Իրանի դէմ «ԿԵՂՏՈՏ ՌՈՒՄԲԻ» վարկածով մեղադրանք թէ Իրաքեան պատերազմի կեղծիքների կրկնութիւն

CNN հեռուստաընկերութեան Իրանի կողմից Վաշինգտոնի դէմ «կեղտոտ ռումբ» կամ քիմիական զէնք կիրառելու ենթադրեալ ծրագրի մասին հրապարակումները քննադատութիւնների ալիք է բարձրացրել ամերիկացի լրագրողների եւ վերլուծաբանների շրջանում։ Նրանք զուգահեռներ են անցկացրել Իրաքի դէմ 2003 թւականի ներխուժումից առաջ զանգւածային ոչնչացման զէնքերի մասին տարածւած կեղծ պնդումների հետ։
ԻՌՆԱ-ն նշել է, որ CNN-ը, իբր վկայակոչելով ամերիկացի թւով եօթն անանուն պաշտօնեաների, պնդել է, որ Թեհրանը մշակում է Վաշինգտոնում ամերիկացի բարձրաստիճան պաշտօնեաներին թիրախաւորելու ծրագիր։
Ամերիկացի լրագրող Սեմ Բիդլը հրապարակումը համեմատել է ահաբեկչութեան դէմ պատերազմի տարիներին շրջանառւած մտացածին սպառնալիքների հետ։ «Ալ Ջազիրայի» լրագրող Լէյլա Ալարիանն ու քաղաքական վերլուծաբան Օմար Բադդարը նոյնպէս յիշեցրել են Իրաքի դէմ պատերազմի նախաշեմին տարածւած «զանգւածային ոչնչացման զէնքերի» մասին պնդումները։
ԱԳՆ խօսնակ Էսմայիլ Բաղային մերժել է մեղադրանքները դրանք համարելով նոր ռազմական գործողութիւնների համար լրատւական հիմք նախապատրաստելու փորձ։ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչութիւննը նոյնպէս վճռականօրէն հերքել է քիմիական զէնքի կիրառման վերաբերեալ պնդումները։
Միաժամանակ ԱՄՆ դեմոկրատ սենատորները նախաձեռնութիւն են ներկայացրել Իրանի դէմ պատերազմի ֆինանսաւորումը դադարեցնելու համար, եթէ ռազմական գործողութիւնները չստանան Կոնգրեսի սահմանադրական լիազօրումը։ Սենատոր Էլիզաբէթ Ուորենի համաձայն ամերիկացիները պահանջում են վերջ տալ պատերազմին եւ դրա հետեւանք հանդիսացող կենցաղային թանկացումների առաջն առնել:



