Բաքուն հիջաբի դէմ բողոքները կապում է Իրանի հետ. Կայ 37 ձերբակալւած

Ադրբեջանի իշխանամէտ APA գործակալութիւնը դպրոցներում հիջաբի սահմանափակումների դէմ բողոքները կապել է Իրանի ենթադրեալ գաղափարական ազդեցութեան հետ դրանք ներկայացնելով որպէս արտաքին միջամտութեան հնարաւոր դրսեւորում։
Բողոքներն սկսւել են հիջաբ կրող աղջիկներին դասերին մասնակցելու արգելքի մասին հաղորդումներից յետոյ։ Հոկտեմբերի 12-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարութիւնը յայտնել է 37 անձի ձերբակալութեան մասին հասարակական կարգը խախտելու եւ ուսումնական հաստատութիւնների աշխատանքը խափանելու մեղադրանքով։
Միաժամանակ, սոցիալական ցանցերի օգտատէրերը հաղորդել են Ինստագրամի եւ Տիկտոկի աշխատանքի խափանումների մասին։ Դրանց պատճառը պաշտօնապէս չի պարզաբանւել։
Բողոքներն Իրանի հետ կապելու՝ Բաքւի փորձը ներքին դժգոհութիւնը տեղափոխում է արտաքին միջամտութեան դաշտ միաժամանակ ստւերելով հիմնական հարցը՝ դասերին մասնակցելու հիջաբ կրող աշակերտուհիների իրաւունքը։



