
ԱԳՆ խօսնակ Իսմայիլ Բաղային Լամարդ կատարած այցից յետոյ յայտարարել է, որ ԱՄՆ-ի հրթիռային յարձակման հետեւանքով քաղաքին հասցւած վէրքերը երբեք չեն ապաքինւի։
ԱԳՆ ներկայացուցիչը երկուշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, X-ում գրառում է հրապարակել, որտեղ նշւած է՝ Լամարդ կատարած այցի ընթացքում տեսել է 1404 թւականի պատերազմի առաջին օրերին ամերիկեան հրթիռային յարձակման հետեւանքները՝ ոչ միայն քաղաքի փողոցներում ու շէնքերի վրայ, այլեւ զոհւածների ընտանիքների մարմնի վրայ ու հոգիներում։
Նրա փոխանցմամբ՝ չորս հրթիռների պայթիւնների հետեւանքով զոհւել են Լամարդի 20 բնակիչ եւ նրանց աֆղան հիւրը։ Բաղային նշել է, որ հրթիռներն արտադրւել են ամերիկեան Lockheed Martin ընկերութեան կողմից եւ իւրաքանչիւրը պարունակել է 180 հազար բեկոր։
Նա նաեւ յայտնել է, որ հրթիռների բեկորներից վիրաւորւել է եւս 180 լամարդի բնակիչ: Վեց ամիս անց դեռեւս մի շարք երեխաներ ու նրանց ընտանիքները պայքարում են հաշմանդամութեան, ցաւի եւ ծանր հետեւանքների դէմ։
Իրանի ԱԳՆ խօսնակը շեշտել է, որ Լամարդի դէպքերը պէտք է փաստագրւեն՝ իբրեւ միջազգային ատեաններում արդարութիւն պահանջելու եւ յարձակման պատասխանատուներին պատասխանատւութեան ենթարկելու հիմք։
«Նման դաժան ոճրագործութեան հետեւանքով առաջացած վէրքերը երբեք չեն ապաքինւում։ Դրանք պէտք է յանձնել յիշողութեան, փաստագրմանը եւ արդարադատութեանը»,- գրել է Բաղային։



