Դմիտրի Բրիջ. «Հարաւային Կովկասը Թուրքիայի համար կարեւոր է որպէս իր ռազմավարութեան մաս»
«ԱԼԻՔ» – Թուրքագէտ Դմիտրի Բրիջը Alpha News-ին մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի յայտարարութիւնը, թէ Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը Երեւանի եւ Բաքւի միջեւ յարաբերութիւնների կարգաւորումից յետոյ։
«Իհարկէ, Թուրքիայի համար կարեւոր է կարգաւորել յարաբերութիւնները Երեւանի եւ Բաքւի միջեւ, քանի որ դա կը պաշտպանի Թուրքիայի շահերը տարածաշրջանում: Առաջին հերթին դա վերաբերում է առեւտրի խնդրին, քանի որ առեւտրային ճանապարհը, որը կընթանայ այս տարածաշրջանում, ոչ ոք չի չեղարկել։ Այդ պատճառով տարածաշրջանը Թուրքիայի համար կարեւոր է իր ռազմավարութեան շրջանակներում։ Այնուամենայնիւ, Թուրքիայում կայ արտադրութիւն, ուստի կան որոշակի տնտեսական շահեր։
Թուրքիան շահ ունի Երեւանի եւ Բաքւի միջեւ յարաբերութիւնների կարգաւորումից, քանի որ կայ որոշակի ռազմավարութիւն, որը կարեւոր է Թուրքիայի համար։ Եւ, իհարկէ, Թուրքիան հիմա հէնց դա է անում։ Այնուամենայնիւ, նրանք այժմ որոշակի առաջնահերթութիւններ ունեն։ Եւ առեւտրային ճանապարհը, որը կը լինի, դա նոյնպէս առաջնահերթութիւններից մէկն է»,- ասել է Բրիջը։
Նրա խօսքով՝ Բաքուն եւ Անկարան շատ լաւ յարաբերութիւններ ունեն, սակայն յայտնի չէ, թէ դրանք ինչպէս կը զարգանան, քանի որ 2028 թւականին Թուրքիայում կարող են տեղի ունենալ քաղաքական փոփոխութիւններ։
«Միգուցէ ընդդիմութիւնը գայ, քանի որ Էրդողանն արդէն կորցնում է իր դիրքերը։
Այժմ նա փորձում է հանրահռչակել իրեն իսրայէլա-պաղեստինեան հակամարտութեան ֆոնին։ Եւ մենք տեսնում ենք, թէ ինչ խնդիրների է այժմ բախւում Թուրքիան իսրայէլա-պաղեստինեան հակամարտութեան, երկրում որոշակի քաղաքական փոփոխութիւնների եւ, նոյնիսկ միջազգային ասպարէզում, քանի որ Էրդողանն անընդհատ նոր յայտարարութիւններ է անում»,- եզրափակել է Բրիջը։