Գեղամ Մանուկեան. «Նախարար Ժաննա Անդրէասեանը յայտնեց, որ Նիկոլ Փաշինեանը հերթական անգամ ստել է»
Օրերս գրութիւն ստացայ ԿԳՄՍ նախարարութիւնից, որում գրաւոր նախարար Ժաննա Անդրէասեանը յայտնեց, որ Նիկոլ Փաշինեանը հերթական անգամ ստել է հայրենակիցների եւ անգամ իր կուսակիցների առաջ: Այս մասին իր «Ֆէյսբուք»-եան էջում հրապարակւած տեսանիւթում յայտնել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:
«Շաբաթներ պահանջւեց ինձանից, որպէսզի պարզեմ, թէ ճիշտ է արդեօք Նիկոլ Փաշինեանը այս տարւայ յունւարի 14-ին յայտարարել, թէ մի խումբ մանկավարժներ, գիտնականներ դիմել են Կրթութեան նախարարութիւն՝ առաջարկելով Հայոց պատմութիւն առարկան վերանւանել Հայաստանի պատմութիւն: Նախ նախարարութիւնը իր մի պատասխանով հրաժարւեց ինձ տեղեկացնել, թէ արդեօք գրաւոր նման առաջարկ եղել է եւ տրամադրել պատճէնը, պատճառաբանելով, որ նամակագրութիւնը գաղտնի է, կարող են չհրապարակել: Ազգային ժողովում պնդեցի, որ օրէնքով պարտաւոր են, ես չէի պահանջել որեւէ սիրային նամակ, որ Կրթութեան նախարարութիւնը մերժել է»,- ասել է նա:
Պատգամաւորի խօսքով՝ երկրորդ գրաւոր հարցման ընթացքում ստացել է պատասխան, որով յայտնել են, որ գրաւոր դիմում Կրթութեան նախարարութիւն չի մուտքագրւել:
«Հերթական անգամ պարզւեց, որ Նիկոլ Փաշինեանը հանրութեան առաջ հանդէս է եկել յայտարարութեամբ, որ իրականութեանը չի համապատասխանում: Պարզապէս մի մարդու մտքով անցել է, որ Հայոց պատմութիւնը պէտք է վերանւանել Հայաստանի պատմութեան»,- ասել է նա:
Յիշեցնենք, որ իր ելոյթներից մէկում Փաշինեանը յայտարարել էր, որ մի խումբ մանկավարժներ, գիտնականներ դիմել են ԿԳՄՍ նախարարութեանը՝ խնդրելով Հայոց պատմութիւն առարկան վերանւանել Հայաստանի պատմութիւն: