Օրբան. «Պատերազմի աւարտից յետոյ Ուկրաինան պէտք է շարունակի բուֆերային պետութիւն մնալ ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ»

«ԱԼԻՔ» – Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կարծիքով՝ պատերազմի աւարտից յետոյ Ուկրաինան պէտք է շարունակի գոյութիւն ունենալ որպէս «բուֆերային պետութիւն» Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ։ Հաղորդում է Tert.am-ը:
«Միակ հնարաւոր երկարաժամկէտ լուծումն այն է, որ պատերազմից յետոյ ստեղծւած կարգը հիմնւած լինի այն հիմնարար սկզբունքի վրայ, որ Ուկրաինան կրկին կը դառնայ այն բուֆերային պետութիւնը, որը նախկինում է եղել»,- ասել է նա գերմանական Welt am Sonntag (WamS) թերթին տւած հարցազրոյցում։
Միաժամանակ, Օրբանը անխուսափելի է համարում ՌԴ-ի կողմից յարձակման ենթարկւած Ուկրաինայի տարածքային զիջումները։
«Ռուսաստանը կը պահպանի այն տարածքը, որը կը համաձայնեցւի միջազգային խաղաղութեան կոնֆերանսի ժամանակ, իսկ այս գծից արեւմուտք գտնւող ամէն ինչ՝ մինչեւ ՆԱՏՕ-ի արեւելեան սահմանը, կը ձեւաւորի ուկրաինական պետութեան տարածքը, որը կրկին կը գոյատեւի որպէս բուֆերային պետութիւն»,- ասել է վարչապետը։
Ըստ նրա կարծիքի, ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը նոյնպէս պէտք է պայմանաւորւեն «բուֆերային գօտում գործելու թոյլտւութիւն ունեցող սահմանափակ ուկրաինական զինւած ուժերի թւաքանակի եւ սարքաւորումների մասին» եւ երկու կողմերը պէտք է «երաշխիքներ տան, որ ոչ ոք այդ բուֆերային պետութիւնը չի ենթարկի իր իշխանութեանը»։ Օրբանը նշել է, որ այս ամէնը քննարկման առարկայ է։
«Միջազգային իրաւունքը գիտի այն գործիքները, որոնց միջոցով կարելի է ստեղծել երաշխիքների նման համակարգ»,- նշել է նա։
Հարցազրոյցում Հունգարիայի կառավարութեան ղեկավարը կոչ արեց «հրաժարւել պատրանքներից եւ առերեսւել իրականութեան հետ», ինչպէս արտացոլւած է ԱՄՆ 28 կէտանոց խաղաղութեան ծրագրում։
«Նախեւառաջ, ժամանակը Ռուսաստանի կողմն է, այլ ոչ թէ Ուկրաինայի, սա նշանակում է, որ որքան երկար է խաղաղութիւնը հետաձգւում, այնքան շատ մարդիկ եւ տարածքներ կը կորցնի Ուկրաինան»,- ասել է Օրբանը։
Երկրորդ, ըստ նրա, Ռուսաստանը կը վերաինտեգրւի համաշխարհային տնտեսութեանը՝ համաձայն ամերիկեան պահանջների։
«Պատժամիջոցները աստիճանաբար կը հանւեն, սառեցւած ակտիւները կօգտագործւեն ԱՄՆ-Ռուսաստան ներդրումային ֆոնդեր ստեղծելու համար եւ բիզնեսը կը վերսկսւի»,- նշել է նա։
Որպէս երրորդ կէտ, վարչապետը յաւելել է. «Այն հեքիաթը, թէ եւրոպացիները Ռուսաստանից ստացւող գումարներով են ֆինանսաւորելու պատերազմը, աւարտւեց։ Մենք պէտք է խոստովանենք մեր քաղաքացիներին, որ այն իւրաքանչիւր եւրօն, որ մենք ծախսել ենք մինչ այժմ եւ իւրաքանչիւր եւրօն, որը մենք կը ծախսենք ապագայում Ուկրաինային աջակցելու համար, ամբողջութեամբ, 100 տոկոսով, վճարւելու է եւրոպացիների կողմից»,- փոխանցում է Deutsche Welle»-ն։
Օրբանը նոյեմբերի 28-ին Կրեմլում բանակցութիւններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սա Հունգարիայի վարչապետի երկրորդ այցն է Մոսկւա՝ 2024 թւականից ի վեր։ Բուդապեշտը պաշտօնապէս քննարկել է գալիք տարւայ համար ռուսական էժան էներգակիրների մատակարարման հարցը։ Աւելին, Օրբանը կրկին հրաւիրել է Պուտինին մասնակցելու Բուդապեշտում կայանալիք Ուկրաինայի հարցով խաղաղութեան բանակցութիւններին։



