաց է Արդարադատութեան միջազգային դատարանում: Գործը բաց է նաեւ Միջազգային քրէական դատարանում։ Հետեւաբար, միջազգային դատարաններում Սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնների հետաքննութեան արագացումն ու լրջացումը, ինչպէս նաեւ միջազգային քրէական դատարանի պահանջի կատարման հարցում, համընդհանուր իրաւասութեան սկզբունքի իրականացման համար, կրկնակի կարեւոր է դարձնում երկրների համագործակցութեան անհրաժեշտութիւնը՝ Սիոնիստական ռեժիմի առաջնորդներին, այդ թւում՝ Նեթանիահուին ձերբակալելու հարցում:
Չորրորդ. Թեհրանում Հանիէի սպանութեան հարցում Սիոնիստական ռեժիմի գործողութիւնը ցոյց տւեց, որ այս ռեժիմը ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի «պետական ահաբեկչութեան» քաղաքականութեան ազդեցութեան ներքոյ մատնւել է «պետական ահաբեկչութեան խելագարութեանը» եւ չունի իրաւական, մարդկային կամ բարոյական սկզբունք ու պարտաւորութիւններ։
Միջազգային իրաւունքի տեսանկիւնից նման իրավիճակներում օրինական պաշտպանւելու, ինչպէս նաեւ համապատասխան միջոցների կիրառման հիմնաւորումով գործողութիւնները համարւում են երկրների բնական իրաւունք։
Միջազգային իրաւունքով հիմնաւորւած պատասխան միջոցների նպատակն է ստիպել միջազգային իրաւունքը խախտողներին յարգել միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքները եւ դադարեցնել այն խախտելու գործողութիւնները: Իսկ միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքների կոպտագոյն խախտում էր Իսմայիլ Հանիէի սպանութեան գործողութիւնը, ինչը Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական էութեան օրինակներից է: Կատարւածը տուժած կողմի եւ հիւրընկալ երկրի կողմից փոխադարձ միջոցներ կիրառելու իրաւունքով է ամրագրւած:
Այդուհանդերձ, միջազգային իրաւունքի տեսանկիւնից ամէն տեսակ ահաբեկչութիւն, յատկապէս «պետական ահաբեկչութիւնը», դատապարտելի է։ Ահաբեկչութիւնը ռեժիմների, խմբերի ու բանդաների յատկանիշն ու գործիքն է, որոնք ներքին թուլութեան պատճառով դիմում են բռնութեան եւ ճգնաժամ են ստեղծում։ Թեհրանում Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական գործողութիւնը բարձրացնում է այդ ռեժիմի ներքին ու արտաքին ճգնաժամերի չափերը, որոնք առաջացել են «Ալ Աքսայի փոթորկի» գործողութեան արդիւնքում։