Իրանի Պաշտպանութեան նախարարութիւնը զգուշացրել է, որ չի հանդուրժի տարածաշրջանում միջազգային սահմանների որեւէ փոփոխութիւն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լուրջ լարւածութեան ֆոնին։
Ինչպէս գրել է IFP-ն, չնայած Պաշտպանութեան նախարարութեան ներկայացուցչի խօսքերում չեն յիշատակւել երկու հարեւան երկրները, ներկայում Ադրբեջանի կողմից ենթադրւող սպառնալիքները՝ ներխուժելու հարաւային Հայաստան, որը սահմանակից է Իրանին, միակ կրիտիկական խնդիրն են տարածաշրջանում։
«Մենք յայտարարել ենք, որ թոյլ չենք տայ սահմանների որեւէ փոփոխութիւն տարածաշրջանում։ Մեր որոշ սահմանակէտերում ցանկացել են փոփոխութիւններ մտցնել, բայց չեն համարձակւել եւ չեն համարձակւի»,- ԻԻՀ ՊՆ մամուլի քարտուղար, գեներալ Ռեզա Թալայի Նիքին մէջբերել է «Fars» լրատւական կայքը։ Նա աւելացրել է, որ երբ Իրանն ասում է, որ սահմանները չպէտք է փոխւեն, դա նշանակում է, որ նա յենւում է որոշակի հիմքի վրայ, օրինակ՝ իր ռազմական հզօրութեան։
2020 թ. պատերազմում պարտութիւնից յետոյ Հայաստանը խոցելի է դարձել հարաւում աւելի հզօր հարեւանի հնարաւոր ներխուժման առջեւ։ Նման սցենարի դէպքում Իրանը կը կորցնի անվտանգ ցամաքային միջանցքը՝ հիւսիսում, Վրաստանով Ռուսաստան, Թեհրանը քանիցս նախազգուշացրել է, որ չի հանդուրժի նման քայլ Ադրբեջանի կողմից, եւ սահման է ուղարկել լրացուցիչ ուժեր, որպէսզի ապացուցի իր տեսակէտը։
Աւելի վաղ, կիրակի, Իրանի բանակի ցամաքային զօրքերի հրամանատար, գեներալ Քիւմարս Հէյդարին տեղի ԶԼՄ-ներին տեղեկացրել էր, որ իրենք տասը բրիգադ են տեղակայել կրիտիկական սահմանային շրջաններում, ներառեալ Հայաստանի եւ Ադրբեջանի մօտ գտնւող շրջաններում։
Նա ուժերի թւաքանակի մասին չի նշել, բայց բրիգադը սովորաբար կազմւած է 3 000-4 000 մարդուց։ Նա տեղեկացրել է, որ այդ բրիգադները տեղակայւել են հիւսիս-արեւմուտքում, արեւմուտքում, հարաւ-արեւմուտքում եւ հիւսիս-արեւելքում՝ «թշնամիներին» դիմակայելու համար։
«News.am»