Թուրքիայի ֆինանսների նախարար. Թուրքիան Իրանի գազի գումարները կը պահի ԱՄՆ-ի հետ համաձայնեցւած հաշւում

Թուրքիայի գանձապետարանի եւ ֆինանսների նախարար Մեհմէդ Շիմշեքը յայտարարել է, որ Թուրքիան Իրանից ներմուծւող բնական գազի դիմաց վճարումները ուղղակիօրէն Իրանին չի փոխանցում, այլ գործում է ԱՄՆ-ի հետ համաձայնեցւած մեխանիզմի շրջանակում,- գրում է «Անադոլու»-ն:
Անկարայում արտասահմանեան լրատւամիջոցների համար կազմակերպւած մամլոյ ասուլիսում նախարար Շիմշեքը նշել է, որ Իրանի գազի դիմաց վճարւող գումարները պահւում են խիստ վերահսկւող եւ կարգաւորւող հաշւում։
Նրա խօսքով՝ Իրանն այդ միջոցները կարող է օգտագործել միայն պատժամիջոցների շրջանակում թոյլատրւած ապրանքների, այդ թւում՝ սննդամթերքի, դեղորայքի եւ այլ անհրաժեշտ ապրանքների գնման համար։
Նա յաւելել է, որ երբ Իրանը ձեռք է բերում պատժամիջոցներով թոյլատրւած ապրանքներ, դրանց դիմաց վճարումները կատարւում են նոյն հաշւում առկայ գումարներից։
Թուրքիայի ֆինանսների նախարարը նաեւ նշել է, որ Իրանը Թուրքիայի բնական գազի ներմուծման մէջ համեմատաբար սահմանափակ մասնաբաժին ունի։ Նրա խօսքով՝ Անկարան վերջին տարիներին խոշոր ներդրումներ է կատարել էներգակիրների աղբիւրների եւ պահեստաւորման կարողութիւնների ընդլայնման ուղղութեամբ։



