Քաղաքական

«Փաստ». Ահազանգ Շիկահողից. երբ բնութիւնն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն օրերին, երբ Երեւանը հիւրընկալել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանութեան մասին կոնւենցիայի կողմերի համաժողովը՝ COP17-ը, եւ միջազգային բարձրագոյն ամբիոններից հնչում ու հնչելու են բնապահպանական գեղեցիկ ճառեր, Հայաստանի հարաւային դարպասում՝ Շիկահողի պետական արգելոցում, իրականութիւնը բոլորովին այլ է։ Տարածաշրջանում Ադրբեջանի որդեգրած ագրեսիւ ու ռազմականացւած քաղաքականութեան, սահմանային տարածքների օկուպացիայի, անտառահատումների եւ էկոհամակարգերի միտումնաւոր ոչնչացման հետեւանքով վտանգւած է մեր երկրի ամենահարուստ ու խոցելի բնաշխարհից մէկը։

Շիկահողի արգելոցը, որտեղ ապրում են Կարմիր գրքում գրանցւած հազւագիւտ կենդանիներ ու աճում բացառիկ բուսատեսակներ, այսօր փաստացի վերածւել է ռազմականացւած վտանգաւոր գօտու, որտեղ լռելեայն սպանւում է վայրի բնութիւնը։ Սա սովորական բնապահպանական խնդիր չէ, այլ նպատակաուղղւած էկոցիդ, որի հետեւանքները կրելու են գալիք սերունդները։ Վայրի բնութիւնն այլեւս չի կարողանում լռել, երբ իր տունը աւերւում է քաղաքական ամբիցիաների եւ թշնամական ոտնձգութիւնների պատճառով։

Բնապահպանութիւնը չի կարող սահմանափակւել միայն փակ դահլիճներում հնչող յայտարարութիւններով ու «կանաչ» օրակարգերի ձեւական քննարկումներով։ Եթէ COP17-ի շրջանակներում միջազգային հանրութեան, բնապահպանական կազմակերպութիւնների եւ որոշում կայացնողների ուշադրութիւնը չհրաւիրւի Ադրբեջանի կողմից իրականացւող բնապահպանական յանցագործութիւնների վրայ, ապա ցանկացած գլոբալ համաժողով կորցնում է իր բուն իմաստն ու արժէքը։

Հայաստանի բնաշխարհի աղաղակող խնդիրները, Շիկահողի վիրաւոր էկոհամակարգն ու կենսաբազմազանութեան կորուստը պէտք է դառնան Երեւանում ընթացող գագաթնաժողովի առանցքային թեմաներից մէկը։ Մենք պարտաւոր ենք տեղ հասցնել այդ ահազանգը, քանզի եթէ այսօր լռենք ու թոյլ տանք մեր բնօրրանի ոչնչացումը, վաղն այլեւս ոչ մի «կանաչ» ֆորում ի վիճակի չի լինելու վերականգնել կորցրած հայրենիքն ու նրա վիրաւոր բնութիւնը։

Related Articles

Back to top button