Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մենք աննորմալ ռիսկային գօտում ենք, ու մեզ սպառնում են անհաւանական ծանր ռիսկեր

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Մեծ հաշւով, իրականացաւ մեր հասարակութեան տասնամեակների երազանքը։  «Ես քաղաքականութեամբ չեմ զբաղւում»-ը դարձաւ մէյնսթրիմ. Հայաստանում քաղաքականութիւն այլեւս չկայ։ Չկան քաղաքական պրոցեսներ։ Այս պահին քաղաքականութեամբ զբաղւում է մէկ հոգի։

Երկրում չկան քաղաքականութեան համար պայմաններ, չկայ քաղաքական օրակարգ, չեն գործում հանրային տրամադրութիւնների ցուցիչները, հնարաւոր չէ հասկանալ հանրային իրական տրամադրութիւնները, չկայ ինտելեկտուալ պրոդուկտի պահանջ։ Կան անհատներ, կայ անհատներից հնչող քաղաքական առողջ միտք։ Բայց սա համակարգւած քաղաքականութեան հետ ոչ մի կապ չունի։

Հետեւութիւն պէտք է անեն բոլորը՝ խորհրդարանական ուժերը, հանրային գործիչները, անազատութեան մէջ գտնւող ինտելեկտուալ մեծ պոտենցիալը, ազգային կապիտալը, մտածող մարդիկ, իրավիճակը քիչ թէ շատ ճիշտ հասկացող հանրային շերտերը։

Չքաղաքականացւած պետութիւնն ուղիղ ճանապարհ է դէպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք։

Մենք աննորմալ ռիսկային գօտում ենք, ու մեզ սպառնում են շատ լուրջ, անհաւանական ծանր ռիսկեր, եթէ մենք շարունակենք այս ոճով՝ անմիտ, պառակտւած, անկազմակերպ։

Սեփական օրակարգ՝ էապէս փոխւած բովանդակութեամբ

Մենք պարտաւոր ենք էապէս փոխել հարցադրումների, հանրային դիսկուրսի եւ, եթէ կուզէք, պայքարի ամբողջ բովանդակութիւնը։

Ինչի մասին պէտք է լինի այսօրւայ քաղաքականութիւնը.

  1. Բռնաճնշումների դէմն առնել. անհասկանալի է, թէ ինչպէս կարող է այս հարցը չդառնալ միաւորող օրակարգ։
  2. Երկրում ներքին դէէսկալացիա, համակեցութեան նոր կանոնների ձեւաւորում: Սա ենթադրում է սոցիալական եւ հանրային իրական խնդիրների շուրջ հանրութեան հետ իրական երկխօսութիւն։
  3. Հայաստանի այս ընթացքը հաւաքական հանրութեանը բացատրելը եւ ռացիոնալ ԱՅԼ լուծումներ առաջարկելը։ Կոպիտ ասած՝ այսօր մեզ հրամցւող «4-րդ հանրապետութեան» այլընտրանքը ոչ թէ 3-րդի կամ 5-րդի գովաբանումն է, այլ պէտք է խորութեամբ հասկանալ ու մարդկանց բացատրել, թէ իրականում ինչ սցենարներ են փորձում թաքցնել այդ թւախաղի տակ։ Հասկանալ, բացատրել եւ ԱՅԼ, իրատեսական բան առաջարկել հասարակութեանը։

Սա պէտք է տեղի ունենայ հանրային-քաղաքական միաւորների, հանրային շերտերի համագործակցութեան տիրոյթում, եւ ամենակարեւորը՝ ներհանրային երկխօսութեան պայմաններում։

Սա պահանջում է Հայաստանի շահը, եւ սա փոխադարձ կործանանար ներքին բարիկադաւորումը քանդելու ճանապարհն է։ Պէտք է վերանայւի «պայքարի» ձեւակերպումը, դրա բովանդակութիւնը։ Չի կարելի անվերջ նոյն կերպ պայքարել։

Քաղաքականութիւնը ինչ-որ դահլիճներում կամ հարթակներում խօսելը չէ, թէկուզ՝ խելօք, թէկուզ՝ սուր։ Քաղաքականութիւնը հանրային նախագծերի, հանրային պրոցեսների ձեւաւորումն ու դրանց սպասարկումն է։ Եթէ չկան այդ հանրային նախագծերն ու հանրային պրոցեսները, ապա ի՞նչը պէտք է սպասարկւի։

168.am

Related Articles

Back to top button