Հայաստան - ԱրցախՔաղաքական

Իշխան Սաղաթէլեան. «Քանի դեռ բանակցային օրակարգը թելադրում է միայն Ադրբեջանը, դրանք դադարում են բանակցութիւն լինելուց»

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը գրում է.

««Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». Քպ-ական էժան շանտաժը

Ամէն անգամ, երբ խօսւում է հերթական միակողմանի զիջումը կանխելու մասին, գործող իշխանութիւնը գործի է դնում նոյն պարզունակ շանտաժը.

– «Տիգրանաշէնը չյանձնե՞նք, ինչ է՝ պատերա՞զմ էք ուզում»։

– «Ալիեւի պահանջով Սահմանադրութիւնը չփոխե՞նք, ինչ է՝ պատերա՞զմ էք ուզում»։

Ո՛չ։ Հայաստանում պատերազմ բերող մի ուժ կայ, եւ այդ ուժը ՔՊ-ն է։

Բայց Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու եւ պատերազմի արանքում կայ գլխաւոր օղակը, որն այս իշխանութիւնն իսպառ ջնջել է. պետական շահերի վրայ հիմնւած, գրագէտ ու արդիւնաւէտ բանակցելը եւ երկրի տարածքային ամբողջականութեան պաշտպանելը։

Ինչպէ՞ս կը գործեր պետականամէտ բանակցողը.

– Սահմանադրական պահանջների հարցում. Ադրբեջանի Սահմանադրութեան նախաբանում ուղիղ յղում կայ 1991 թ. Ադրբեջանի Անկախութեան ակտին, որն իր հերթին Ադրբեջանին հռչակում է 1918-1920 թթ. Մուսաւաթական հանրապետութեան իրաւայաջորդ՝ մի պետութեան, որի պաշտօնական քարտէզներով ու փաստաթղթերով Հայաստանի տարածքի կէսից աւելին ներկայացւում է որպէս «ադրբեջանական»։

Գրագէտ բանակցողը սեղանին կը դնէր հէնց սա. եթէ խաղաղութեան նախապայմանը սահմանադրական տեքստերն են, ապա Ադրբեջանը պէտք է առաջինը փոխի իր Սահմանադրութիւնը։ Այլապէս, երկու կողմերն էլ պէտք է փոխադարձաբար զերծ մնան միմեանց ներքին գործերին միջամտելուց։

– Տարածքային պահանջների հարցում, որպէսզի Բաքուն անընդհատ չներկայացնի նոր պահանջներ, հայկական կողմը պէտք է բանակցութիւնների առաջնահերթ եւ առանձին օրակարգ դարձնի 2020 թ. յետոյ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Հայաստանի Հանրապետութիւնից բռնազաւթւած տարածքների դէօկուպացիայի հարցը։

– «Արեւմտեան Ադրբեջան» կեղծ թէզի հարցում. Այս կեղծիքին պէտք է հակադրել Ադրբեջանի քաղաքներից ջարդերի հետեւանքով բռնի տեղահանւած հայերի իրաւունքների պաշտպանութեան հիմնաւոր հայեցակարգը, ոչ թէ լռեցնել ու հետապնդել արցախահայերի վերադարձի իրաւունքի մասին խօսողներին կամ սեփական ժողովրդին պատերազմով սպառնալ։

Բացի այդ կենսական անհրաժեշտութիւն է բանակցային սեղանին յստակ պահանջով առաջ քաշել բոլոր ռազմագերիների եւ ապօրինի պահւող անձանց անյապաղ ազատ արձակման հարցը։ Սա կարող է լինի սեփական բանակցային օրակարգ ունենալու դրսեւորումներից մէկը։

Քանի դեռ բանակցային օրակարգը թելադրում է միայն Ադրբեջանը, դրանք դադարում են բանակցութիւն լինելուց եւ վերածւում են միակողմանի զիջումների անվերջ շղթայի։

Հետեւաբար «պատերազմ, թէ ամէն ինչ յանձնել» երկընտրանքը կեղծ է, այլընտրանքային լուծումներ կան եւ դա հնարաւոր է հայկական իշխանութիւն ունենալու պարագայում»։

Related Articles

Back to top button