ՄիջազգայինՔաղաքական

Tabnak-ի յօդւածը՝ Բաքւի հետ «եղբայրական» յարաբերութիւնները՝ հիջաբի արգելքի եւ Իսրայէլի հետ գործակցութեան ստւերի ներքոյ

Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենիի՝ Բաքու կատարած այցի եւ Ադրբեջանի հետ «եղբայրական» յարաբերութիւնների մասին յայտարարութիւնների առիթով Tabnak-ը քննադատական անդրադարձ է հրապարակել՝ ընդգծելով, որ հարեւանների հետ երկխօսութիւնը չպէտք է սահմանափակւի դիւանագիտական հաճոյախօսութիւններով՝ շրջանցելով էական տարաձայնութիւնները։

Կայքը ուշադրութիւն է հրաւիրում Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումների եւ Իսրայէլի հետ այդ երկրի ռազմավարական, էներգետիկ եւ անվտանգային գործակցութեան վրայ։ Մեր կողմից յաւելենք, որ Բաքւի վարած քաղաքականութեան ծանրագոյն հետեւանքներից է նաեւ Արցախի հայ բնակչութեան բռնի տեղահանութիւնն ու էթնիկ զտումը, որի հետեւանքով աւելի քան 120 հազար հայ զրկւեց իր հայրենիք վերադառնալու հնարաւորութիւնից։

Մէկ այլ գրառման համաձայն ռուսալեզու «ՊԱՌԱԼԵԼ» տելեգրամեան ալիքը նշել է, որ նոյն ժամանակահատւածում Ադրբեջանի կրօնական առաջնորդ Ալլահշուքուր Փաշազադէն, փոխանակ անդրադառնալու հիջաբի սահմանափակումների դէմ բողոքներին, կրկին հայերին է մեղադրել մզկիթների աւերման մէջ՝ առանց իր պնդումները հաստատող փաստեր ներկայացնելու։ Այս հռետորաբանութիւնը հարց է առաջացնում՝ արդեօ՞ք հակահայկական մեղադրանքները չեն օգտագործւում ներքին դժգոհութիւններից ուշադրութիւնը շեղելու համար։

Հիջաբի սահմանափակումները հարցականի տակ են դնում Ադրբեջանի իշխանութիւնների վերաբերմունքը սեփական հասարակութեան կրօնական իրաւունքների նկատմամբ։ Շիա հաւատացեալների համար հիջաբը կրօնական ինքնութեան կարեւոր արտայայտութիւն է, ուստի դրա սահմանափակումը չի կարող դիտարկւել միայն դպրոցական կարգապահութեան հարց։

Tabnak-ի հիմնական հարցադրումն այն է, որ Իրանը, թէեւ չի կարող անտեսել Ադրբեջանի հետ յարաբերութիւնների կարեւորութիւնը, չպէտք է նաեւ լռի կրօնական իրաւունքների սահմանափակումների, Իսրայէլի հետ Բաքւի սերտ գործակցութեան եւ տարածաշրջանային անվտանգութեանն առնչւող խնդիրների մասին։ Հարեւանութեան քաղաքականութիւնը ենթադրում է երկխօսութիւն, բայց ոչ՝ տարաձայնութիւնների անտեսում։

Մինչ այդ, Թուրքիայի հանրային ու քաղաքական դաշտում ալիեւների ընտանիքի վարկանիշի անկման մասին շրջանառւող գնահատականների ֆոնին տարածում է գտել Ադրբեջանի նախագահի երգիծանկարը։ Դրա տարածումը համընկնում է Ալիեւի՝ հոկտեմբերի 2-ի ելոյթի շուրջ բանավէճերի հետ, երբ նա պնդել էր, թէ Բաքուն հայերին յաղթել է առանց արտաքին միջամտութեան, այդ թւում՝ Թուրքիայի աջակցութեան։

Related Articles

Back to top button